Փոխւել է արդեօք յարաբերութիւնների հարցում հասարակութեան բարքը
ՀԱՏԻՍ
Մեր այս էջով կատարւած անդրադարձերից քանիսը «Արարատ» մարզաւանի մասին էր: Պարզապէս «մի քանի երնէկ մի տողով»-ի պատկեր ստացւեց դրանով: Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի զեփիւռն էր, որ անցնում էր էջիս վրայով կարծես, միաժամանակ մեզ իր հետ յիշողութիւնների գիրկը տանելով:
Իսկ մեր այսօրւայ համարով, բնաւ մտադիր չէինք նորից խօսելու «Արարատ»-ի մասին, եթէ չլինէր կարեւոր պատի գրաֆիտին: Մտածէք՝ չենք խօսում մարզաւանի մասին:
Նրանք, ովքեր Հայաստանում ապրելու կամ սովորելու փորձ ունենան լաւ են հասկանում «Հրապարակի ժամացոյցի տակ» ձեւակերպումը, եւ թէ ինչ նշանակութիւն ունի այն:
Մեր դէպքում այդ «ժամացոյցը», առնւազն հին երիտասարդների համար, մարզաւանի «Սասունցի Դաւիթ» պատկերն էր պատին դաջւած:
Չգիտես դեռ ո՞ր ժամանակներից է յիշատակւել այդ՝ բետոնից էլ ամուր սրտով Սասունցի Դաւիթը: Կամ ինչպէս է մեր Սասունցին թամբած Քուռկիով «քշում» Սուրբ Սարգիս Զօրավարի սպիտակ ձիան փոխարէն: Սրանք երեւոյթներ են, որոնք բառացիօրէն տրամաբանական կապ չունեն միմեանց հետ. մէկն էպոս ու դիւցազներգութիւն է, միւսը՝ կրօն ու սրբադասւած հերոս, մէկում ժամադրում են, միւսում կանչում՝ ժամ…
Այնուամենայնիւ հասարակութիւնը քարի միջով ջրի պէս անցնել չգիտի: Նոյնիսկ տրամաբանութիւն «չվերցնող» սիրտ է գիրում քարից ու բետոնից սէր քամելով:
Մեր դէպքում մարզաւանի այս բետոնէ պատի տակ է վճռւել զոյգերից շատերի ճակատագիրը: Կար ժամանակ, երբ կատակով էին յիշում ժամադրութիւնից ուշացողների մասին՝ «Պատից ուշանալը ազդում է համայնքի թւաքանակի վրայ»: Վիճակագրութեան հետ ժամանակին սերտ կապի մէջ եղած մարզաւանի Սասունցի Դաւթի օղակաձեւ պատկերի ստեղծման գաղափարի մասին հեղինակիս կցկտուր տեղեկութիւններ կան միայն, սակայն նկարչի մասին յայտնելը նոյնքան կարեւոր է, ինչքան նկարելու գաղափարն էր:
Կրծքանշան յիշեցնող Սասունցի Դաւթի կլոր շրջանակով առաջին պատկերի հեղինակը Հայկազ Թամրազեանն էր: Առհասարակ Հայկազն իր արւեստով ու կատարողականով առաջատարների շարքերում էր: Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակի «Մե՛նք ենք մեր սարերը» (Մամիկն ու Պապիկը) եւս Հայկազի նոյն այդ տարիների գործերից է: Արխիւային լուսանկարներից կարելի է արձանագրել, որ Մամիկ Պապիկի այդ գրաֆիթին դեռ պատին նկարւած էր մինչեւ 1988 թւականը, երբ Արցախեան շարժումը դեռ համահայկական ալիք չէր դարձել, կամ այս աստիճան տարածում չէր գտել ու քչերը գիտէին առանցքային դերակատարութեամբ յուշակոթողների ու խորհրդանիշերի մասին:
Աւելի ուշ, Հայկազը, ով Արցախեան շարժման առաջին իսկ օրւանից միացել էր խորհրդանիշն իր արեան մէջ կրող ու յանուն հայրենիքի ազատագրման զէնք վերցրած գաղափարակից ընկերներին, 2014 թւականին վերադարձաւ ու մարզաւանի Սասունցի Դաւթի պատկերը հազար ու մի յոյսով վերաթարմացրեց, այս անգամ կապոյտ երկինք նկարելով ցանկանում էր լուսաւոր երկնքով ապագայ՝ գալիք սերունդներին: Նոյն օրերին վերաթարմացաւ նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու շրջափակի Մամիկն ու Պապիկը:
