Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեան. «Փաշինեանն անձամբ է աշխատել Արցախի լուծարման թղթի վրայ»

«ԱԼԻՔ» – Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին ոչ ոք չի ստիպել հրաժարական տալ, նա իմացել է, որ Նիկոլ Փաշինեանը պայմանաւորւել է Իլհամ Ալիեւի ու Էրդողանի հետ Արցախի հարցում ու Ադրբեջանի յարձակումից տաս օր առաջ հրաժարական է տւել։ Այս մասին 24TV-ի «Յետագիծ Նարեկ Գալստեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։

Նրա խօսքով՝ Արայիկ Յարութիւնեանի հրաժարականի պահանջ կար 2020-ի դեկտեմբերին, քանի որ նա չէր կարող պարտութիւնից յետոյ այլեւս ղեկավարել, սակայն Նիկոլ Փաշինեանը իմպերատիւ արգելել է նրան՝ խոստանալով դրանից յետոյ կտրել Արցախի ֆինանսաւորումն ու ինքը սկսել «բլոկադա»։ Բացի այդ, ըստ Սաղաթէլեանի՝ Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեանի յայտնի հրամանագիրը մինչեւ հրապարակումը խմբագրւել է անձամբ Նիկոլ Փաշինեանի կողմից։

Խօսելով անցած շաբաթ Իրանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի Հայաստանի իշխանութիւններին Իրանի օգնութեան նոր առաջարկի մասին՝ Իշխան Սաղաթէլեանը նշել է, որ այն կրկին մերժւել է այս իշխանութիւնների կողմից։

Ըստ Սաղաթէլեանի՝ այս տեղեկատւութիւնը ստացւել է ներքին խողովակներով, նա նաեւ հռետորական հարց է բարձրացնում՝ ուղղւած իշխանութեանը՝ կարո՞ղ էք, հերքէք։

Իշխան Սաղաթէլեանը անդրադարձել է նաեւ ընդդիմութեան անելիքներին. «Դաշնակցութեան համար թիրախը այս իշանութիւնն է, օրակարգը՝ սրանց հեռացնելը, երկիրը ստեղծւած իրավիճակից դուրս բերելը»:

Ստորեւ ներկայացնում ենք Իշխան Սաղաթէլեանի դիտարկումներից մէջբերումներ:

– Արայիկ Յարութիւնեանին որեւէ մէկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թէ ինչ է պայմանաւորւել Փաշինեան-Ալիեւ-Էրդողան եռեակը, եւ ինչ է սպասւում Արցախին, աղէտից մէկ շաբաթ առաջ լքել է պաշտօնը եւ հեռացել: Արայիկ Յարութիւնեանն ինքնակամ հեռանալուց առաջ նաեւ այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլեւս անիմաստ է, քանի որ այլեւս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լաւ գիտի թէ՛ Նիկոլ Փաշինեանը, թէ՛ Արցախի բարձրաստիճան պաշտօնեաները, որոնք չեն խօսում այդ մասին:

– Զաւեշտ է, որ ասում են՝ Դաշնակցութիւնը Արցախում յեղաշրջում իրականացրեց եւ յանձնեց երկիրը: ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանին ԱԺ նախագահի պաշտօն տալու առաջարկն արել է հէնց Արայիկ Յարութիւնեանը՝ աղէտից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Յարութիւնեանը շատ երկար խնդրել է, յետոյ այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ: Արցախի 33 պատգամաւորի շարքում Հ. Յ. Դաշնակցութիւնն ունի 3 պատգամաւոր, եւ ամենամեծ ցանկութեան դէպքում չէր կարող յեղաշրջում անել եւ Դաւիթ Իշխանեանին ընտրել ԱԺ նախագահ: Աւելին, այդ օրերին Արայիկ Յարութիւնեանին բազմիցս յորդորւել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետեւանքներ:

– Արայիկ Յարութիւնեանի հեռանալուց յետոյ ստեղծւած անիշխանութեան պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամուէլ Բաբայեանն ու ուրիշներ, օգտւելով ստեղծւած ծանր իրավիճակից, յայտնւել էին ասպարէզում, վարում էին սեպարատ բանակցութիւններ թշնամու հետ:

– Հ. Յ. Դաշնակցութիւնը լաւագոյնս գիտակցելով բոլոր ռիսկերը եւ վտանգները, հասկանալով, որ այս ամէնը կարող է եւ լինել ծուղակ, այնուամենայնիւ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտօնը՝ աղէտի նախօրէին Արցախին օգտակար լինելու առաքելութիւնն աւելի բարձր դասելով քաղաքական դիւիդենտներից:

– Արցախի նախագահի ընտրութիւններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգութեան խորհրդի նիստ, ստեղծւած իրավիճակի մասին պարբերաբար զեկուցւել է Նիկոլ Փաշինեանին, ով ամէն ինչից տեղեակ է եղել: Ստեղծւած իրավիճակում հաշւի է առնւել այն հանգամանքը, որ, եթէ Ադրբեջանը որոշել է յարձակւել, այսպէս թէ այնպէս յարձակւելու է, եւ որոշւել է ընտրել նախագահ՝ պետութեան կեանքը կազմակերպելու եւ, ամենակարեւորը, դիմադրութիւն ցոյց տալու համար: Արդիւնքում՝ ստեղծւած անիշխանութիւնը վերացնելու եւ Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամուէլ Շահրամանեանին ընտրել է նախագահ: Վերջինս, գիտակցելով պահի լրջութիւնը, մտել է այդ պատասխանատւութեան տակ:

– Աղէտի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետութեան լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունւել Արցախի ղեկավարութեան կողմից:

– Նիկոլ Փաշինեանն աղէտի օրերին Էրդողանի եւ Ալիեւի հետ պայմանաւորւածութեան համաձայն յայտարարել էր, որ ինքը որեւէ կերպ չի խառնւելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանութեանը եւ միայն զբաղւած էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դէմ դուրս չգան:

– Նիկոլ Փաշինեանը ոչ միայն տեղեակ է եղել Արցախի պետութեան լուծարման փաստաթղթի գոյութեան մասին, այլեւ աշխատել է դրա վրայ՝ ներկայացնելով առաջարկներ: Աւելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկւել է Երեւան եւ յետ է ուղարկւել Ստեփանակերտ, եւ այս մասին գիտի թէ՛ Արցախի խորհրդարանի պատգամաւորների մեծ մասը, թէ՛ առանձին տարբեր պաշտօնեաներ, որոնք, ցաւօք, չեն խօսում այդ մասին:

Related Articles

Back to top button