«Մեծարգոների ենթամշակոյթի» համար սահմանւում է խաղի յստակ կանոն՝ «Հաց եւ անմռունչ կաց իշխանութեան մօտ»
ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ
Մեզ սխալմամբ թւում է, թէ երէկւայ ամենակարեւոր ու ողբերգական իրադարձութիւնը հաւաքականի պարտութիւնն էր։ Իհարկէ, դա հաճելի տեսարաններից չէր։ Սակայն։
Երէկ (հոկտեմբերի 13-ԽՄԲ.) բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանութեան վարկածով։ 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արւած տօնական Երեւանի ֆոնին ցաւալիօրէն խորհրդանշական էր. սիւրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։
Երէկ նաեւ ՄԷԿ հոգու դասախօսութիւնն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց եւ կացի սոցիալ-հոգեբանական վերլուծութիւնը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երեւոյթների թեմայով կան ամբողջական տեսութիւններ, առւազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղութիւններ, աշխարհով մէկ աշխատել են (եւ աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանութեան եւ տնտեսագիտութեան տարբեր ուղղութիւններով հարիւրամեակներով աշխատում են այս եւ յարակից թեմաների շուրջ, որ կան Նոբէլեան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հէնց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդէն։ Դա մեր ընթացիկ իրականութիւնն է։
Այնուհանդերձ, եթէ խնդիր ես դնում հասկանալու, թէ իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (եւ նրա մոդիֆիկացւած տարբերակի) գաղափարախօսութիւնը հէնց իր թիմի, «մեծարգոների ենթամշակոյթի» համար է զարգացնում։ Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նիւթական արժէքներ, ինքնուրոյն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ… Դրանք ուղիղ հակասութեան մէջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակոյթի» համար սահմանւում է խաղի յստակ կանոն՝ «Հաց եւ անմռունչ կաց իշխանութեան մօտ»: