Հայաստան - Արցախ

Հնագէտները յայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին

«ԱԼԻՔ» – Հնագէտները յայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին՝ յայտնում է հեղինակաւոր Միւնսթերի համալսարանը։ Գերմանիայի հինգերորդ խոշորագոյն  համալսարանը փոխանցում է հայ-գերմանական հնագիտական թիմի համատեղ բացառիկ հնագիտական պեղումների վերաբերեալ իր տեղեկութիւնները։

Հայաստանի հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ դրանք ներկայացւած են «Հայ-գերմանական թիմի համատեղ յայտնագործութիւնը հնագոյն Արտաքսատա քաղաքում» խորագրով յօդւածում։

Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի եւ գերմանական Միւնսթերի համալսարանի հնագէտները հնագոյն Արտաքսատա քաղաքում յայտնաբերել են վաղ քրիստոնէական՝ նախկինում անյայտ եկեղեցու մնացորդներ։

Յայտնաբերւածն ութանկիւն շինութիւն է, որն ունի խաչի նման տարածւող թեւեր՝ տեղեկութիւնը բացառիկ լուսանկարներով ու նիւթերով հիմնաւորում է գերմանական հեղինակաւոր Միւնսթերի համալսարանը, որը գէոինֆորմատիկայի եւ աշխարհագրական տեխնոլոգիաների առաջատար կենտրոններից է։ Հէնց այս համալսարանի մասնագէտներն են հայ հնագէտների հետ ներկայում պեղումներ անում Արարատի մարզում՝ Խոր Վիրապի մօտակայքում։

«Հայ-գերմանական թիմի համատեղ յայտնագործութիւնը հնագոյն Արտաքսատա քաղաքում» խորագրով յօդւածը մէջբերում է Միւնսթերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիտենբերգերին, ըստ որի՝ «Հայ գերմանական «Արտաքսատա» հնագիտական ծրագրի վրայ աշխատող թիմը յայտնաբերել եւ պեղել է եկեղեցու առանձին մասերը եւ ուսումնասիրել եկեղեցին՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդներ: 4-րդ դարի թւագրւող շինութիւնը երկրի հնագիտական ​​փաստաթղթերով հնագոյն եկեղեցին է՝ Հայաստանում վաղ քրիստոնէութեան աղմկայարոյց վկայութիւնը»։

Համալսարանի յօդւածը յղում է անում նաեւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պրոֆեսոր Մկրտիչ  Զարդարեանին։

«Մինչ այժմ ութանկիւն եկեղեցիներ այստեղ յայտնի չէին, բայց մենք դրանք լաւ գիտենք Միջերկրածովեան տարածաշրջանի արեւելեան մասից, որտեղ դրանք ծագել են մ.թ. 4-րդ դարից»։

Արարատեան դաշտավայրում պեղումներով յայտնաբերւած եկեղեցական կառոյցը տիպաբանօրէն համապատասխանում է վաղ քրիստոնէական  համալիրներին։ Խաչաձեւ տարածւող կառոյցում հետազօտողները յայտնաբերել են նաեւ փայտէ հարթակների մնացորդներ, որոնք, ըստ ռադիոածխածնային մեթոդով թւագրման, մ.թ. 4-րդ դարի կէսերի են: Ութանկիւն կառույցի տրամագիծը մօտ 30 մետր է, ունեցել է պարզ շաղախով յատակ եւ հախճապակեայ սալիկներ։ Իսկ մարմարէ գտածօները ցոյց են տալիս, որ կառոյցը շռայլօրէն զարդարւած է եղել Միջերկրական ծովից բերւած այս նիւթով։

Related Articles

Back to top button