Արմէն Ռուստամեան. «Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորել իրենց ջանքերն այս օրակարգի շուրջ»

«ԱԼԻՔ» – «Աշխարհաքաղաքական ներկայ զարգացումների խորապատկերի վրայ Հայաստանի շուրջ ձեւաւորւող անվտանգային սպառնալիքները օրէցօր դառնում են առաւել անմիջական եւ խիստ վտանգաւոր»։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում յայտարարութիւնների ժամին իր ելոյթում ասել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է. «Ադրբեջանի ղեկավարութեան հայատեաց ռազմաշունչ եւ ծաւալապաշտական յայտարարութիւններն ու քայլերը աւելի ու աւելի սանձարձակ բովանդակութիւն են ստանում եւ վերածւում վերջնագրերի։ Հայաստանի իշխանութիւններն իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարաւորութեամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտութեամբ, լծւել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնաւորելու եւ բաւարարելու ազգակործան գործին։
Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելութիւնն է ազատւել «կապիտուլիացիա, թէ պատերազմ» այս կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական, անշրջելի եւ արդար խաղաղութիւն։
Հետագայ անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաււած գոյութնական մարտահրաւէրները յաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել ստեղծւած իրավիճակի մէջ, ձեւաւորելով նոր որակի իշխանութիւն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:
Հրատապ անհրաժեշտութիւն է ամրապնդել եւ արմատապէս փոխել կառավարութեան քաղաքականութիւնը հետեւեալ երեք առաջնահերթ ուղղութիւններով.
Հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան պահպանման օրակարգի շուրջ համահայկական ազատորդաշարժի իրականացում:
Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թուրքական ժխտողականութեանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները եւ հայրենազրկումը անհետեւանք թողնելը գոյութենական սպառնալիք է հայկական ինքնութեանը, Հայաստանի ինքնիշխանութեանը եւ վաւերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադէպը։
Պաշտպանութեան գործում համաժողովրդական մասնակցութիւն ապահովելու տրամաբանութեամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանութեան անվտանգութեան համակարգերի հրատապ վերակառուցումը առկայ մարտահրաւէրների հաշւառմամբ։
Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետութեան ձեւաւորմանը եւ դիւանագիտական դիրքերի վերականգնմանը միտւած որակապէս այլ բովանդակութիւն ունեցող արտաքին քաղաքականութիւն, ինչը ենթադրում է ռազմավարական յարաբերութիւնների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների ու դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետութեան գոյութիւնը։
Այս մօտեցումը ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող յարաբերութիւններ։
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորել իրենց ջանքերն այս օրակարգի շուրջ։ Դաշնակցութիւնը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, որոնք կիսում են այս մօտեցումները եւ պատրաստ են պայքարել յանուն արժանապատիւ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի»: