ՄիջազգայինՔաղաքական

Լաւրովը բացայայտել է միջուկային փորձարկումների մասին Պուտինի կարգադրութեան մանրամասները

«ԱԼԻՔ» – «Հանրութեանը կը տեղեկացւի ՌԴ նախագահի յանձնարարութեամբ միջուկային փորձարկումներ սկսելու նպատակայարմարութեան մասին առաջարկների ուղղութեամբ տարւող աշխատանքի արդիւնքների մասին»: Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

«Արդիւնքների մասին հանրութիւնը կը տեղեկացւի»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով համապատասխան թեման։

Լաւրովը նաեւ նշել է, որ Մոսկւան դեռեւս դիւանագիտական ​​​​ուղիներով չի ստացել պարզաբանումներ Վաշինգտոնից՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի յայտարարութիւնների վերաբերեալ:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թրամփը յայտարարել էր, որ հրամայել է անյապաղ սկսել միջուկային զէնքի փորձարկումները հաւասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք, նրա խօսքով՝ ունեն միջուկային զէնքի ծրագրեր։

Նա իր որոշումը կապել է այլ երկրներում փորձարկման ծրագրերի առկայութեան հետ։ Թրամփի խօսքով՝ Միացեալ Նահանգներն ունի ամենամեծ միջուկային զինանոցը, բայց Չինաստանը կարող է հասնել նրան հինգ տարւայ ընթացքում։

Ի պատասխան Թրամփի յայտարարութեանը, նոյեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգութեան խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում պաշտպանութեան նախարար Անդրէյ Բելոուսովը խորհրդակցութեան ժամանակ յայտնել է, որ նպատակայարմար է համարում սկսել միջուկային փորձարկումների վերականգնման պատրաստութիւնը «Նովայա Զեմլեա» փորձադաշտում։

Պուտինը յանձնարարել է տեղեկութիւն հաւաքել, վերլուծութիւն կատարել ՌԴ Անվտանգութեան խորհրդի հարթակում եւ առաջարկութիւններ ներկայացնել միջուկային զէնքի փորձարկումների պատրաստման աշխատանքի հնարաւոր սկսման մասին։

Related Articles

Back to top button