ԻրանՄիջազգային

Իրանը կարեւորել է մերձկասպեան երկրների միջեւ կոնսենսուսի կայացման անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – Կասպից ծովի վերաբերեալ ցանկացած որոշում պէտք է հաշւի առնի ափամերձ բոլոր հինգ երկրների միջեւ կոնսենսուսը: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 5-ին Մոսկւայում կայացած Կասպից ծովի ափամերձ հինգ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:

Նա յստակեցրել է, որ Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը պէտք է կոնսենսուսի հասնեն Կասպից ծովի վերաբերեալ իւրաքանչիւր որոշման շուրջ:

Ընդգծելով ափամերձ հինգ պետութիւնների միջեւ սերտ համագործակցութեան անհրաժեշտութիւնը՝ Ամիր Աբդօլլահեանն ասել է, որ Կասպեան տարածաշրջանում անվտանգութիւնն անբաժանելի է, եւ ափամերձ բոլոր պետութիւնները պատասխանատւութիւն են կրում դրա համար:

Համագործակցութիւնն անւանելով «Կասպից ծովը բարեկամութեան խորհրդանիշի վերածելու միակ միջոցը»՝ նա առաջարկել է համապատասխան մեխանիզմները կառավարող քարտուղարութիւն ստեղծելու գաղափարը։

«Անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային համագործակցութիւնը՝ որպէս մերձկասպեան երկրների զարգացման եւ առաջընթացի շարժիչ ուժ»,- ասել է Ամիր Աբդօլլահեանը։

Related Articles

Back to top button