Դեսպան Սոբհանի. «Մենք չենք վստահում ԱՄՆ-ին, երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, այլ նպատակներ է հետապնդում»
«ԱԼԻՔ» – Յուլիսի 5-ին Երեւանում Իրանի դեսպանատանը՝ լրագրողների հետ զրոյցում, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին խօսել է հայ-ադրբեջանական յարաբերութիւնների եւ Հարաւային Կովկասում ԱՄՆ ներգրաււածութեան նպատակների մասին:
«Տարածաշրջանում խաղաղութեանը որեւէ այլընտրանք գոյութիւն չունի, պէտք է խաղաղութիւն հաստատւի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այդ երկխօսութեանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութիւն հաստատելու համար: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պէտք է տարածաշրջանի ներսում լուծւեն: Ցանկացած լարւած իրավիճակ, ցանկացած պատերազմ եթէ տեղի ունենայ տարածաշրջանում, դրա ազդեցութիւնը, հետեւանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրայ: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների եւ այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտութիւն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պէտք է հասնենք յարատեւ խաղաղութեան:
Սա պէտք է դիտարկել մէկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպէտք է դիտարկել, այլեւ տնտեսական հարցեր, առեւտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելութիւնների հարցեր»,- ասել է Սոբհանին:
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն ակտիւացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղութեան պայմանագիր կնքելու հարցում, դեսպանն ասել է.
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք նրան չենք վստահում: Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ յենւեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղութեան, անվտանգութեան եւ հանգիստ ապրելու վրայ, այլ նպատակներ են հետապնդում:
Եթէ նրանք ցանկանում են շրջանցել եւ դուրս թողնել այս բանակցութիւններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկութիւնն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղութիւն տիրի: ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում: Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշւեհարդար տեսնելու համար: Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերեալ, մենք շատ հոռեատես ենք նրանց կողմից արտայայտւած յայտարարութիւնների մասին: Մենք չենք հաւատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ երբեւիցէ լարւածութիւն նրանց վրայ չի ազդի»: