Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի յայտարարութիւնը

Սիրելի´ հայրենակիցներ

1988 թ. փետրւարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրւեց մի պայքարի հիմնաքար, որը դարձաւ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սեւեռակէտը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների արտահերթ նստաշրջանը, արտայայտելով հայ ժողովրդի միասնական կամքը եւ առաջնորդւելով ԽՍՀՄ սահմանադրութեան համապատասխան դրոյթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մէջ ընդգրկելու խնդրանքով:

ԼՂԻՄ հայ բնակչութեան սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի եւ բռնութիւնների քաղաքականութիւնը, որը 35 տարուց աւել դարձաւ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործելաոճը: Դրա բարձրակէտը 2023 թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցաւօք, աշխարհի լուռ համաձայնութեամբ Ադրբեջանը նոր ցեղասպանութիւն իրականացնելու սպառնալիքով բռնազաւթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետութեան ողջ տարածքը:

Պատմական ու ազգային այս մեծ ողբերգութեան արդիւնքում 150 հազար արցախցիներ ստիպւած էին տեղահանւել իրենց բնակավայրերից եւ ապաստան գտնել Հայաստանի Հանրապետութիւնում՝ հայրենիք վերադառնալու փափագով եւ ազգային արժանապատւութիւնը վերականգնելու յոյսով ու վճռականութեամբ:

Բայց հայի վերընձիւղւելու կամքն ու վճռականութիւնը երբեք թոյլ չի տւել յուսահատւել:

Փետրւարեան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականութեան, ազատութեան ու անկախութեան համար թափած արիւնն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժւարութիւնների առջեւ:

Մենք՝ որպէս Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ եւ արժանապատիւ վերադառնալու Արցախի Հանրապետութեան ժողովրդի իրաւունքը ոչ միայն օրինական է, այլեւ ամբողջովին տեղաւորւում է հիմնւած միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:

Չնայած տեսանելի եւ անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսւած իրաւունքի վերականգնումը պէտք է դառնայ ներկայ սերնդի գործունէութեան առանցքը:

Այսօր, յիշելով 1988-ի փետրւարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարութեան, ճշմարտութեան ճանապարհով ընթանալու եւ պատմական յիշողութիւնը պահպանելու մեր անօտարելի իրաւունքը:

Արցախի Հանրապետութեան ազգային ժողով

20.02.2025

Related Articles

Back to top button