Սերգէյ Մելքոնեան. «Հիմա քննարկում են միջանցքի բացումն առանց միջանցք բառի»
«ԱԼԻՔ» – Եթէ Հայաստանը ցանկանայ բանակցել Թուրքիայի հետ առանց միջնորդի կամ միջնորդով, մէկ է, նա ոչ մի արդիւնքի չի հասնի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պ․գ․թ․, «ԱՊՐԻ Արմենիա» ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագէտ Սերգէյ Մելքոնեանն՝ անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի յայտարարութեանը, թէ անհնարին է բարելաւել հայ-թուրքական յարաբերութիւնները, քանի դեռ ՀՀ-ն չի բարելաււել Ալիեւի բոլոր պահանջները։
«Սա նշանակում է, որ եթէ Հայաստանը ցանկանայ բանակցել առանց միջնորդի, կամ մէկ միջնորդով, կամ 3-4, նա ոչ մի արդիւնքի չի հասնի։ Աւելի քան երկու տարի առաջ ՀՀ-ն եւ Թուրքիան պայմանաւորւել են, որ սահմանը կը բացւի երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց մինչ օրս այդ հարցի վերաբերեալ որեւէ առաջընթաց չկայ։ Մենք ունենք հանդիպումներ, յայտարարութիւններ՝ առանց որեւէ բովանդակութեան կամ պրակտիկ քայլերի։ Եւ զուգահեռ տեսնում ենք՝ այն օրակարգը, որի մասին խօսում է Թուրքիան, Հայաստանը փաստացի ընդունում է՝ խօսքը գնում է Ալիեւի պահանջների մասին»,- նշել է Մելքոնեանը։
Խօսելով Էրդողանի մէկ այլ յայտարարութեան մասին, թէ Անկարան ակնկալում է, որ հնարաւորինս շուտ կստորագրւի խաղաղութեան պայմանագիրը, որով էլ թղթի վրայ կամրագրւի Ադրբեջանի «ձեռքբերումները» պատերազմի արդիւնքով՝ միջազգայնագէտն ընդգծել է.
«Հայաստանի կողմից որեւէ պաշտօնական յայտարարութիւն մինչ օրս դրա վերաբերեալ չի եղել։ Սա նշանակում է՝ ՀՀ-ն պատրաստ է ընդունել, որ այո, սա է նոր իրականութիւնը, այո, մենք շարունակում ենք զիջել, քանի որ Ադրբեջանն ուժեղ կողմ է։ Առաւել եւս Հայաստանի կողմից չկայ արձագանգ Արեւմտեան Ադրբեջանի վերաբերեալ։ Այս ամենին շատ ուշադիր հետեւում են նաեւ այլ պետութիւններ։ Խօսքը գնում է Իրանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի մասին, եւ այսպէս շարունակ։
Ինչ վերաբերում է սահմանը բացելուն եւ երրորդ երկրների քաղաքացիների ելք ու մուտքին, ասում են, թէ սա վերաբերում է արտասահմանեան դիւանագէտներին եւ քաղաքացիներին։ Բայց չեմ կարծում, թէ դիւանագէտները մեքենայով Գիւմրիով դէպի Կարս գնան. կան Երեւան-Թուրքիա չւերթներ, որից վերջիններս օգտւում են։ Սա նշանակում է, որ խօսքը առաջին հերթին գնում է Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Սա նախաքայլերից մէկն է «Զանգեզուրի միջանցք»-ի համար։ Ադրբեջանն ի՞նչ է ասում. ասում է մեզ ոչինչ հետաքրքիր չէ, միայն պէտք է «Զանգեզուրի միջանցք»-ը։ Եւ այո, հէնց այդ միջանցքի համար է այս ողջ օրակարգը ստեղծւում»: