Տիգրան Աբրահամեան. «Ալիեւը հպարտանում է, որ uտիպել է Փաշինեանին իր յայտնի՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» կարգախօսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձեւակերպումով»
«ԱԼԻՔ» – «Ալիեւը հպարտանում է, որ uտիպել է Փաշինեանին իր յայտնի՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» կարգախօսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձեւակերպումով»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելոյթ է ունեցել, որտեղ բացի աւանդական քարոզչական առաջնահերթութիւններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնոյթի յայտարարութիւններ է հնչեցրել Հայաստանի իշխանութեան եւ նրա ղեկավարի հասցէին:
Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիւ բաւականին տհաճ է, որովհետեւ այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանութիւնը չէ, սա նաեւ մեր երկրի ու ժողովրդի արժանապատւութեանը հասցւող հարւածներ են:
Ալիեւը հպարտանում է, որ ստիպել է Փաշինեանին իր յայտնի՝ «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» կարգախօսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձեւակերպումով:
Շարունակելով իր խօսքն Ադրբեջանի նախագահը յիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինեանին՝ յանձնելու յայտնի 4 գիւղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:
Սպառնալիքների առումով, Ալիեւը խօսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպէս կոչւած, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում՝ դա ակնյայտ սպառնալիքի լեզւով է հնչում:
Սա է փաշինեանական քաղաքական կուրսի ծանր հետեւանքը՝ հայաստանեան իշխանութեան շողոքորթութեան, անվերջ զիջողականութեան պատրաստակամութեան, գլխիկորութեան, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիեւը յոխորտում է, շանտաժի գնում, սպառնում եւ անարգում հայաստանեան քաղաքական վերնախաւին:
Իւրաքանչիւր պարտութիւն, զիջում, անարժանապատւութիւն դրսեւորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտութիւն է բերելու:
Փաշինեանական իշխանութեան ամօթալի էջը պէտք է փակել, հակառակ դէպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգութիւն եւ բռնի տեղահանութիւն են բերելու:
Յ. Գ. – Ալիեւի նեարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լաւ գիտեն ու տեսել են, թէ ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը»,- գրել է Աբրահամեանը: