
Գրքի սէրը, նւազելու բազմաթիւ միջոցներ ունի ներկայումս, որովհետեւ դա մի առարկայ է, որի լուսատիպ օրինակը շատ աւելի է տարածում գտել, քան մեծն Գիւդէնբերգի հնարած տպագրութեամբ հրապարակւող հրատարակութիւնները:
Գրքի թղթերից արտահոսող բոյրը դեռեւս հրճւեցնում է տարեց եւ միջին տարիքի ընթերցողներին, որոնք կարդացւած նիւթի հետ վայելում են ընթերցանութեան ջերմագոյն մթնոլորտը:
Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի ուխտագնացութիւնը այս տարի իրականացւեց Հոկտեմբեր ամսում, Մայր Արաքսի սառնորակ կլկլոցի խաղաղաձայն հոսանքի հետ համահունչ: Մի քանի օրեր վանքում գիշերելու բախտը, պատեհութիւնը ընձեռեց ընթերցանութեան…: Գիրքը իր պատւական տեղը վերագտաւ մեր ձեռքում, համակարգչային տառահպումների մեքենայացնող շարժումներից փրկելով:
Գրքի որբութիւնը բացայայտ երեւում է ամենուրեք, յատկապէս տներում եւ այլեւայլ հաստատութիւններում պատերին ամրացւած գրադարաններում, քնաթաթախ վիճակում: Աւելի մեծ հաստատութիւնները, որտեղ պահւում են նրանք, ամբարներ են այսուհետ, դրանց վերջնական իջեւան տւող կայաններ:
Մշակոյթի այս ամսւայ ազդանշանը լինում է դպրոցների վերաբացումը: Իւրաքանչիւր համայնքի եւ սփիւռքահայ կեանքի իւրայատկութեան հիմքը, հայ եկեղեցու հովանաւորութիւնը վայելող հայ դպրոցն է:
Հայոց դպրոցներում զբօսանքի սահմանափակ աղմուկն իսկ անհրաժեշտ է, կառոյցի կենդանութիւնը փաստելու, եւ դրա ապագան գուշակելու համար:
Թաւրիզում եւ Ուրմիայում մեր Մաշտոցեան Կրթարանները լայն բացեցին իրենց դռները, ո՛չ թէ հիւրընկալելու, այլեւ տան հարազատ զաւակի վերածելու հայ մանուկներին ու երիտասարդութեանը:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տառերի սրբութեամբ է օծւած այն յարկը, որտեղ մեր պատանիներն ու պարմանուհիները հայերէն են զրուցում, հայերէնով են խաղում եւ նոյնիսկ վիճաբանում…:
Լեզուն, մեզ ազգի կենդանութիւնը ապահովող այս ոգեղէն առարկան, համրերի երազանքն ու անբարբառ մարդկանց խորագոյն ցանկութիւնը, մեր զաւակների համար երկնառաք ոյժ է: Լեզու եւ տառեր չունեցող ցեղախումբեր, իրենց ձայնային արտայայտութիւններով միայն զրուցել եւ յետոյ մարդկութեան պատմութիւնից անյետադարձ կորել են:
Բայց ե՞րբ ենք վերարթնանալու եւ իմանալու արժէքը մեր ինքնութեան, որը մեր լեզւի իւրայատկութեամբ մեծապէս զատորոշւում է աշխարհի այլ ազգերից: Այլոց լեզուները խօսելն, ու այլ ժողովուրդների արտայայտութեամբ հմայւելը եւ դրանք կրկնօրինակելը, թութակային ինքնութեան են վերածում մեր հոգին:
Հայ մշակոյթը հեշտօրէն չի՛ թոյլատրում օտարին, սեփականացնել իրեն: Նա հզօր մի ոյժ է, որը հոգեւոր, ազգային, ներանձնական ու հաւաքական հէնք է կառուցում մեր ոտքերի տակ: Դա հայրենի հողից բացի, ազգային ոգի է դարբնում մեր հոգում, անկողոպտելի մի գանձ, որը անկրկնելի հարստութիւն է այս կեանքում:
Ամիսները յաջորդում են իրարու, սակայն իւրաքանչիւրը ունի իր ուժգնութիւնը, մեզ հայ պահող: Հոկտեմբերը, մեր Թարգմանչաց վարդապետաց յիշատակի եկեղեցական ու ազգային արարողութիւններով, ապագայափայլ յոյսերով է ոգեւորում մեզ: Դռնբաց դպրոցների զանգի ղօղանջը, Մաշտոցեան Այբուբենի երաժշտախառն արտասանութիւնը մանուկների շրթներից, հոգեպէս գօտեպնդում է մեզ:
Մշակոյթի տան դռան բացւելը ամէն տարի, մեր ազգային մեծագոյն յոյսի գոյութեան փաստն է:
Նոր սերնդի վառվռուն յոյսին միացրած մեր յոյսը, նայենք առաջ՝ ապագային:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 10, հոկտեմբերի 2025 թ.)



