Հասարակական

Երեւանեան նորարարութիւնների հետքերով. «Woods Center. հանգստի, ստեղծարարութեան եւ մտքերի ազատութեան իւրայատուկ համադրութիւն»

«ԱԼԻՔ» – Մայրաքաղաք Երեւանն իր մէջ թաքցնում է նաեւ նորարարական ու հետաքրքիր վայրեր, որտեղ այցելուն կարող է համատեղել իր ժամանակը բնութեան հետ շփման, մշակոյթի ու հաճելի ժամանցի հետ: Woodscenter-ը Երեւանի ստեղծագործական կենտրոններից ամենավերջին նորութիւններից է, այսպէս ասած, Հայաստանի նորարարական մտքի վերջին մտայղացումն է: Ինչպէս բնորոշւած է Woodscenter-ի պաշտօնական կայքում, այն բիզնես կենտրոն չէ, այլ՝ կրթութեան, միջոցառումների, ժամանցի եւ ապրելու համար նախատեսւած վայր է:

«Woods»-ը առաջարկում է հանգստի եւ մտքերի ազատութեան իւրայատուկ համադրութիւն, որտեղ հնարաւոր է վայելել բնութիւնը, մասնակցել կրթական ու ժամանցային ծրագրերի եւ բացայայտել Երեւանը նոր տեսանկիւնից:

«Եզակի երեւոյթ է Woodscenter-ը եւ ճարտարապետութեան տեսանկիւնից շինութիւնը բաւական տպաւորիչ է, եւ ընդհանուր առմամբ ինքը եզակի է հայկական մշակութային միջավայրի մէջ»,- «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նման կարծիք արտայայտեց գեղանկարիչ, գեղագիր, Ռուբէն Մալայեանը:

Նշելով, որ իր ամենամօտ ընկերներից մէկը, ով նաեւ Հայաստանի լաւագոյն լուսանկարիչներից մէկն է, խորը մտածող մարդ, ունի լայն տեսադաշտ, նա է տնօրինում կենտրոնի ամբողջ մշակութային եւ կրթական ծրագրերը եւ դա իրեն շատ է ուրախացնում:

Ըստ Ռուբէն Մալայեանի՝ ամէն ինչը woods-ում անթերի է կատարւած եւ նման կենտրոն Հայաստանում առհասարակ գոյութիւն չունի:

«Զարմանալի կենտրոն է դարձել Woodscenter-ը եւ հիանալի կը լինէր, որ թւով աւելի շատ Սփիւռքահայեր այցելէին այնտեղ, որտեղ կայ մեծ գրադարան եւ բազում այլ հնարաւորութիւններ»,- նշեց նա՝ յաւելելով. «Վերջերս, նաեւ անցկացրեցի դասախօսութիւնների շարան, այս պահին աւարտւել են իմ դասընթացները բայց բոլորին խորհուրդ կը տայի անպայման այցելել Woodscenter: Զբօսաշրջութիւնն ու ակտիւ հանգիստը Woods Center-ում ստանում են նոր իմաստ. Այնտեղ հնարաւոր է ոչ միայն թեթեւ զբօսնել կամ հանգստանալ, այլեւ ներգրաււել բազմազան ծրագրերի, որոնք ոգեշնչում են, բազում մտքեր ու նոր հեռանկարներ:

Նոր սերնդի բազմաֆունկցիոնալ կենտրոնում, աշխատանքը, ուսումը եւ հանգիստը համակցւած են մէկ ներդաշնակ միջավայրում։ Կենտրոնում պարբերաբար անցկացւում են տարբեր միջոցառումներ եւ վարպետութեան դասեր, որոնց մասնակցութեան համար կարելի է ձեռք բերել տոմսեր կենտրոնի պաշտօնական կայքից։

Woods Center-ի ենթակառուցւածքը ներառում է մի շարք հանգստի գօտիներ՝ լաունջներ, խաղային տարածքներ, ինչպէս նաեւ հանգստի սրահներ։ Գաստրոնոմիայի սիրահարների համար գործում են սրճարաններ, խանութներ եւ ռեստորաններ, որտեղ ներկայացւած են տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ:

Կենտրոնի առանձնայատուկ առաւելութիւններից է ընդարձակ գրադարանը, որի ֆոնդը ներառում է աւելի քան 10 հազար գիրք՝ նպաստելով ինքնակրթութեանն ու անձնական զարգացմանը։

Նիւթը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button