ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վիկտոր Նադէին-Ռաեւսկի. «Հայաստանի շահերից է ինտենսիւ համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ»

«ԱԼԻՔ» – Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակէտով ժամանեց Հայաստան: Անցակէտում նրան դիմաւորել է Երեւանի բանագնաց Ռուբէն Ռուբինեանը:

Իսկ կէսօրին նրան ընդունել են ՀՀ արտգործնախարարութիւնում:

Օրեր առաջ լրագրողների հետ զրոյցում Ազգային ժողովի փոխխօսնակ, բանագնաց Ռուբէն Ռուբինեանն ասել էր, որ Թուրքիայի յատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկւելու է յարաբերութիւնների կարգաւորման ողջ օրակարգը:

Ուշագրաւն այն է, որ Քըլըչը հայաստանեան այցին ընդառաջ՝ պաշտօնական բանակցութիւնների նպատակով մեկնել էր Իգդիր եւ հանդիպել նահանգապետ Էրջան Թուրանի հետ։

Թուրքական «Անադոլու» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` Քըլըչը լրագրողների հետ զրոյցում նշել էր, որ Ռուբէն Ռուբինեանի հետ որոշակի քննարկումներ են ընթանում, նա նաեւ ասել էր, թէ կը վերանայեն ուսումնասիրութիւնները եւ կը հաստատեն նախկինում կատարւածները։

«Մենք կը քննարկենք, թէ ինչ կարելի է անել ապագայում երկու երկրների, մասնաւորապէս` այս տարածաշրջանի տնտեսական կեանքի համար»,- ասել էր Քըլըչը:

Թուրք դեսպանը խօսել էր նաեւ հաղորդակցութիւնների բացման մասին՝ «Թրամփի ուղի»-ն անւանելով «Զանգեզուրի գիծ»:

Նրա որակմամբ, այն կարեւորագոյն նշանակութիւն ունի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ ամբողջ Կենտրոնական Ասիայի եւ թուրքական պետութիւնների միջեւ կապն ապահովելու համար։ «Մեր ամենամեծ ցանկութիւնն է՝ կարճաժամկէտ հեռանկարում բացել այս գիծը՝ մեր նախագահի յանձնարարականներին համապատասխան, եւ նպաստել երկու երկրների, նաեւ՝ Իգդիրի եւ Կարսի տնտեսութիւնների զարգացմանը»,- նշել է Քըլըչը։

Թուրքիայի յատուկ ներկայացուցիչը նաեւ ասել է, թէ հայկական կողմը նոյնպէս դրական վերաբերմունք ունի այս հարցերի նկատմամբ:

«Մինչեւ որոշ նախագծերի իրականացումը, անհրաժեշտ է որոշակի տեխնիկական ուսումնասիրութիւններ անցկացնել, բայց մնացած դէպքերում մենք չենք առարկում նրանց մտադրութիւններին»,- նշել է նա։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրան էլ նշել է, որ շրջանը սահմանակից է երեք երկրների. «Այս գործընթացը մեծ ոգեւորութեամբ է գնահատւում մեր նահանգում: Մեր նախագահի ղեկավարութեամբ շատ լուրջ եւ կառուցողական քննարկումներ են անցկացւել մեր բոլոր սահմանակից հարեւանների հետ: Մենք ունենք Ալիջանի սահմանային դարպասը, եւ վերջերս հիմք դրեցինք 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղուն, որը նոյնպէս կապւած է Զանգեզուրի գծի հետ»։

Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի թղթակից Արաքս Մարտիրոսեանի հետ զրոյցում ասել է, որ հայ-թուրքական բանակցութիւնները վերաբերում են ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացի շրջանակում, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին, որն ԱՄՆ-ում անւանւեց «Թրամփի ուղի»:

Ըստ նրա՝ ակնյայտ է, որ ռեգիոնում այն անւանելու են՝ օգտագործելով «Զանգեզուր» անւանումը, որին երբեմն կը կցեն «միջանցք» բառը, երբեմն էլ՝ այլ որակումներ կտան:

«Ես կարծում եմ, որ հիմնական շեշտը եղել է հէնց այս երթուղին: Չեմ կարծում, թէ այս այցին ընդառաջ Իգդիրում կանգառը պատահական է. դա, ինչպէս նաեւ այնտեղ լրագրողների հետ շփումն ու փոխանցած ուղերձները խորհրդանշական են: Սակայն ընդհանուր առմամբ, վերլուծելով բանակցային այս գծի աշխատանքի արդիւնքները, կարող ենք ասել, որ այս տարիներին հանդիպումները չափազանց քիչ չէին, իսկ պայմանաւորւածութիւնները չկատարւեցին ու չեն կատարւելու: Ի դէպ, ուշագրաւն այն է, որ այդ պայմանաւորւածութիւնները վերաբերում էին երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն, եւ Թուրքիան նոյնիսկ դա չի անում, որպէսզի սահմանի փակ կարգավիճակը շարունակի լինել լծակ Հայաստանի նկատմամբ:

Հէնց սա էլ ցոյց է տալիս, որ այս հարթակն իր նպատակին չի ծառայում, քննարկումներն ընթանում են, գուցէեւ՝ անընդհատ ռեժիմով, սակայն արդիւնքներ չկան, քանի որ Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգում է իր քայլերը եւ Հայաստանի ուղղութեամբ որեւէ ինքնիշխան քայլ չի նախաձեռնում: Ըստ էութեան, բոլոր քայլերը եղել են Հայաստանի կողմից ու մնացել են անպատասխան: Ներկայումս էլ ակնկալելու են, որ Հայաստանը բաւարարի այս երթուղու վերաբերեալ թուրք-ադրբեջանական բոլոր պահանջներն ու մշակումները»,- նման կարծիք է յայտնել Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

Նա պնդել է, որ Քըլըչի այցը Հայաստան խորհրդանշական բնոյթ է կրում:

«Չի՛ յայտարարւելու որեւէ նոր պայմանաւորւածութեան մասին, չե՛ն իրականացւելու նախկին պայմանաւորւածութիւնները, որոնք հայ-թուրքական բանակցային օրակարգի գլխաւոր տարրն են: Սակայն, ինչպէս երեւում է, Թուրքիան այս այցը կօգտագործի այլ հարցեր քննարկելու համար, որը Սիւնիքով անցնող երթուղին է: Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ եւս հարցերը վերաբերում են քայլերին, որոնք ակնկալւում են ՀՀ-ից, եւ ոչ քայլերին, որոնք Թուրքիան պէտք է իրականացնի:

Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցային օրակարգերը վերաձեւում են այնպէս, ինչպէս ցանկանում են՝ միմեանց հետ համակարգելով ողջ գործընթացը: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ ձգտում են ոչ թէ հաւասարակշռւած յարաբերութիւնների, այլ ձգտում են Հայաստանից հերթով ստանալ իրենց անհրաժեշտ բոլոր համաձայնութիւնները. գաղտնիք չէ, որ ամենակարեւոր հարցերից մէկն էլ այս ճանապարհի հարցն է»,- նկատել է Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

Նա ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին, Ադրբեջանն ու Թուրքիան իրենց օրակարգն են առաջ մղում, նոյնիսկ «Թրամփի ուղի» անւանումը չեն կիրառում:

«Սա նշանակում է, որ նրանք այս հարցում առաջ են մղելու իրենց ողջ ծրագիրը: Ես կարծում եմ, ՀՀ շահերից է բխում այս հարցով ինտենսիւ համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ վերականգնելով ակտիւ մասնակցութիւնը «3+3» ձեւաչափում: Երեւան-Մոսկւա-Թեհրան համագործակցութիւնն այս հարցում կարող էր շատ էական ազդեցութիւն ունենալ, յատկապէս, երբ Մոսկւան ու Թեհրանն այս հարցով աշխատում են Անկարայի հետ: Սակայն ՀՀ-ն, որի տարածքով պէտք է անցնի այդ ճանապարհը, պէտք է համագործակցի, դա չափազանց կարեւոր է: Այս համագործակցութիւնը կարող էր փոխել ռեգիոնալ խաղի կանոնները»,- ասել է Վիկտոր Նադէին-Ռաեւսկին:

Related Articles

Back to top button