Տէր Զարեհ քահանայ Աշուրեան. «Ինչո՞ւ պէտք է երիտասարդն իր կեանքը զոհաբերի Եհովայի վկայի համար»
«Հայաստանի Հանրապետութիւնում Եհովայի վկաների քրիստոնէական կրօնական կազմակերպութիւնն» ու երեք անձ դիմել են դատարան՝ պատիւը, արժանապատւութիւնը եւ գործարար համբաւը արտայայտող վիրաւորանքի արտայայտութիւնների համար հանրօրէն ներողութիւն խնդրելու, զրպարտութիւն հանդիսացող տեղեկութիւնները հերքելու, համապատասխան փոխհատուցում տրամադրելու եւ դատական ծախսերը բռնագանձելու պահանջներով։ Պատասխանողն է Մասեացոտնի թեմի Դալարի սուրբ Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Զարեհ քահանայ Աշուրեանը։
Եհովականների «գործարար» «բարի» համբաւը՝ 3 միլիոն դրամ
Քաղաքացիական գործով դատավարութիւնն արդէն ընթանում է շուրջ մէկ տարի Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատեանի ընդհանուր իրաւասութեան դատարանի Արտաշատի նստավայրում։ Panorama.am-ի հետ զրոյցում Տէր Զարեհ քահանայ Աշուրեանն ասել է, որ որպէս «Եհովայի վկաներ»-ի դէմ պայքարի ձեւ պարբերաբար հարցադրումներ է ուղղում նրանց, ինչն էլ առիթ է տւել նրանց մտածելու, որ իրենց գործարար բարի համբաւն արատաւորում է, անձի արժանապատւութեանը վիրաւորանք է հասցնում։
«Պահանջում են՝ 3 միլիոն փոխհատուցեմ, հերքեմ ու հրապարակաւ ներողութիւն խնդրեմ։ Գրեթէ մէկ տարի դատավարութիւնն ընթանում է»,- ասել է Տէր Հայրը։
Որոշ ժամանակ գործի վարոյթը կասեցւել էր, քանի որ հայցւորների միջնորդութեամբ դատարանը որոշել էր քաղաքացիական գործով նշանակել դատալեզւաբանական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննութիւն։ Փորձագիտական եզրակացութիւնը ներկայացւել է։ Յաջորդ դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 2-ին։
«Բնականաբար, ես իրենց կողմից ինձ ուղղւած մեղադրանքները չեմ ընդունում։ Դրանք բոլորը դատողական բնոյթի գնահատականներ են։ Որեւէ անձի վիրաւորելու նպատակ, ցանկութիւն երբեւէ չեմ ունեցել։
Աստւածաշունչն ինձ սովորեցրել է՝ «մեղքն ատելի է, բայց մեղաւորը սիրելի է»։ Որպէս երեւոյթ՝ անընդունելի է, բայց մարդը, որ այդ երեւոյթի կրողն է, արտայայտողն է, ինքն ինձ համար որպէս քրիստոնեայ, ես իր համար էլ եմ աղօթում, Աստծուց խնդրում եմ իրեն ուղիղ ճանապարհի վրայ դնի»,- ասել է Տէր Զարեհ քահանայ Աշուրեանը։
Տէր Հայրը շարունակում է իր պայքարը Եհովայի վկաների դէմ, որոնք փողոցներում են քարոզ անում, մարդկանց բաժանում իրենց գրքոյկները. «Ոչ մի բանով ես կաշկանդւած չեմ, իմ պայքարը շարունակւում է»։
Արդեօ՞ք աղանդաւորների թիւն աւելանում է Հայաստանում
«Այդ վիճակագրութեանը ես չեմ տիրապետում։ Այդ վիճակագրութեանը պէտք է համապատասխան մարմինները տիրապետեն։ Երեւանում, տարբեր քաղաքներում շատացել են նրանք, ովքեր ստենդներով կանգնում են փողոցներում։ Աւելի յաճախակի ենք հանդիպում նրանց։ Դա էլ ինչով է պայմանաւորւած՝ չեմ կարող գնահատել»,- ասել է քահանան։
Ի՞նչ պէտք է քաղաքացին պատասխանի, երբ աղանդաւորները գալիս, թակում են դուռն ու առաջարկում իրենց գրքոյկները
«Նախ՝ իրենք որեւէ իրաւունք չունեն իրենց կրօնական հայեացքները տարածելու, քարոզելու համար որեւէ մէկի դուռը թակել։
Երկրորդ՝ քաղաքացին ինքն է որոշում իրենց ներս հրաւիրի, թէ դուրս հրաւիրի, լսի իրենց, թէ չլսի։ Այն քաղաքացին, որն ունի կրօնական գիտակցութիւն, թէկուզ ամենացածր մակարդակի վրայ, գիտի, որ իրենք քրիստոնէութեան հետ կապ չունեն։
Իրենց քարոզչութիւնն առաջին հերթին, կրօնական, երկրորդ հերթին ազգային անվտանգութեան խնդիր է առաջացնում։
Վերցնենք առողջապահութեան ոլորտին առնչւող իրենց խնդիրները։ Արեան փոխներարկում չեն ընդունում, իրենց բացատրութեամբ՝ հոգին արեան մէջ է։ Քանի նորածին երեխաներ, ծննդկաններ են մահացել այդ պատճառով։ Առհասարակ, քանի հոգի է մահացել։ Այդ վիճակագրութիւնը պետութիւնը չունի։
Իրենք կոնկրետ մարդկանց առողջութիւնն են վնասում իրենց կեղծ քարոզչութիւններով։ Իրենց կեղծ վարդապետութիւնը մարդկանց կեանքի հետ անհամատեղելի է երբեմն դառնում։
