Հայաստան - ԱրցախՄշակութային

Մեր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են. Ինչ տեսան եւ ինչ գրեցին Շուշիի մասին Մանդելշտամ ամուսինները

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

Ռուս մեծ բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագէտ Օսիպ Մանդելշտամը 1920-ական թւականներին պէտք է գար Հայաստան: Նրա ուղեւորութիւնը կազմակերպել էր խորհրդային պետական գործիչ Նիկոլայ Բուխարինը: Մանդելշտամին Հայաստան էր հրաւիրել այդ ժամանակւայ լուսաւորութեան ժողկոմ Ասքանազ Մռաւեանը:

Նախատեսւած էր, որ նա դասախօսութիւններ պէտք է կարդայ Երեւանի պետական համալսարանում: Սակայն այդ այցը չեղարկւեց, քանի որ 1929 թւականին մահացաւ Ասքանազ Մռաւեանը:

Վերջապէս 1930 թւականին Օսիպ Մանդելշտամն ու իր կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, ժամանում են Հայաստան: Նրանք Հայաստանում մնում են 1930 թւականի գարնանից մինչեւ աշուն, շրջագայում են տարբեր տեղերում, հանգստանում, ուսումնասիրութիւններ են անում, ունենում են հանդիպումներ այդ շրջանի հայ մեծանուն արւեստագէտների հետ:

Հայաստանից Թիֆլիս վերադառնալիս Օսիպ Մանդելշտամը լինում է նաեւ Արցախի Շուշի քաղաքում:

1930 թւականին լրացել էր թուրք-թաթարական հրոսակների կողմից հայկական Շուշի քաղաքի աւերման եւ ցեղասպանութեան 10-ամեակը: Շուշիի հայերի կոտորածները տեղի ունեցան 1920 թւականի մարտի 22-26-ը:

Այդ օրերին թուրքական բանակի, նրա կողմից աջակցութիւն ստացող թաթարական բնակչութեան եւ քրդական որոշ խմբերի կողմից կազմակերպւեցին Շուշիի հայ ազգաբնակչութեան զանգւածային կոտորածներ, բռնի տեղահանութիւն, գոյքի եւ անձնական ունեցւածքի ոչնչացում ու թալան։ Զանգւածային բռնութիւնների հետեւանքով հայաբնակ Շուշին՝ Արցախի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կենտրոնը, ենթարկւեց հայաթափման եւ գրեթէ ամբողջական աւերման։ Զոհերի թիւը գերազանցեց 20 հազարը:

Թէեւ 1930 թւականին՝ Մանդելշտամի այցի ժամանակ, այդ ողբերգական իրադարձութիւններից անցել էր 10 տարի, այնուամենայնիւ քաղաքում յստակ երեւում էին թուրքական վայրագութեան հետեւանքները: Այդ ամէնն այնքան ազդեցիկ է եղել, որ ռուս բանաստեղծի կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, Շուշիում իրենց տեսածը մանրամասն նկարագրել է իր յուշերում.

«Լուսաբացին մենք աւտոբուսով Գիանջայից մեկնեցինք Շուշի: Քաղաքն սկսւում էր անվերջանալի գերեզմանոցով, ապա՝ փոքրիկ շուկայի հրապարակն էր, ուր իջնում են յոշոտւած քաղաքի փողոցները: Մեզ արդէն վիճակւած էր տեսնել բնակիչների կողմից լքւած գիւղեր, որ մի քանի կիսաքանդ տներից էին բաղկացած, բայց երբեմնի, ինչպէս երեւում էր, հարուստ եւ բարեկարգ այս քաղաքում աղէտի ու մորթի պատկերները սոսկալիօրէն դեռ աչքի առաջ էին: Մենք անցանք փողոցներով, եւ ամենուրեք նոյնը՝ անտանիք, անլուսամուտ, անդուռ տների երկշարը: Լուսամուտների բացւածքներից երեւում էին դատարկ սենեակները, երբեմն՝ պաստառների ծւէններ, կիսաքանդ վառարաններ, երբեմն՝ ջարդուփշուր կահոյքի մնացորդներ: Տները նշանաւոր վարդագոյն տուֆից էին, երկյարկանի: Բոլոր միջնորմները քանդւած էին, եւ այդ կմախքների արանքից ամենուր թափանցում էր կապոյտ երկինքը»: (Մանդելշտամ Օ., «Բանաստեղծութիւններ, արձակ», Երեւան, 2012, էջ 359):

Շուշիում Մանդելշտամների տեսածն ու նկարագրածն այսքանով չի սահմանափակւում: Նրանք մանրամասն նկարագրում են նաեւ հայկական քաղաքում գտնւող թուրք-թաթարական մնացորդների վայրենի պահւածքը.

