Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԳԱԶԱՅԱՑՈՒՄ եւ ոչնչացում «ՄԱՇՒԱԾՈՒԹԵԱՆ» ձեւաչափով

ԱՐՑԱԽ-ից ՊԱՂԵՍՏԻՆ-ի օկուպացւած տարածքներ

Գազայի հատւածում եւ Արցախում իրանակացւած սովամարտի ու ցեղասպանութեան հարցում՝ զուգահեռների անտեսումը միջազգային հանրութեան կողմից

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Օրերս միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում Գազայում հնարաւոր հրադադարի բանակցութիւններն են, որտեղ միջազգային եւ տարածաշրջանային խաղացողների դերը խիստ կարեւոր է կապւած հակամարտութիւնը լարւած մուդ չտեղափոխելու, կամ համապատասխան տարածաշրջանի այլ հատւածներում իրավիճակն առաւել  չսրելու առումով: Նոյն կապակցութեամբ է դիտարկւում Իրանի Իսլամական Հանարպետութեան հերթական նախազգուշացնող կոչը կապւած սահմանների փոփոխութեանն ուղղւած նկրտումները սաղմում վիժեցնելու վճռակամութեան մասին յայատարարութիւնները, կամ տարածաշրջանի անվտանգութիւնը՝ բնիկ արցախահայերին՝ բնօրան վերադարձով պայմանաւորւած տեսնելը:

Նոյն կապակցութեամբ ԶԼՄ-ներում փորձ է արւել հնարաւոր կարգաւրումներից յետոյ հասարակական կարծիքի սլաքն ուղղել դէպի համապատասխան ուղղութիւններ, որի հիմքում տարածաշրջանում այն հեգեմոնիայի հաստատումն է, որը կոչւած է Գազայի պատերազմն օգտագործել որպէս հաւասարում թելադրելու միջոց:

Այս կապակցութեամբ Journal of Genocide Research  հեատզօտական պարբերականում ուշագրաւ դիտարկում է հրապարակել «Ստրասլերի Հոլոքոստի եւ Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների կենտրոն»-ի հետազօտող, պրոֆ.Էլիզ Սեմերճեանը, որտեղ նա Գազայի շուրջ բարձրաձայնւող աղմուկի եւ Արցախի ու արցախահայութեան սպանդի ու տեղահանութիւնների հանդէպ լռութիւնը նոյն նժարին դնելով, փորձել է երեւոյթը ներկայացնել որպէս քաղաքական շահերի ու առեւտրի էլեման, որի հիմքում սովամարտն է ու բռնի ուժով տեղահանութիւնը «մաշւածութեան» ձեւաչափով:

Հայազգի պրոֆեսորն իր յօդւածն սկսել է  Նաժուան Դարւիշի «Կորցնելու ոչինչ չկայ այլեւս» բանաստեղծութիւնների շարքից (2014 թւական), Հայոց Ցեղասպանութեանը նւիրած քերթւածքով: 

«Ո՞վ է յիշում հայերին»

Ես եմ յիշում նրանց,

Եւ ես նրանց հետ նստում եմ այդ մղձաւանջային աւտոբուսը,

Իւրաքանռիւր գիշեր,

Եւ իմ սուրճն  այս առաւօտ՝

Ես ​​նրանց հետ մաիսին եմ ըմպում:

Իսկ դո՛ւ, մարդասպա՛ն,

Ո՞վ ես, որ քեզ յիշեն:

Նաժուան Դարւիշն 2014 թւականի բանաստեղծութիւնով օսմանեան հայերի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը (1915–1923) կապում է պաղեստինցիների (1948) ցեղասպանութեանը:

Վերջինիս համար (պաղեստինցիների) սեփականազրկման եւ նրանց կեանքը վտանգող գործընթացը միայն վերջերս է ճանաչւել որպէս ցեղասպանութիւն:

Պրոֆ. Էլիզ Սեմերճեանն ապա անցնում է իր հետազօտութիւններին եւ համապատասխան համեմատութեան կարգով  իրադարձութիւնների կողք կողքի յիշելով,  նախ յիշեցնում է մտերիմ ընկերների միջեւ բանաստեղծի յիշեցրած զրոյցն առաւօտեան սուրճի տեսքով, որի վերնագիրն անմիջական յղում էր Հիտլերի «Օբերսալցբերգի ելոյթին», ինչը հնչել է Լեհաստան ներխուժման նախօրէին, որտեղ նա հարցրել էր. «Ի վերջոյ ո՞վ է այսօր խօսում հայերի ոչնչացման մասին»:

Ապա Էլիս Սեմերճեանն անցնում է բուն յօդւածի նիւթիւն եւ գրում.

«Բանաստեղծութիւնը գրւել  է նոյն տարում, երբ Իսրայէլի 2014-ի «Պաշտպանական ցուլը» գրոհեց Գազայի վրայ: Դարւիշը ենթադրում է, որ ներկայի ամնեզիան արագացնում է անցեալի սրտխառնոց կրկնութիւնը: Նա իր բանաստեղծութիւնն աւարտում է  դիմելով յանցագործին, ստիպելով մեզ ցոյց տալ մեր մատների համախմբուը նրա ուղղութեամբ գոռալ J’accuse! (Ես մեղադրում եմ):

Նկատի ունենալով Դարւիշի բանաստեղծութեան մէջ առկայ պատմական կապը՝ հայ եւ պաղեստինցի ակտիւիստների կողմից յաճախ օգտագործւող բառերով, այս յօդւածն համեմատելու է Իսրայելի եւ Ադրբեջանի կողմից վերջին 18 ամիսների ընթացքում օգտագործւած ցեղասպանական պատերազմի նախնական նմանութիւնները: Մինչ Արցախ/Լեռնային Ղարաբաղ (ANK) (ձեւակերպումն ու նշումները նոյնութեամբ հեղինակինն են-ԽՄԲ.) եւ Գազայում անկանոն օդային ռմբակոծութիւններ էին կիրառւել, երկու յարձակումների դէպքում էլ կիրառւել են զանգւածային ոչնչացման մէկ այլ զէնք՝ սովը:

Պէտք է խօստովանել, որ Պաղեստինի հետ համերաշխութեան համաշխարհային ամենամեծ բողոքի ակցիաներից մէկի ժամանակ Արցախը երբեւէ չի ընկալւել որպէս Գազայի հնարաւոր մոդել, ոչ էլ Գազան է դիտարկւել  որպէս՝ Արցախի հնարաւոր մոդել:

Դարւիշի բանաստեղծութիւնը ներկայացնում է բազմակողմ յիշողութիւն, որն ակնարկում է, որ յիշողութիւնները «ենթարկւում են բանագնացութեան, խաչաձեւ յղումների եւ փոխառութիւնների, եւ նոյնիսկ պայքարի՝ զանգւածային բռնութեան դէմ»:  Արթուն յիշողութիւնը տեսանելի է դարձնում սովամահութեան յանցանքի շարունակական օգտագործման փորձերը, որը չնայած իրաւական արգելքներին՝ շարունակ թարմացւում ու  տարածում է գտնում ցեղասպանական պատերազմների միջոցով:

2024 թւականի մայիսի 22-ին, երբ Իսրայէլի պաշտօնեաների նկատմամբ կալանաւորման օրդեր արձակւեց Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Ա. Խանի կողմից, նա ճանաչել էր «քաղաքացիների սովամահութիւնը որպէս պատերազմի մեթոդ» Իսրայէլի կողմից Գազայի պաղեստինցիների դէմ կատարւած յանցագործութիւնների շարքում:  

  Իսրայէլի դէմ ՄՔԴ-ի քայլը նորութիւն չէր: Նախաքննութիւնը սկսւել է 2015 թւականին դատախազ Խանին նախորդողի՝ Ֆաթու Բենսուդայի կողմից «Ամուր առանցք» (2014) գործողութիւնից յետոյ։ Իհարկէ մինչեւ 2024 թւականի յունւարին Հռոմի կանոնադրութեանը պաշտօնական միանալը: Վերջերս Կալիֆորնիայի «Ճշմարտութեան եւ արդարութեան կենտրոն»-ը միջնորդեց ՄՔԴ-ին հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «Արցախում/Լեռնային Ղարաբաղում» իրականացրաղ ցեղասպանութեան յանցագործութեան համար:

