ԻրանՔաղաքական

Արաղչի. «Իրանը չի ձգտում միջուկային զէնքի. վե՛րջ»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին կրկին յիշեցրել է, որ Իրանը չի ցանկանում ձեռք բերել միջուկային զէնք: Այս մասին նա նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մէջ:

«Իրանը չի ձգտում միջուկային զէնքի. վե՛րջ:

Այս քաղաքականութիւնը հիմնւած է իսլամական ուսմունքների եւ մեր անվտանգային հաշւարկների վրայ: Փոխադարձ վստահութիւն է պէտք. սա միակողմանի ուղի չէ»,- գրել է նա:

Իր գրառման մէջ, մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն անդրադարձել է նաեւ Թրամփի մահափորձի դաւադրութեանը Իրանի մասնակցութեան մտացածին մեղադրանքներին.

«Յիշո՞ւմ էք արդեօք Իսմայիլ Հանիէի սպանութիւնը մեր նախագահի երդմնակալութիւնից անմիջապէս յետոյ։ Բոլորը գիտեն, թէ ով եւ ինչու է դա արել:

Եւ հիմա, հերթական ընտրութիւններից յետոյ, առաջ է քաշւել նոր սցենար՝ նմանատիպ նպատակով: Իհարկէ, քանի որ իրականում մարդասպան չկայ, սցենարիստներն էժանագին կոմեդիա են բեմադրել: Ո՞ր բանական մարդը կը հաւատայ, որ ենթադրեալ մարդասպանը նստած է Իրանում եւ առցանց զրուցում է FBI-ի հետ:

Ահա որոշ փաստեր, որոնք պէտք է հաշւի առնել.

Ամերիկայի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, իսկ Իրանը յարգում է ցանկացած նախագահ ընտրելու նրանց իրաւունքը։

Առջեւի ուղին նոյնպէս «ընտրութիւն» է։ Եւ այս ընտրութիւնը սկսւում է «յարգանքից»»:

Related Articles

Back to top button