«Ասում են, թէ կոտորածից յետոյ բոլոր ջրհորները լեփլեցուն են եղել դիակներով: Եթէ որեւէ մէկը ողջ է մնացել, ապա փախել է մահւան այդ քաղաքից: Բոլոր լեռնակիպ ճանապարհներին մենք ոչ մի մարդու չհանդիպեցինք: Միայն ներքեւում, շուկայի հրապարակում, զեռում էր մի խումբ ժողովուրդ, բայց նրանց մէջ՝ ոչ մի հայ, միայն թաթարներ: Օ. Մ.-ի տպաւորութիւնն այն էր, թէ շուկայի թաթարները՝ այն մարդասպանների մնացուկներն են, ովքեր մի տասը տարի առաջ աւերել են քաղաքը, միայն թէ դա նրանց օգուտ չտւեց. արեւելեան թշւառութիւն, հրեշաւոր ցնցոտիներ, դէմքերին՝ թարախածոր պալարներ: Եգիպտացորենի ալիւրի, կողրի, բլիթների առեւտուր:

Մենք չհամարձակւեցինք բլիթներ գնել այդ ձեռքերից, թէեւ ուտել էինք ուզումԵւ ջուր էլ չես խմի այս ջրհորներից: Քաղաքում ոչ միայն հիւրանոց չկար, այլ նոյնիսկ եկւորների համար «օբշչօ» կոչւող սենեակներ, ուր կանայք ու տղամարդիկ միասին էին քնում: Գիանջայի աւտոբուսը մեկնում էր առաւօտեան: Մեզ առաջարկեցին գիշերել իրենց մօտ, բայց ես վախենում էի արեւելեան թարախապալարներից, իսկ Մանդելշտամը չէր կարողանում վանել այն միտքը, թէ մեր դիմաց ջարդարարներ ու մարդասպաններ են:

Մենք որոշեցինք մեկնել Ստեփանակերտ՝ մարզային քաղաք: Այնտեղ հասնել կարելի էր միայն կառքով: Ահա եւ մեզ հանդիպեց անքիթ մի կառապան, միակը իջեւանատնում, կաշւէ դիմակպչուկով, որը ծածկում էր նրա քիթը եւ դէմքի կէսը: Իսկ յետոյ ամէն ինչ ճիշտ այնպէս էր, ինչպէս բանաստեղծութեան մէջ է. եւ մենք չէինք հաւատում, թէ նա մեզ իրօք կը հասցնի Ստեփանակերտ. մենք անցանք տուն դարձող հոտից: Այնտեղ մենք գիշերեցինք «օբշչոյում», իսկ առաւօտեան առանց դժւարութեան աւտոբուսի տոմս ստացանք եւ վերադարձանք Գիանջայի Նուխու երկաթուղի»: (Նոյն տեղում, էջ 360):

Շուշիում Մանդելշտամների տեսածը չսահմանափակւեց այս սարսափելի յուշով: Հետագայում Օսիպ Մանդելշտամն այդ ամենը գեղարւեստականացնում է եւ գրում իր յայտնի «Ֆայտոնչին» բանաստեղծութիւնը:

 

ՖԱՅՏՈՆՉԻՆ

Շրջոնքւած վայրում թաթարական,

բարձր լեռնանցքում՝ մշուշով լի,

քէֆ էինք անում մահւան հետ անգամ,

ինչպէս երազում զարհուրելի:

Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկաւ.

Դէմքը խարկւած էր, որպէս չամիչ,

դա դիւանքների ախպէրն էր եւ կամ

կարճլիկ ու նոթոտ մի հարամի:

Խօսւածքն՝ արաբի, հնչիւնները՝ բարդ,

անիմաստ կանչեր մերթ-մերթ յանում-

որպէս մի դոդոշ կամ որպէս մի վարդ

դաբաղած դէմքն էր ծո՜յլ պահպանում.

Դիմագծերը կոծկած սոսկալի

արնաշեշտ մաշկի դիմակի տակ –

Քշում էր,- բայց ո՞ւր,- կառքը քառանիւ

վայրենի ճիչով՝ խռպոտ ու տաք:

Նորից թափավազք, խթան, ցնցումներ,

եւ անհնար էր իջնել սարից.

Պարոյր գծեցին ֆայտոնները մեր,

իջեւաններն են պտոյտ գալիս…

Ես սթափւեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,

մեզ ձիերի հետ,- գլխի ընկայ,-

մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,

ոմն ժանտախտի մի նախագահ:

Մետաղալարից մտրակ է հիւսել,

վարում է կառքը՝ խրախճացած,

որ պտոյտ գործի որպէս կարուսել

քաղցր ու թթւահամ հողը ճաքած…

Ես Ղարաբաղը տեսայ լեռնային,

Տեսայ գիշատիչ Շուշի քաղաք,

ուր ճաշակեցի սարսափներ մահի –

հոգուս խռովքին համանւագ:

Քառասուն հազար մեռեալ լուսամուտ,

ակնախոռոչներ մութ, սնամէջ.

դառը տքնանքի բոժոժը հմուտ

թաղւած էր այնտեղ՝ լեռների մէջ:

Անամօթաբար շառագունում են

Մերկ տներն ու վեր նայում անթարթ,

Երկինքը վերից մեգն իր մանում է,

Որպէս մուգ-կապոյտ ոմն ժանտախտ:

168.am

Related Articles

Back to top button