Հայաստան - ԱրցախՄշակութայինՍփիւռք

Յորդանանը յետ է կանչել «Օսկար»-ին ներկայացրած 11-ամեայ արցախցի Վրէժի մասին պատմող ֆիլմը

«ԱԼԻՔ» – Յորդանանը յետ է կանչել յորդանանահայ կինովաւերագրող Սարին Հայրապետեանի «Տունս քաղցր ա» վաւերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոյանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն միջազգային ֆիլմ» անւանակարգում ներկայացնելու համար:

Deadline-ին յայտնի է դարձել, որ Ադրբեջանի ճնշման տակ է Յորդանանը յետ կանչել ֆիլմը։ Կայքի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կառավարութիւնը գրել է Յորդանանի արտաքին գործերի նախարարութեանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրութիւնը։ Նախարարութիւնն էլ իր հերթին ճնշում է գործադրել Յորդանանի թագաւորական կինոյանձնաժողովի վրայ՝ ֆիլմը յետ կանչելու համար:

Ռեժիսոր Սարին Հայրապետեանը եւ պրոդիւսեր Ազզա Հուրանին Deadline-ին ասել են. «Սա շատ կործանարար նորութիւն է մեր թիմի համար, որ արգելւել, հետեւաբար լռեցրել են երեխային պատմելու իր պատմութիւնը՝ իր տան եւ ընտանիքի հանդէպ սիրոյ մասին: Որպէս վաւերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննութիւնը ստիպում է մեզ էլ աւելի ակտիւ կիսւել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխաւոր հերոս Վրէժի պատմութիւնով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիւ երեխաների փորձութիւնները, ովքեր արժանի են երազել ազատօրէն՝ առանց պատերազմի եւ հակամարտութեան սպառնալիքի»:

Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպէս լաւագոյն վաւերագրական ֆիլմ, եթէ նրանք հետեւեն որակաւորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակաւորման փուլ կազմակերպելու համար:

Այս ամենին անդրադարձել է նաեւ վաւերագրական ֆիլմերի ռեժիսոր Յովհաննէս Իշխանեանը:

«Երկրորդ հայկական ֆիլմն է, որ Ադրբեջանի պահանջով գրաքննւում է:

Առաջինը Տատեանա Սպիւակովայի «Այն ամէնն, ինչ ինձ պէտք է» ֆիլմն էր, որը Մարոկկոյի փառատօններից մէկից հանեցին Ադրբեջանի պահանջով:

Դիւանագիտական հիմնադրամը նամակ էր գրել Մարոկկոյի դեսպանատուն՝ հարցնելով, թէ ինչ-որ բան արել են, որ պաշտպանեն ֆիլմը: Ասել էին՝ ռեժիսորը մեզ չի դիմել:

Հիմա էլ Սարին Հայրապետեանի «Իմ քաղցր երկիր» ֆիլմը Ադրբեջանը հասել է նրան, որ հանեն Յորդանանի կողմից «Օսկար»-ին ներկայացնելուց»,- գրել է նա:

Նշենք, որ «Տունս քաղցր ա» վաւերագրական ֆիլմը պատմում է 11-ամեայ Վրէժի մասին, որը երազում է ատամնաբոյժ դառնալ Արցախում գտնւող իր գիւղում։ Երբ պատերազմը կրկին բռնկւում է, Վրէժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի աւարտից յետոյ կրկին վերադառնում աւերւած հայրենիք: Վրէժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողութիւններին, պատրաստւում ապագայ մարտերին, պայքարում իր տրաւմաների դէմ:

Related Articles

Back to top button