Բաւականին շատ խնդիրներ կան Եհովայի վկաների՝ բանակում չծառայելու հետ կապւած։
Իրենք նոյն բացատրութիւնն են տալիս, թէ ինչու չեն ծառայում բանակում. Աւետարանում, երբ որ Քրիստոսին Գեթսեմանում ուզում էին ձերբակալել, Պետրոսը սուրը հանում եւ քահանայապետի ծառայողի ականջը կտրում է։ Քրիստոսն ասում է՝ սուրը դիր պատեանի մէջ, ով սուր է վերցնում, սրով պէտք է ընկնի։
Ես իրենց տրամաբանական հարց եմ տալիս. լաւ, հիմա ադրբեջանցին մեր դէմ սուր է վերցրել, սուրից պէտք է ընկնի, չէ՞, Քրիստոսն ասում է՝ սուր վերցնողը սուրից պէտք է ընկնի։ Եթէ մենք համարում ենք, որ սուր վերցնողը սրով կընկնի, մենք մեր սուրը դնում ենք պատեանում, ուրեմն մենք մեզ անուղղակիօրէն ընդունում ենք ագրեսոր, այսինքն մենք ենք սուր վերցնողը, բայց իրականում Ադրբեջանն է մեր դէմ սուր վերցնողը։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ ո՞ւմ սուրից պէտք է ընկնի՝ ՆԱՏՕ-ի՞, Ռուսաստանի՞, Հայաստանի՞։ Միշտ ուզել եմ այդ հարցն իրենցից ճշտել։
Ինչո՞ւ պէտք է զինւորը, ով իր կեանքը զոհաբերում է նաեւ իրենց երեխաների համար, անընդունելի լինի։
Երաժիշտները պատմեցին մի դէպք. մի առիթով Եհովայի վկաների հարսանիքին են ներկայ եղել, արգելել են հանդիսավարին զինւորի կենացը բարձրացնել կամ հայրենիք մասին երգ են երգել, խիստ դիտողութիւն են արել։
Նման շատ դէպքեր կան»։
Դպրոցներում նոյնպէս խնդիրներ են արձանագրւում՝ կապւած «Եհովայի վկաների» ընտանիքի երեխաների հետ
««Եհովայի վկաներ»-ի ընտանիքների երեխաները ծնունդի տորթ չեն ուտում։ Դասարանցիներից մէկի ծնդունդն են նշում, տորթ են բերում, սակայն Եհովայի վկաների երեխաներն այդ օրը չեն ուտում, քանի որ ծնունդի տորթ է, բայց ասում են՝ յաջորդը օրը կարող են ուտել։
Իրենց բացատրութիւնները երեւի թէ կը տան, բայց, ամէն դէպքում, սրանք լուրջ մտահոգութեան առիթներ են, պատկան մարմինները պէտք է զբաղւեն։ Ես խնդիր եմ առաջ քաշում, բարձրաձայնում, բայց լուծումներն իմ ձեռքում չեն, պատկան մարմինների ձեռքում է»,- ասել է Տէր Հայրը։
Աղանդաւորներ միշտ էլ կը լինեն. ի՞նչ է պէտք անել այդ դէպքում
Տէր Զարեհ քահանայ Աշուրեանն ընդգծել է՝ աղանդաւորներ միշտ էլ կը լինեն՝ սկսած Քրիստոսից, մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստ. «Իրենց դէմ պայքարելու խնդիր չկայ, ուղղակի պէտք է այդ ամէն ինչը վերահսկւի, իրենց քարոզչութիւնն արգելւի փողոցներում։ Իրենք իրենց հաւաքատեղերում հաւաքւում, քարոզում են, որեւէ մէկը չի կարող գնալ ու ասել՝ ինչ էք անում, եթէ, իհարկէ, Սահմանադրութեանը, մարդկային բարոյական արժէահամակարգին, հոգեւոր համակարգին դէմ չէ։ Ուղղակի այդ ամէն ինչը պէտք է վերահսկւի։
Ես կողմ եմ, որ Հայաստանում ամբողջութեամբ փակւեն աղանդաւորական կազմակերպութիւնները։ Ես կողմ եմ որպէս քրիստոնեայ, որպէս հոգեւորական, բայց պետութիւնը պէտք է առնւազն վերահսկի այդ մարդկանց գործունէութիւնը Հայաստանում, իսկ պետութիւնը, իմ իմանալով, որեւէ վիճակագրական տւեալներ չունի իրենց հետ առնչւող՝ ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ են քարոզում, քանի հոգի են հոգեկան շեղումների հասել իրենց քարոզչութեան արդիւնքում, քանի ինքնասպանութեան դէպքեր կան, բժշկական օգնութիւնից քանի մարդ է հրաժարւել, բանակից ազատւելու իրենց պատճառաբանութիւնները որքանով են բխում քրիստոնէական վարդապետութեան սկզբունքներից։ Եթէ քրիստոնէութեան սկզբունքներից չի բխում, այդ դէպքում ընդամէնը պատրւակ է բանակից խուսանաւելու համար։
Ինչո՞ւ պէտք է երիտասարդն իր կեանքը զոհաբերի մի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ բանակում ծառայելը, զէնք վերցնելը մեղք է։ Ինչո՞ւ համար։ Այդ հարցի պատասխանն իրենք չունեն»։
Տէր Հայրը համոզւած է՝ Հայաստանում գործող բոլոր աղանդաւորական կազմակերպութիւնների գործունէութիւնը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգութեանը։