Տիգրան Աբրահամեան. «Նիկոլը ապաշրջափակման վերաբերեալ որոշակի «պարզաբանումներ» է տւել, որոնք ակնյայտ կեղծիք են պարունակում»
«ԱԼԻՔ» – «Նիկոլը ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերեալ որոշակի «պարզաբանումներ» է տւել, որով ոչ միայն հակասում է իր՝ նախորդիւ արւած մեկնաբանութիւններին, այլ ակնյայտ կեղծիք է պարունակում»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը:
«Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտի՝ ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերեալ, որոշակի «պարզաբանումներ» է տւել, որով ոչ միայն հակասում է իր՝ նախորդիւ արւած մեկնաբանութիւններին, այլ ակնյայտ կեղծիք պարունակող ձեւակերպումներ է արել:
Նախ, Փաշինեանը, ով 3 տարի է ընդհանրապէս այդ կէտում ՌԴ-ի ներկայութիւնը չէր տեսնում ու ակնյայտ մանիպուլիացիայի էր գնում, յանկարծ «յիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահւած գործառոյթ կայ ու այսպէս ձեւակերպել՝ «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահւել մոնիտորինգի ինչ-որ գործառոյթ՝ տեսնելու համար, թէ ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտաւորութիւնները»:
Բայց այստեղ էլ մէկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ յղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դէպի Սիւնիք) անցնող կոմունիկացիայի վրայ ռուսների գործառոյթը որպէս մոնիթորինգ անող է ներկայացւած:
Ու սա այն դէպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայութեան ֆունկցիան ո՛չ թէ մոնիթորինգ է սահմանւած, այլ որպէս ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ:
Արդեօ՞ք Փաշինեանը չգիտի մոնիթորինգ ու վերահսկողութիւն բառերի տարբերութիւնը կամ բացատրութիւնը՝ բացւածքով. վստահ եմ՝ շատ լաւ գիտի, սակայն հերթական կեղծիքն է գրում:
Վերահսկողութիւնն առաւել լայն հասկացութիւն է, որը ենթադրում է նաեւ մոնիթորինգ, սակայն վերահսկողութիւն տերմինի տակ նաեւ իրադրութեան կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման եւ անվտանգութեան տեսանկիւնից առաւել լայն լիազօրութիւններ կարող է ենթադրել:
Այստեղ նաեւ ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինեանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպէս են խօսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձութիւնը Պապ թագաւորի ժամանակ է եղել:
Երկրորդ, ցանկացած յիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պէտք է դիտարկել որպէս մէկ ամբողջութիւն՝ Ադրբեջանի չիրականացրած պարտաւորութիւնների շրջանակներում՝ Արցախում արցախցիների ներկայութիւն, նրանց անվտանգութեան միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջեւ անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:
Իսկ թէ ինչու է Փաշինեանը «յիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրոյթում ՌԴ ներկայութեան մասին, դա ոչ պակաս կարեւոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ»,- գրել է նա: