Վարուժան Գեղամեան. «Պայմանաւորւածութիւնների տրամաբանութեամբ յաջորդ 4 հայկական գիւղերի յանձնումը պէտք է կատարւի յուլիսի կէսին»
«ԱԼԻՔ» – «Նկատւում է ամէն բան այնպէս ներկայացնելու փորձ, որ հայկական 8 գիւղերի յանձնումից յետոյ լինելու է, ինչպէս փորձում են ներկայացնել հանրութեանը, իրական Հայաստան իրական սահմաններով»: Ինչպէս հաղորդում է News.am-ը` այս մասին «Արարատեան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ յունիսի 15-ին ասել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Ընդորում, Ադրբեջանը սկզբնապէս ցանկանում էր ստանալ բոլոր 8-ը միանգամից։ Բայց, տեսնելով դիմադրութիւն, որը կայ Հայաստանում, նրանք համաձայնեցին «4+4» տարբերակին։
Մայիսին տեղի ունեցաւ առաջին 4 գիւղերի յանձնումը, պայմանաւորւածութիւնների տրամաբանութեամբ՝ յաջորդ 4 գիւղերի յանձնումը պէտք է կատարւի յուլիսի կէսին։ Կորոշւի այսպէս կոչւած անկլաւների հարցը։ Բաքւի առաջնային նպատակը Տիգրանաշէնն է, որով անցնում է մէկ այլ մայրուղի, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ (Իրան- ԽՄԲ.)»,- աւելացրել է նա։
Նրա գնահատմամբ՝ առաջին անգամ Հայաստանի տարբեր մասերը կը բախւեն միմեանց հետ ինտեգրւելու խնդրին, ինչը կարող է յանգեցնել բացասական ժողովրդագրական հետեւանքների։
«Տեղի կունենայ ոչ թէ Հայաստանի ապաշրջափակում, այլ Հայաստանի համատարած շրջափակում։
Հայաստանի ներսում կը յայտնւեն փոքրիկ միջանցքներ, որոնք կոչւած կը լինեն ապահովելու Ադրբեջանի կապը այսպէս կոչւած անկլաւների հետ, որոնք կարող են յանձնւել»,- նշել է փորձագէտը։
Նա յաւելել է, որ այսպէս կոչւած սահմանազատման գործընթացը չի սահմանափակւում 8 բնակավայրերով։
«Այդ բոլոր գործընթացները կարագացնեն այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը։ Այս տարւայ վերջին Բաքուն նախատեսում է աւարտել ճանապարհաշինարարական աշխատանքներն օկուպացւած Արցախում։ Դա վկայում է այն մասին, որ ճնշումն այս հարցում կուժեղանայ այս տարւայ վերջին, եկող տարւայ սկզբին»,- եզրափակել է Գեղամեանը։