Փաշինեանը կը զանգահարի՞ Թրամփին
Ինչպէ՞ս է Թրամփը լուծելու խնդիրը

«ԱԼԻՔ» – Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Սիւնիքով նախատեսւող երթուղու համար օգտագործեց ոչ թէ «Թրամփի ուղի», այլ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը։
Փաստօրէն վաշինգտոնեան եռակողմ պայմանաւորւածութիւններից շատ կարճ ժամանակ անց Իլհամ Ալիեւը վերադառնում է իր նախկին հռետորաբանութեանն ու կիրառած տերմինաբանութեանը, ինչը Փաշինեանի իշխանութիւնը գոնէ յայտարարութիւնների մակարդակով անընդունելի էր համարում։ Ստացւում է, որ ադրբեջանական կողմը խախտել է Թրամփի միջնորդութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկում էր, որ խնդիրների դէպքում կողմերը կարող են զանգահարել անձամբ իրեն, դրանով իսկ շեշտելով այս պայմանաւորւածութիւններում անձամբ իր՝ երաշխաւորի դերակատարութիւնը։
«Եթէ զանգէք ինձ, ես կը շտկեմ ամէն ինչ»,- ասել էր Թրամփը։
Ուստի հարց է ծագում, եթէ հայկական կողմը դիմի ԱՄՆ-ին, ապա ի՞նչ կարելի է ակնկալել։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ հայկական կողմը կարող է դիմել միջնորդին՝ յատկապէս, երբ միջնորդն իրեն դիրքաւորել է՝ որպէս մեծ գործարքի հեղինակ, իսկ թէ ի՞նչ կարող է ակնկալել դրանից ՀՀ իշխանութիւնը, բարդ է ասել, քանի որ գործ ունենք ոչ ամբողջական պայմանաւորւածութիւնների հետ։
Ըստ նրա՝ ակնյայտ է, որ այն, ինչ Ադրբեջանը ստացել է Վաշինգտոնում, գոնէ այս փուլում իրեն գոհացնում է, թւում է, որ ՀՀ իշխանութիւնները եւս գոհ են, քանի որ երթուղին անւանւեց «Թրամփի ուղի», իսկ վերահսկողական հարցերը կը կազմակերպւեն ամերիկացիների աջակցութեամբ, ինչպէս նաեւ հռչակագրում նշւում է ՀՀ ինքնիշխանութեան պահպանման մասին։ Ուստի, Խրամչիխինի խօսքով՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառումը կասկածի տակ է դնում Վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների այլ ասպեկտներ եւս։
«Կարծում եմ նաեւ՝ երթուղու շուրջ գլխաւոր պայմանաւորւածութիւնը ձեռք է բերւել, եւ այստեղ դրա անւանումից շատ բան չի փոխւում, քանի որ կարեւորը կոնկրետ պայմանաւորւածութիւններն են, այն, թէ ինչպէս է կազմակերպւելու անցումն այդ ճանապարհով։ Սակայն այդ մանրամասները, ամենակարեւոր հարցերը դեռեւս պէտք է յստակեցւեն երեք կողմերի մասնագէտների աշխատանքի արդիւնքում։ Ադրբեջանի կողմից այդ տերմինին վերադարձը միմիայն նշանակում է այն, որ Ադրբեջանն այդ երթուղին եւ պայմանաւորւածութիւնները տեսնում է իր այդ գաղափարի կոնտեքստում, այսինքն՝ ըստ ադրբեջանական կողմի, վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնները համապատասխանում են այդ, այսպէս կոչւած, միջանցքի ոգուն։ Կամ՝ մէկ այլ սցենար, որի դէպքում պէտք է ասել, որ ադրբեջանական կողմը փորձում է կրկին սրել իրավիճակը Երեւանի հետ յարաբերութիւններում։ Սակայն յակւած եմ առաջին տարբերակին։ Իսկ հայկական կողմի համար կարեւոր են որակումները»,- ասել է Խրամչիխինը։
Նա ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ ՀՀ-ն այս հարցում բաւականին հեշտացումների է գնում, դիտարկում է ամերիկեան վերահսկողական մասնակցութիւն ներգրաւումը, սակայն մերժում է այդ տերմինի կիրառութիւնը, որը կարող է ենթադրել ինքնիշխանութեան որոշակի զիջում։
«Ըստ իս, հայկական կողմի ձեռքբերումը Վաշինգտոնում այն էր, որ երթուղին կը կոչւի Թրամփի ուղի եւ ոչ՝ միջանցք կամ մէկ այլ նմանատիպ անւանում, ուստի եթէ զանգահարեն Թրամփին, Թրամփը պէտք է անւանումների հա՞րցը լուծի, կամ յորդորի չօգտագործե՞լ այս կամ այն տերմինը, յետոյ էլի կօգտագործւի, ամէն անգամ այս հարցով հնարաւո՞ր է զանգահարել Սպիտակ տուն։ Սա պարզապէս ցոյց է տալիս, որ այս պայմանաւորւածութիւններն իրականում այնքան էլ ամուր չեն, եւ նման զանգերի առիթներ դեռ շատ կարող են լինել։ Բայց այդ տերմինի կիրառումը, կրկնեմ, շղթայական ձեւով խախտում է այն տրամաբանութիւնը, որը դրւած էր փորձ էր արւում ներկայացնել։
Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը եւս հասկանում է, որ Թրամփը կարող է միջամտել, սակայն դա բաւականին առանձնայատուկ խնդիր է. ադրբեջանական կողմը կարող է երկու ամիս չօգտագործել, ապա օգտագործել այդ տերմինը, եւ հնարաւոր չէ անընդհատ այդ հարցով դիմել միջնորդին։
Շատ աւելի կարեւոր է, թէ կոնկրետ ինչ որոշումներ կը կայացւեն եւ երթուղով անցումն ինչպէս կը կազմակերպւի, հայկական կողմն ինչպիսի գործառոյթներ կունենայ, ինչպէս կը բաւարարւեն ադրբեջանական կողմի պահանջները՝ ապահովելով ամերիկեան վերահսկողութիւնն ու ՀՀ ինքնիշխանութիւնը եւ իրաւազօրութիւնը»,- ասել է Խրամչիխինը։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