Բազմաթիւ օրէնսդիրներ, միջազգային գործակալութիւններ եւ գիտնականներ ընթացք են տւել  Բաքւի այն նարէյտիւին, որի համաձայն արցախահայերն են մեղաւոր իրենց հայրենազրկման համար, կամ, նոյնիսկ նշւել է, որ նրանք (Բաքուն)  «յանուն մշտական ​​անվտանգութեան» եւ «ահաբեկչութեան դէմ գլոբալ պատերազմի» լեզուն է օգտագործել, փորձելով օրինականացնել ադրբեջանական պատերազմական յանցագործութիւնները:

Այստեղ պէտք է յիշեցնել, որ «Արդարադատութեան միջազգային դատարանում» (ICJ) ժամանակաւոր միջոցների մասին դիմումով 2021 թւականին Հայաստանը  մեղադրել է Ադրբեջանին՝ ռասայական խտրականութեան բոլոր միջոցներով (Արցախի) բնակչութեանը վերացնելու նպատակով՝ միջազգային կոնւենցիան խախտելու մէջ: Փաստաթղթերում են ներառւած նաեւ վայրագութեան դրսեւորման դէպքեր՝ Հայաստանի եւ Արցախի հայերի նկատմամբ, ներառեալ 1980-ական եւ 1990-ականների հայերի դէմ բռնութիւնները, որոնք բնաջնջեցին Ադրբեջանում՝ պատմական հայկական համայնքը:

Դէպքերի ուսումնասիրութիւնը ապացուցում է, որ Ադրբեջանն ու Իսրայէլը ժամանակակից տեխնոլոգիաներով յագեցած ռազմական եւ ռազմավարական տարածաշրջանային դաշինքի մէջ են, որը սաղմնաւորւել է դեռ  1979 թւականի Իրանի յեղափոխութիւնից յետոյ: Յատկանշական է նաեւ, որ  Ադրբեջանն իր նաւթադոլարներով է գնում իսրայէլական զէնքերը, իսկ միաժամանակ նաեւ Իսրայէլին է տրամադրում վառելանիւթ:  Երկու երկրներն էլ միաւորւած եւ զինւում են Միացեալ Նահանգների միջոցով:

Էլդադ Բէն Ահարոնը պարզել է, թէ ինչպէս են Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայէլը յաղթահարում պատմական յիշողութեան եւ անվտանգութեան միջեւ հակասութիւնները: Նա օգտւում է ԱՄՆ-ի արխիւային աղբիւրներից՝ ցոյց տալու համար, թէ ինչպէս են այս երկրները ստեղծում հիբրիդային բարդ դաշինքներ՝ առաջնորդւելով (սեփական) անվտանգութեան հրամայականներով, եւ յաճախ չարաշահում պատմական խեղաթիւրւած իրադարձութիւններն՝ սպառնալիքներին դիմակայելու ընկալմամբ:

«Լեզու՝ աահաբեկիչների դէմ», որն անմիջապէս ակտիւացնում է «Մշտական ​​անվտանգութեան» իրաւունքի միջոցը, ինչը Դրէյք Մոզէսի պնդմամբ «ցեղասպանական պատերազմին» արդարացում տալու հիմքն է: Իսկ նոյն «ցեղասպանական պատերազմ»-ի ստւերում դէպի Արեւմուտքի բարեկամական գործընկերների՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի առաջ մղող տնտեսական միջանցքները ոչ մի միջազգային բողոքի էլ չեն արժանանում:

Համեմատելով Արցախում եւ Գազայում սովամարտի ժամանակակից օրինակները՝ կը փորձեմ կրկին ներկայացնել ցեղասպանութիւն հասկացութիւնը «Խմբերին մաշելու» ձեւաչափով, որը ձեւակերպել է Ռաֆայէլ Լեմկինը « օկուպացւած Եւրոպայում բռնազաւթման օրէնքներ, Կառավարման վերլուծութիւն, եւ փոխհատուցման առաջարկներ» աշխատութեամբ (1944 թւական):

Հելէն Ֆէյնին եւս 1997 թւականին իր «Ցեղասպանութիւն՝ քայքայման միջոցով, 1939–1993. Վարշաւայի գետօն, Կամբոջան եւ Սուդանը» էսսէով նշել է ցեղասպանական այս գործիքի պաշտօնական գործիքակազմի մասին: Նրա համոզմամբ՝ արդիւնաւէտ, հիմնականում չնկատւող, պատերազմական զէնք է այն: Որպէս այդպիսին, ամբողջ բնակչութեանը միտումնաւոր զրկելը կենսական միջոցներից, պատահական չէ, այլ՝ ցեղասպանական պատերազմի նախագծման նախաքայլ է:

Զանգւածային սովը եւ ծայրայեղ զրկանքները ներառւել են Լեմկինի կողմից ցեղասպանութեան հայեցակարգի սկզբնական ձեւակերպման մէջ: Աշխատութեան 2-րդ յօդւածը թւարկում է 5 գործողութիւններից կազմւած  շարք, որոնք նպատակ ունեն «ամբողջութեամբ կամ մասնակիօրէն ոչնչացնել ազգային, էթնիկական, ռասայական կամ կրօնական որեւէ խմբի»։ Յօդւածի «Գ» կէտը, մասնաւորապէս, անդրադառնում է ցեղասպանութիւն՝ «մաշւածութեան» միջոցով, երբ հասկացութիւնը սահմանւած է որպէս «խմբերի կենսական պայմանների դիտաւորեալ վատթարացում, որը տւեալ զանգւածի ֆիզիկական ոչնչացման համար ամբողջութեամբ կամ մասնակիօրէն է կիրառւում »: Այստեղ առկայ են նաեւ «հարկադրւող  միջոցառումներ, որոնք նախատեսւած են խմբի ծնելիութիւնը ու աճը կանխելու համար»:    

Հարկ է յիշեցնել, որ ՄԱԿ-ի կոնւենցիայում 2-րդ յօդւածի «Գ» կէտի ընդգրկումը պատասխան քայլ էր Վարշաւայի գետոյում հրեաների կրած ծայրայեղ զրկանքների դիմաց:

Ժամանակակից պատերազմներում նկատելի է, որ «սննդի իրաւունքը» վերածւում է զանգւածային ոչնչացման զէնքի, իսկ այդ իրաւունքին յատկացւող միջանցնքերը՝ վերափաթեթաւորւում որպէս «մարդասիրութիւն»։ Իսրայէլի ինքնիշխանութեան առանձնայատկութիւններից է անվտանգութիւնը օգնութեան հետ կապակցելը, կամ այն, ինչ Այալ Վայզմանը անւանել է «մարդասիրական կառավարում»: Բռնութեամբ տնտեսութիւնը հաշւարկելու եւ վերահսկելու միջոց, որը ներկայումս լաւագոյնս պատկերւած է Գազայի հատւածում ժամկէտանց ու թրթուրներով վարակւած սննդի տեսքով։

Ինչպես պնդում է պրոֆ. Մելանի Դանիէլեանը (Պատմութեան ամբիոնի դոցենտ եւ Միչիգանի համալսարանի միջազգային եւ համեմատական ​​հետազօտութիւնների ծրագրի տնօրէն), «ժամանակի ընթացքում մոնիթորինգի դրոյթների, տեղաշարժի եւ զարգացման ներուժի բարդ մարդասիրական տեխնոլոգիաները ծառայում են ժամանակակից բռնութիւն գործադրելու նպատակին:

Հաշւի առնելով բռնութեան այս կարգի առանձնայատկութիւնները՝ պատմաբան Աշիլ Մբեմբէն պնդում է, որ նեկրոտերութեան (necropower- Իշխանութիւն մահացու գործողութիւնների եւ ապրանքների վրայ, ինչպիսիք են սպանութիւնները, զէնքի առեւտուրը, մահապատիժը եւ այլն) կծկում, ապա զսպում ու կրկին շրջափակում է Գազայում պարադիգմատիկ վիճակը:  Բնակիչները գաղութատիրութեան վաղ շրջանի փորձաքարին յայտնւելով  հանդերձ, ենթադրւում է, որ Գազան եւ Արեւմտեան ափը (Պաղեստինի ինքնավար կառավարութիւնը) ոչ միայն պատերի ու միջնապատերի մէջ են խցկւում, այլեւ «կանոնների մի մատրիցա են, որոնք հիմնականում նախատեսւած են այն մարդկային մարմինների համար, որոնք համարւում են անցանկալի, անօրինական, կամ ոչ անհրաժեշտութիւն»:

Առանց վարանելու Մբեմբէն եզրակացնում է. « Գազայի հատւածն աւելի լաւ է պատկերացնում, թէ ինչ է սպասւում իրեն»:

Ջնջելով Արցախը (2020–2023)

2023 թւականի հոկտեմբերի 7-ի պատերազմից ընդամէնը մի քանի օր առաջ, Ադրբեջանը աւարտին հասցրեց 100,000 հայերի էթնիկ զտումները Արցախում/Լեռնային Ղարաբաղում (ANK), չճանաչւած անջատւած պետութիւն, որը երեքուկէս տասնամեակ առաջ անկախութիւն էր հռչակել: Բնակչութեան համար կենսապահովման ցանցից անջատելով՝ Ադրբեջանը արցախահայութեանը սովի մատնեց՝ դիմակայութիւնը կոտրելու նպատակով:  

Համաճարակի ընթացքում քչերը նկատեցին, թէ 2020 թւականի սեպտեմբերի 27-ին, երեսուն տարի Հայաստանի հետ խաղաղ բանակցութիւններից յետոյ, Ադրբեջանը 44-օրեայ օդային յարձակում սկսեց ինքնահռչակ, միջազգայնօրէն չճանաչւած անջատւած Արցախի Հանրապետութեան 150,000 հայ բնակիչների դէմ։ Ինչպէս Ղարաբաղեան առաջին պատերազմի ժամանակ (1988–1994), հարեւան Հայաստանն անմիջապէս օգնութեան ձեռք մեկնեց պաշտպանելու այս անկլաւը։ «Յաղթելու ենք» կրկներգը վանկարկելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բախւեց իր առաջին փորձութեանը, որպէս յեղափոխական առաջնորդի, ով 2018-ին սկիզբ էր դրել «թաւշեայ յեղափոխութեանը»։

Չնայած մամուլի ազատութեան յեղափոխական խոստմանը, վարչապետ դարձած նախկին լրագրողի  կառավարութիւնը, կարծես, ապատեղեկատւական արշաւ էր վարում պատերազմի ժամանակ՝ թաքցնելով այն փաստը, որ զօրակոչւած զոհերի թիւը շատ աւելին էին, քան հաղորդւում էր պետութեան խօսափողերից:

Պատանեկութեան շրջանը նոր աւարտած այդ զօրակոչիկներին այրում էին թուրքական «Բայրաքթար» անօդաչուներն ու իսրայէլական «կամիկաձէ» անօդաչու սարքերը:

Հայաստանը չունէր հակաօդային պաշտպանական համակարգ՝ 2010 թւականին Ռուսաստանի հետ ռազմավարական պաշտպանութեան համաձայնագիրը ստորագրելուց յետոյ նոյնիսկ:

«Ղարաբաղեան երկրորդի» հետեւանքով զոհւել է աւելի քան 4000 հայ եւ 3000 ադրբեջանցի, իսկ որոշներն էլ շարունակում են մնալ անհետ կորած կամ գերութեան մէջ:

2020 թւականի պատերազմից յետոյ Արցախեան «անկլաւը» մասնատւեց՝ կրճատւելով իր նախապատերազմական չափի ընդամենը 40 տոկոսի չափով։ Աշխարհագրօրէն Արցախի Հանրապետութիւնը Հայաստանի հետ սահմանային կապ չունի եւ կապւած է միայն Լաչինի միջանցքով, որը Հայկական կողմն իր վերահսկողութեան տակ էր վերցրել 90-ականներին առաջին Ղարաբաղեան պատերազմի ժամանակ:

Դեռ մինչեւ վերջերս Հայաստանի քաղաքացիների աւելի քան երկու երրորդը ցանկանում էր, Արցախը տեսնել Հայաստանի կազմում: Իսկ այդ տարածքները վերադարձւեցին Ադրբեջանին, սակայն քաղաքական փակուղին եւ սահմանային լարւածութիւնն իրենց ազդեցութիւնն ունեցան հասարակական կարծիքի վրայ, ինչը ժամանակի ընթացքում նւազեցրեց քաղաքացիների աջակցութիւնը հողերի ազատագրմանը:

Մինչ պաղեստինցիները 2012 թւականից ՄԱԿ-ում որպէս ոչ լիիրաւ անդամ՝ ունեն դիտորդի կարգավիճակ, հետն էլ մշտական ​​նստավայրով: Իսկ արցախահայութիւնը 35 տարի պայքարել է միջազգային ճանաչման եւ անկախութեան համար: Այն, թէ ինչպէս Հարաւային Կովկասի պատմական բազմազանութիւնը դաժանօրէն չկարգաւորւեց էթնոնացիոնալիզմի եւ կոմունիզմի արդիւնքում, պատմաբաններին քաջ յայտնի է շատ վաղուց:  

Մինչ Ազգերի լիգայի (հետագայում՝ Միաւորւած ազգերի կազմակերպութեան) կողմից հաստատւած էր, որ ազգային խմբաւորումների համատեղումը կամ նոյնիսկ պայքարը կարող էր բերել ինքնորոշման իրաւունքի, յատկապէս Պաղեստինի եւ Արցախի դէպքում անուրանալի փաստ է:

Սակայն, տեսակով սոցիալիստական՝ ԽՍՀՄ-ը Ադրբեջանական Խորհրդային Հանրապետութեան կազմում ԱՆԿ-ին «ինքնավար շրջան» նշանակելով արգելափակեց Արցախի միացումը Հայաստանին: Հայ կոմունիստները համաձայնել էին Մոսկւայի որոշմանը:

Բաքւի կողմից յաճախ անտեսւած Արցախը (ինքնավար շրջանը) երբեք չի եղել Ադրբեջանական Խորհրդային Հանրապետութեան անմիջական կառավարման ներքոյ: Արցախի յատուկ ինքնավար կարգավիճակին աջակցում էր բնիկ հայ բնակիչների ինքնորոշման խորհրդային մեկնաբանութիւնը: Այդ նոյն յատուկ կարգավիճակը ազդեց անկախ պետականութիւն ունենալու ձգտմանը, երբ Խորհրդային Միութիւնն էր փլուզւում:

Արցախահայերը նախ հանրաքւէ են անցկացրել 1988 թւականի փետրւարի 20-ին՝ կոչ անելով վերամիաւորւել Հայաստանին, իսկ միւսը՝ 1991 թւականի դեկտեմբերի 10-ին, որով Արցախը պաշտօնապէս հռչակել է իր անկախութիւնը։ Հանրաքւէն հակազդելու փորձ էր  Ադրբեջանի կողմից շարունակւող էթնիկ բռնութիւններին, ներառեալ հայերի դէմ իրականացւող անկարգութիւններն ու ջարդերը Սումգայիթում (1988) եւ Բաքւում (1990):

Քանի որ երեք տասնամեակ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) գլխաւորած խաղաղ բանակցութիւնները փակուղում էին, Հայաստանն ու Ադրբեջանն աւելացրին ռազմական կուտակումները, ինչը հանգեցրեց բախումներին 2016-ին եւ պատերազմի 2020-ին:

2020 թւականի «Ղարաբաղեան երկրորդ պատերազմից» յետոյ Արցախի մուտքը վերահսկւում էր  ռուսական թոյլ խաղաղապահ ուժերի կողմից, ինչը ցոյց տւեց իր խօցելիութիւնը 2022 թւականի դեկտեմբերին հաստատւած շրջափակմամբ: 2023 թւականի յուլիսին Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը Ադրբեջանին մեղադրել էր «Ցեղասպանութեան» վարկածով, եւ Արցախի պայմանները նկարագրել  որպէս «խոշոր համակենտրոնացման ճամբար», որտեղ արգելափակւած են հիմանակ սննդամթերքի մատակարարումները: Գազայի հատւածի տարածքը նոյնպէս նման պայմանների տակ է այսօր։ Արցախում այս գործընթացը գործիքաւորւեց բնիկ հայերին իրենց տներում շրջափակելու,  ապա հիմնովին արմատախիլ անելու համար: Սակայն մէկը տեսանելի է, իսկ միւսը՝ ոչ:

Երբ 2022 թւականի դեկտեմբերից սեպտեմբեր տեւած 9 ամիսների ընթացքում Արցախում 100,000 հայերի զրկել էին սննդի, ջրի, վառելիքի եւ բժշկական օգնութեան բնական իրաւունքից, ադրբեջանական PR ընկերութիւնները կեղծ լուրերով ու սոցիալական մեդիայում իրենց օգտին քարոզչական բովանդակութիւն ստեղծելով, «արդարացնող» մեկնաբանութիւններով էին կիսւում արեւմտեան համընթաց հասարակութիւնների հետ: Պաշարման 9-ը ամիսների ընթացքում արցախահայութիւնը սովի հաշւին նայում էր դանդաղ մահի դէմքին: իսկ երբ յանցագործը մեղադրւում էր արցախահայերի դէմ ցեղասպանութիւն իրականացնելու մէջ, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստի ժամանակ ադրբեջանցի դիւանագէտը ցուցադրեց սոցիալական ցանցերի հայկական էջերից քաղած երեխաների լուսանկարները, որոնք ծննդեան խնջոյքի ժամանակ թխւածքաբլիթներ էին ուտում: Նա ծաղրանքով հերքեց սովամարտի մեղադրանքները՝ յայտարարելով, որ հայ երեխաները ուտելու «համեղ թխւածքաբլիթներ» ունեն (յիշեցնելն աւելորդ է, որ երբ ՀՀ ԱԳ նախարաը փորձել էր հակադրւել ադրբեջանական կողմին, ադրբեջանցին ցոյց էր տւել քիչ առաջ սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ կոչեցեալի ելոյթը, առա այն, որ ոչ մի յանցանշան էլ չի գրանցւել արցախահայութեան դէմ իրականացւած բռնութեան առումով- ԽՄԲ.):

Միջազգային այս անտարբերութիւնը բխում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իսրայէլի հետաքրքրութիւնից Ադրբեջանի նաւթի եւ Իրանի հետ նրա ռազմավարական նշանակութեամբ սահմանների նկատմամբ, որն այժմ իսկական ամերիկա-իսրայէլական յենակէտի է վերածւել Իրանի դէմ վաղուց ծրագրւած զարգացումների համար:

Նոյն սեպտեմբերին Ադրբեջանն արագ աւարտեց գործը՝ օդային գրոհ իրականացնելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչութեան դէմ: Պաշարումը բնակչութեանը սովի էր մատնել՝ դիմադրութիւնը թուլացնելու նպատակով:  Բնակչութիւնը չդիմացաւ ու յանձնւեց: Իսկ Արցախի կառավարութեան ղեկավարութիւնը բանակցեց Լաչինի միջանցքով արցախահայութեան տեղափոխումը երաշխաւորելու համար: Այս «փախստականները» փակւած են մնալու Հայաստանում՝ շատ է կարեւոր, քանի որ նրանք չեն լցւի եւրոպաներում, եւ միջազգային հանրութիւնը հազիւ թէ ուշադրութիւն դարձնի այս կողմ: Մինչ Արցախում պատմական հայկական համայնքը բռնի կերպով անհետանում էր, ոմանք դիտորդի դերում էին ու նկատում էին ցեղասպանութեան ծխացող հրացանի փողը:

Արդար լինելու համար պէտք է արձանագրել, որ 2023 թւականի օգոստոսին, երբ շրջափակման 7-րդ ամիսն էր, ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն վկայակոչելով 2-րդ յօդւածի «Գ» կէտը՝ յայտարարեց.

«Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահութիւնը ցեղասպանութեան նախատիպ  է՝ կեանքի պայմանների պարտադիր անէացման վարկածով, ինչը ենթադրում է էթնիկ խմբի ոչնչացում: Այն լրացնում է ողբերգական այն շրջանակը, երբ 1915 թւականին թուրք կառավարիչների կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքը ցեղասպանութեան դրոյթի պարադիգմ էր, որը վերաբերում է կեանքի դաժանագոյն պայմանների պարտադրմանը»:

Հիմնւելով պատմութեան նախադէպերի վրայ՝ Մորենօ Օկամպօն անվերապահ կերպով 2023 թւականին Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնները կապեց հայերի դէմ ցեղասպանութեան պատմութեան հետ։ Դրանով նա հաստատեց, որ ցեղասպանութիւնն աւելի շուտ գործընթաց է, քան որեւէ իրադարձութիւն:

Սովից ու շրջափակման պատճառով ուժերն սպառած արցախահայերին առաջարկւել է մնալ եւ ապրել Ադրբեջանի տիրապետութեան տակ, կամ ընտրել «կամաւոր միգրացիան»: Ադրբեջանի մշակութային ցեղասպանութեան եւ հայերի նկատմամբ հալածանքների պատմութիւնը քիչ կասկածներ թողեց, որ հայերը հեռանալու են: Հայերի դէմ շարունակւող ցեղասպանական հռետորաբանութիւնը  պաշտօնապէս շարունակւեց 2020 թւականի պատերազմից յետոյ նաեւ, որի օրինակն էր Ադրբեջանում թողարկւած ազգային նամականիշը: Նամականիշի վրայ պատկերւած էր «հայկական անկլաւից» ախտահանւող տարրը եւ միջատասպանի համար օգտագործւող ցողունը:

Այս ընթացքում ադրբեջանցի զինւորները կիսւել են Telegram-ում տարածւած հայերի անդամահատւած դիակների պատկերներով, որոնք էլ աւելի են դրդել հայերին լքել իրենց հայրենիքը, չընկնելու համար Ադրբեջանի եաթաղանի տակ:

2021 թւականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԴԴ-ին  դիմում էր ներկայացրել՝ Ադրբեջանին մեղադրելով «հայատեացութեան պետական ​​քաղաքականութեան մէջ», որը հանգեցրել է «համակարգային խտրականութեան, զանգւածային սպանութիւնների, խոշտանգումների եւ այլ չարաշահումների»։ Փաստաթղթի առանցքում այն ​​մեղադրանքն է, որտեղ արձանագրութիւններ կան ադրբեջանցի պաշտօնեաները հայատեաց հռետորաբանութեան շուրջ,  եւ ուղիղ կապում են պաշտօնական համակարգի միջնորդութեամբ հայերի դէմ ատելութիւն տարածելու կամ իրականացւած վայրագութիւնների հետ:  Ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, կամ հայերին մեղադրելով հակառակ վարկածներով:

Մինչ Ալիեւը շարունակում է բացայայտ կերպով Հայաստանը անւանել «Արեւմտեան Ադրբեջան» եւ խօսել  այն ազատագրելու երազանքների մասին, Փաշինեանը, կարծես, գործին ներգրաււած է որպէս ենթակապալառու «սողացող անեքսիայի» (միւս պետութեան ամբողջ տարածքի (կամ դրա մի մասի) բռնի միաւորում կամ զաւթում) մէջ: Տարածքի, աստիճանական օկուպացիայի եւ իւրացման ծանօթ մոդել է սա, որը կատարելագործւել է օկուպացւած պաղեստինեան տարածքներում»:

Related Articles

Back to top button