Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Մեր պայքարը կոչւած է թոյլ չտալու, որ պետութեան վերջնական քայքայումը տեղի ունենայ»

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 5-ին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում կայացել է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հերթական հանդիպումը ժողովրդի հետ:

Հանդիպման հիմնական թեման ՀՀ Սահմանադրութիւնն էր, որի օրը Հայաստանում նշում են յուլիսի 5-ին: Անդրադառնալով Սահմանադրութեան փոփոխութեան մասին խօսակցութիւններին, որոնք ակտիւօրէն շրջանառւում են ՀՀ գործող իշխանութիւնների եւ նրանց արբանեակների կողմից, Բագարտ Սրբազանն ասել է. «Մենք պէտք է խօսենք իրենց փոփոխութեան մասին, որ Սահմանադրութիւնը մնայ եւ երկիրը մնայ»:

Նա յաւելել է. «Ցինիզմը եւ պոպուլիզմը չափ ու սահման չունի այս մարդկանց մօտ, ժողովրդի կամարտայայտութիւնը իրենց փոխելն է, ոչ թէ Սահմանադրութիւնը: Իրենց Հայաստանը ֆէյսբուքի Հայաստանն է, կեղծ, իրենք իրական Հայաստանը կործանելու եզրին են»:

Նա ՀՀ Սահամանադրութեան օրւայ առիթով շնորհաւորել է հայրենիք ունեցող մարդկանց, պետութիւնն իրենց ուսերին կրող մարդկանց, պետութեան տեսիլքը կրող մարդկանց, պետութիւնը ստեղծող եւ կառուցող մարդկանց։

«Մեր խոնարհումն ենք յայտնում մեր բոլոր նահատակ հերոսներին, ովքեր իրենց կեանքով վկայեցին ու փաստեցին մեր գոյութեան իրաւունքի մասին։ Այսօր մեր Սահմանադրութեան հաստատման, հռչակման օրն է եւ մեր խորհրդանիշների օրն է՝ մեր դրօշի, օրհներգի, զինանշանի, այսինքն՝ հայ մարդու նկարագրի օրն է։ Մենք՝ որպէս հայութիւն, սփռւած աշխարհի բոլոր ծագերում, կոչւած ենք մեր բոլոր սրբութիւնների շարքին բարձրօրէն դասել, մեր գլխից ու կեանքից վեր պահել այս բոլոր խորհրդանիշները»,- յայտնել է նա:

Իր ելոյթում Բագրատ Սրբազանը նշել է, որ յաճախ խօսւում է օրէնքի, օրէնքի ուժի մասին՝ մոռանալով խօսել նաեւ իրաւունքի ուժի մասին, իրաւունքի՝ ընկալւող ոչ թէ 21-րդ դարի տերմինաբանութեամբ, այլ Աստւածաշնչեան իրաւունքի մասին, այսինքն՝ ճշմարտութեան մասին:

«Եթէ դրանք օրէնքներ են, ապա մեռած տառեր են։ Սուրբ գիրքը հէնց դրա մասին է խօսում՝ Արդարութիւնը եւ իրաւունքը, այսինքն՝ Ճշմարտութիւնը, համբուրւեցին,  հանդիպեցին։ Ամբողջ հասարակական կեանքի հիմնադրոյթը այս երկու արժէքներն են, բայց սրանցից երկուսն էլ մեր երկրում այսօր չեն գործում։ Օրէնքը ծառայում է որպէս ոչ մի բան: Բոլոր ժամանակներում օրէնքները սահմանւել են, որպէսզի բարենպաստ լինեն ժողովրդին ծառայութեան համար, այդ ժողովրդի՝ պաշտպանւած լինելու համար, ոչ թէ հակառակը․ իշխանութիւններին չէ, որ պաշտպանում են, այլ՝ ժողովրդին։

Ճշմարտութիւնը եւս ոտնահարւած է, ոչ միայն ոտնահարւած, այլեւ՝ գոյութիւն չունեցող։ Մենք ապրում ենք ստի մէջ՝ անօրինութեան, որը մարդկանց կեանքը դարձնում է անտանելի, բայց նաեւ օրինակ է դառնում, որ մարդիկ սկսեն դրան յարմարւելով՝ ապրել։ Դա բերում է երկրի ու պետութեան քայքայման, որի առջեւ մենք այսօր կանգնած ենք»,- ասել է նա՝ յաւելելով, որ պայքարը հէնց դրա համար է՝ թոյլ չտալ, որ պետութեան վերջնական քայքայումը տեղի ունենայ։

Սրբազանը նաեւ ներկաներին շնորհաւորեց Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առիթով`Վարդավառի, նշելով, որ այդ վարդերը թող վառւեն իրենց յաղթանակի ճանապարհին:

Նա յայտարարեց, որ յուլիսի 6-ին կայցելի Արագածոտնի մարզ, կը լինի Օշականում, Աշտարակում եւ Բիւրականում:

Related Articles

Back to top button