ՀՅԴ Բիրոյի անդամ Յակոբ Բագրատունու աշխատանքային այցը Մոսկւա

Ապրիլի 23-27-ը Ռուսաստանի Հայերի Միութեան հրաւէրով Մոսկւայում աշխատանքային այցով գտնւում էր Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Մերձաւոր Արեւելքի հարցերով պատասխանատու եւ Հայկական խորհրդարանական դաշինքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։
Այցի շրջանակում Բագրատունին մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշաքարի պսակադրութեան արարողութեանը, որից յետոյ որպէս յատուկ հիւր՝ բանախօսութեամբ եւ յատուկ ուղերձով հանդէս է եկել «Պրեզիդենտ հոթել»-ում կազմակերպւած միջազգային համաժողովում, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնութեան պետական այրեր, գիտական, հասարակական եւ քաղաքական շրջանակների, ինչպէս նաեւ հայկական համայնքային կազմակերպութիւնների աւելի քան 300 ներկայացուցիչներ։
Իր ելոյթում Յ. Բագրատունին նշել է.
«111 տարի յետոյ էլ պատմութիւնը կրկնւում է Արցախում, Հայաստանի սահմաններին եւ Սփիւռքում, որովհետեւ ցեղասպան յանցագործը իր պատիժը չի ստացել։ Այսօր Սփիւռքի եւ Հայաստանի պատմութեան վերջին հարիւրամեակին թերեւս ճակատագրական, անկիւնադարձային, ամենավտանգաւոր հանգրւանի դէմ յանդիման է կանգնել հայ ժողովուրդը թէ՛ Հայաստանում, եւ թէ Սփիւռքում։ Հայաստանի ապազգային իշխանութիւնները, Արցախը ադրբեջանա-թուրքական տանդեմին յանձնելուց յետոյ, որոնք միասնաբար կը շարունակեն համաթուրանական եւ նէօ-օսմանեան ծրագիրը Հայաստանի աշխարհատարածքում եւ Միջին Արեւելքում։ Այսօր նաեւ, երբ վտանգը, թէ Արցախը Հայաստան է եւ վերջ ասելուց յետոյ տեսանք, թէ ինչ ճակատագրի արժանացաւ Արցախը, երբ տեսնում ենք, որ ադրբեջանական զօրքերը Մայր Հայաստանի տարածքն են արդէն գրաւում, եւ երբ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանութեան եւ նրա ներկայացուցիչներն իրենց զիջողական քաղաքականութեամբ օրըստօրէ աւելի են տանում Հայաստանին պարտութիւնից պարտութիւն՝ ակամայ հարց ենք տալիս, թէ արդեօ՞ք ցեղասպան թուրքը չի սկսել իր ծրագիրն իրագործել եւ յաջողացնել»։
Ապրիլի 25-ին Յակոբ Բագրատունին հանդիպում է ունեցել ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպութեան ներկայացուցիչների, ուղեկից միութիւնների եւ Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների հետ՝ փոխանցելով ՀՅԴ Բիւրոյի ուղերձը եւ ներկայացնելով այն առաջնահերթ անելիքները, որոնց իրականացումը հայրենիքի եւ համայն հայութեան համար հրամայական է ներկայիս օրհասական հանգրւանում։ Հանդիպման ընթացքում քննարկւել են համահայկական կազմակերպւած աշխատանքի խորացման, ազգային օրակարգի շուրջ համախմբման, ինչպէս նաեւ սփիւռքեան կառոյցների առաւել համակարգւած եւ նպատակային գործունէութեան հարցեր։
Ապրիլի 26-ին Հայ Առաքելական եկեղեցական համալիրի Տապան թանգարանում ՀՅԴ Հայ Դատի Մոսկւայի գրասենեակի նախաձեռնութեամբ կայացել է ընդլայնւած հանդիպում Յակոբ Բագրատունու հետ, որին մասնակցել են համակիր շրջանակների, Ռուսաստանի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ։
Հանդիպման ընթացքում Բագրատունին անդրադարձել է հայկական Սփիւռքի դերակատարութեանը եւ մասնակցութեանը ազգային շահերի պաշտպանութեանն ուղղւած գործընթացներում, ներկայացրել արտերկրում հայերի քաղաքական ներկայացւածութեան ներկայ ձեւաչափերը, ինչպէս նաեւ խօսել ՀՀ կեանքում Սփիւռքի դերի լայնացման հեռանկարների մասին։
Առանձին ուշադրութիւն է դարձւել Մերձաւոր Արեւելքում շարունակւող ճգնաժամերի ազդեցութեանը տարածաշրջանի հայկական համայնքների վրայ։ Քննարկւել են այդ պայմաններում հայկական կազմակերպութիւնների, մասնաւորապէս՝ ՀՅԴ կառոյցների, Հայ Դատի Մերձաւոր Արեւելքի մարմինների եւ ուղեկից միութիւնների կողմից իրականացւող աշխատանքներն ու անվտանգութեան ապահովմանն ուղղւած նախաձեռնութիւնները։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարաւորութիւն են ունեցել բարձրացնելու Սփիւռքի ներուժի արդիւնաւէտ օգտագործման, հայկական քաղաքական ներկայացւածութեան ընդլայնման, համահայկական օրակարգի շուրջ կազմակերպւած աշխատանքի խորացման, ինչպէս նաեւ ներկայիս տարածաշրջանային մարտահրաւէրների պայմաններում համազգային դիմադրողականութեան ամրապնդման վերաբերեալ հարցեր։
Յակոբ Բագրատունու մոսկովեան աշխատանքային այցը վերածւեց համահայկական օրակարգի առանցքային խնդիրների շուրջ քաղաքական, կազմակերպչական եւ գաղափարական քննարկումների կարեւոր հարթակի՝ վերահաստատելով ազգային համախմբման եւ Սփիւռք-Հայաստան համակարգւած գործակցութեան հրատապ անհրաժեշտութիւնը։
Ապրիլի 26-ին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունին հանդիպեց ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Եզրաս Սրբազանի հետ։ Հանդիպման ընթացքում Բագրատունին վերահաստատեց ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցի գործուն աջակցութիւնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ Հայրապետին, դատապարտելով գործող իշխանութիւնների կողմից Եկեղեցու եւ նրա առաջնորդների դէմ տարւող ապազգային, հակաքրիստոնէական պայքարը։ Եզրաս Սրբազանը ողջունեց Բագրատունու ապրիլքսանչորսեան օրակարգով ամփոփւած այցը Մոսկւա եւ իր օրհնութիւնը փոխանցեց Լիբանանի եւ Մերձաւոր Արեւելքի հայութեանը։



