Ղարաբաղից չենք կարող հրաժարւել. վարչապետ Ալ. Խատիսեանի զեկոյցը ՀՀ խորհրդարանին
Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի նախկին պատգամաւոր (2012-2020թթ.), տեխնիկական գիտութիւնների դոկտոր պրոֆեսոր, պատմական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի նախկին խմբագիր Կարէն Խանլարեանը Ֆէյսբուքի իր էջում գրել է․
«Աներկբայօրէն երկուսն էլ անհրաժեշտ են ՔՊ-ական իշխանախմբին
Իլհամ Ալիեւը նոր հրովարտակ է իջեցրել ՀՀ իշխանութիւններին՝ «խաղաղութեան» պայմանագրի ստորագրման համար երկու նախապայման նկատի առնելու ուղղութեամբ․ առաջինը՝ Սահմանադրութիւնց ՀՀ Անկախութեան հռչակագրի դուրս բերումը, եւ երկրորդը՝ ԵՀԱԿ Մինսկի խմբի միատեղ լուծարումը։
Ե՛ւ օրէնսդրական, ե՛ւ միջազգային իրաւունքի տեսակէտից այս երկու նախապայմանների իրականացման դէպքում չափազանց բարդանալու են Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծումը՝ Արցախի ինքնորոշման եւ արցախահայութեան անվտանգ վերադարձի իրաւունքի հարցը։
Այսօրեայ զարգացումները զարմանալիօրէն նման են 1919-1921թթ․ իրադարձութիւններին։ Այսպէս, ՀՀ Վարչապետ եւ արտգործ նախարար Ալեքսանդր Խատիսեանը 1919թ․ սեպտեմբերի 4-ին ՀՀ Խորհրդարանին իր տւած ընդարձակ զեկուցման աւարտին ասել է․
«Վերջերս Շուշիում տեղի ունեցաւ Ղարաբաղի հայերի համագումարը, որը ադրբեջանեան թնդանօթների եւ անխուսափելի կոտորածի սպառնալիքի տակ, ստիպւած եղաւ ընդունել ժամանակաւորապէս Ադրբեջանի իշխանութիւնը Ղարաբաղի վրայ։ Այսպէս ուրեմն՝ մեր կառավարութիւնը իրեն կանգնած զգաց արդէն կատարւած փաստի առջեւ, որը, սակայն, չի կարող փոխել բոլորովին մեր սկզբունքային հայեցակէտը Ղարաբաղի հարցի վերաբերեալ: Կառավարութիւնը յայտարտրում է՝ չկայ վճռականապէս եւ ոչ մի հիմք փոխելու իր տեսակէտը Ղարաբաղի հարցի վերաբերեալ։ Կառավարութիւնը այս հարցում շարունակում է պաշապանել այն տեսակէտը, ինչ որ ունեցել է մինչեւ այժմ․․․ Ղարաբաղից չենք կարող հրաժարւել»։
(«Նոր Աշխատաւոր» բանւորական եւ գիւղացիական օրաթերթ, ՀՅԴ Վրաստանի կենտրոնական եւ Թիֆլիսի տեղական կոմիտէների օրգան, 1919 սեպտ․ 7, էջ 3)
Իրադարձութիւնները զարմանալիօրէն նման են միմեանց, բայց եւ տրամագծօրէն հակոտնեայ են ՀՀ իշխանութիւնների մօտեցումները․․․ երեկ՝ ազգային, այսօր՝ ապազգային, չասելու համար՝ հակազգային։
Ազգային գաղափա՞ր, պետական շահերի գիտացութի՞ւնն է անհրաժեշտ ՀՀ ներկայիս իշխանութիւններին, թէ՞ քաղաքական կամք։ Աներկբայօրէն երկուսն էլ՝ դէմ դնելու ալիեւեան հրովարտակին, որպէս պատմական հնարաւորութիւն՝ ՔՊ-ական իշխանախմբին ապազգային խարանը ճակատից մասամբ մաքրելու համար․․․»։