Հայկազն ու իր նմանները գիտակցում էին պայքարով կերտւած յաղթանակները պահպանելու կարեւորութիւնը: Գիտակցում էին, որ ազգի ու ազգային մատծողութեան հարցում, որքան կարեւոր է ՍԷՐ հասկացութիւնը… Նշենք նաեւ, որ Սասունցի Դաւթի այս պատկերն վերջերս նորից վերանորոգւել է արդէն նոր սերնդի գրաֆիստներից՝ Նադիայի ձեռամբ:
Հայկազը ցաւօք անսպասելի կերպով հրաժեշտ տւեց կեանքին: Հայկազից յետոյ մեր յաղթանակների շարքը եւս դադարեց 2018-ի այդ «թիւրիմացութիւնից» յետոյ: Իսկ երկու տարի անց այդ ձեռքբերումն արդէն հիմնայատակ քանդւեց՝ «Հայաստանն Արցախից ազատելու» սցենարի իրագործմամբ:
Սա ի միջիայլոց ասւեց…
Վերադառնանք մեր յարաբերութիւնների թեմային: Ժամանակակից աշխարհում, սակայն, կապի տեսակն ու հաղորդակցւելու միջոցներն են, որ եղանակ են թելադրում յարաբերութիւնների տեսակի հարցում: Որակը պայմանաւորւած է նրանով, թէ ինչքան կը տիրապետես այդ միջոցների կիրառմանը: Այստեղ ազգութիւնն ու մտածումներն իրենց տեղը զիջելու են (կամ արդէն զիջել են) կապին ու կապաւորներին ու դրանց ձեռնահասութեանը: Այնպէս, որ արժէքային համակարգն ու ազգութիւնների ճակատագիրը, առանց նախազգուշացւելու, (եւ ընդամէնը մէկ սերնդի տարբերութեամբ) լուրջ փոփոխութիւնների է ենթակայ, յատկապէս, ինքնութեան առումներով:
Սասունցի Դաւիթն այսօր ոչ մէկի համար «ժամացոյցի» դերում չէ: Պարզապէս այն պատին դաջւած նկար է: Իսկ, որոշ դէպքերում նոյնիսկ չեն էլ նկատում այն: Բայց ժամացոյցն այսօր հէնց գրպանում տեղաւորւող ու դէպի աշխարհը բացւող պատուհանից է երեւում: Մեր Սասունցի Դաւթին էլ, Հայկազին էլ, թերթւած էջ համարելը սխալ ձեւակերպում կը լինէր, սակայն ճիշտը այդ երկուսով յուշեր ունեցողների էջը թերթւելն է, որով հաստատ շատ բան է փոխւելու:
Հէնց այստեղ էլ՝ իրերի դերաբաշխումն ու առօրեայ կեանքում դրանց կիրառելիութիւնն է կարեւորւում, որից է պայմանաւորւած երեւոյթների ժամկէտանց լինելը նաեւ: Նոյն արագութեամբ, ինչ ժամանակակիցն է ժամանակավրէպ դառնում, ոչ հեռու անցեալն է դեռ փոշի չդրած՝ յայտնւում թանգարանների պահոցում:
Մինչեւ յաջորդ տողին անցնելը գայթակղութեանը չդիմացայ ասելու, որ Սասունցի Դաւթի ժամով լարած ժամացոյցի տակ լոյս աշխարհ եկած սերունդի սլաքներն այլ ժամացոյցի ու ժամի եղանակով են լարւում այսօր:
Անընդհատ յուշերի գիրկն ընկնելու թակարդում յայտնւելու փոխարէն ապաւինենք «պոէզիան կը փրկի աշխարհը» ձեւակերպմանը: Եթէ փորձենք սիրային պոէզիայից օրինակներ նշելով պատկեր փոխանցել՝ սերնդափոխութեան ճեղքի երկու կողմում յայտնւածների մասին, ապա պիտի զգուշանալ նաեւ շատ հեռուն չգնալով:
Դրւագ առաջին. երբ Սասունցի Դաւթի տակ ժամադրութեան գնացողների սերունդն իր սիրային արկածախնդրութիւնները բացատրում էր մինիմալիստական բանաստեղծութիւնների օգնութեամբ. Օրինակ՝ առաջին.
«Թէյի գրպանիկը (թիբագ) ներքուստ վառւում է՛ր, երբ բաժակին էր հանդիպում սեղանին: Մի օր բաժակը, երբ եռում էր, ու քրտնած էր ու թաց, յայտնւեց սեղանին: Թէյի գրպանիկը դանդաղ սահեց բաժակի մէջ ու այնտեղ շշնջաց…բաժակը կարմրեց…»
Բանաստեղծութեան հեղինակն անյայտ է: Սակայն այն սիրողներն այսօր արդէն մեր իմացած ծնողներ են:
Կամ մէկ այլ օրինակ արդէն նորերի համեմատ հին համարւող Յասմիկ Սիմոնեանի բանաստեղծական աշխարհից, երբ սիրախաղերը նա 18 պլուսով է երանգաւորում.
«…ու այդ շքեղ հպումներին նայում էր վարագոյրի մատների արանքով…»
Սա ուղղակի գիւտ է, ինչին կարող է հասնել միայն ընթերցող հասարակութիւնը: Իսկ ընթերցելու սովորոյթի ու մշակոյթի մասին քիչ աւելի ուշ:
Այժմ ժամանակակից սերնդին կեանք պարգեւած ու նոյն այդ պոէզիայի շնչով դաստիարակւած մերօրեայ երիտասարդի սիրած բանաստեղծութեան մասին:
Այն այնքան էլ պոէզիա չես կոչի, թէեւ ոչ մէկը չի կարող պնդել որ պոէզիան ինչ է կամ նոյնիսկ ինչը չէ: Աւելի ճիշտ եթէ «ռեփ»-ը քերթւածք ու ոտանաւորչական արւեստ համարելու պատճառ գտնենք: Մի իմաստուն վերջերս ասել է, որ հայհոյախառն բառակապակցութիւններով հանգաւորումներ են ֆրանք, որի տիրոյթում աւելի շատ ստրեսն է, քան ինքը՝ Սէրը: Պնդում չունեմ բայց…
Իսկ այսօր ընտանիքների «տաքուկ» գրկից իրական աշխարհ իջնող սերնդի աշխարհն ու մարդկանց սիրելու համար նա մէկ բանաձեւ գիտի: Սովորած տեսակից ու լսացից ստացած տպաւորութիւններով կիսւելը: Հանգաւորումների ռիթմիկ ձեռքերի շարժումների «ռեփ»-ով: Պատկերացրէք ձեռքերի նման շարժումով մարդիկ սէր են խոստանում: Բայց մէկ է երգում են: Մէկ-մէկ էլ պէտք է մեզ յուշեն, որ պէտք է մեր երկրնքից երկիր իջնել եւ հաշտւել իրականութիւնների հետ: Այսօր այդ սերնդին աւելի շար «Սթարվարզ»-ի կայծկլտացող թուրն է յայտնի, քան Սասունցի Դաւթի Թուր կայծակինը:
Արդար երեւալու համար նշենք, որ այսօրւայ սերնդի արագաշարժ մտքերն ու ունեցած գրական կայծով պոէզիայի գրագիտութեան սահմաններում մնալու փորձերն այնքան էլ վատը չեն, սակայն ուշադրութեանն արժանանալու առիթներն են կորած-անէացած: Ընթերցանութեան մասին նշածս ակնարկը յիշո՞ւմ էք: Այժմ այդ մասին …
Մշակութային շուկան, որպէս ժամանակակից հասարակութեան ձեռքբերում, կամ աւելի ճիշտ ձեւակերպումով՝ իւրաքանչիւր ժամանակաշրջանին համապատասխան մշակութային բարք, ենթարկւում է համապատասխան պահանջարկին:
Իրանի կտրւածքով կարելի է յստակ նշել, որ երիտասարդութեան մօտ կայ աւանդական արւեստի ու նախշերի նկատմամբ հակւածութիւն: Սա կարելի է տեսնել նոյնիսկ ընտրած սուրճի մագերի ու գաւաթների, զգեստի վրայի նախշերի, երբեմն էլ աւանդական համարւող գունային լուծումների ու «տարւայ երանգ» հասկացութեան կտրւածքով: Սակայն այսօր այդ մշակութային բարքը սահմանափակւում է միայն երեւացող արւեստներում:
Այն չի ազդել գրքերի տպաքանակի կամ վաճառքի վրայ: Գրականութիւնն այստեղ ոչ թէ ընթերցւում՝ այլ դառնում է ռիթմիկ արտայայտութիւնների տակ ծնւած երաժշտութիւն: Բառերն իրենց տեղը զիջում են սոցցանցային տերմիների, մէկ-մէկ էլ՝ ստիկերների…
Կարճ հաղորդագրութիւնների դէպքում նոյնպէս: Կարճը կրճատելու հմտութիւնը միշտ չէ, որ արժէք է, իսկ երբ համընդհանուր արժէքի փոխարէն է մատուցւում, ցաւոտ զիջումների է գնում նաեւ լեզուն:
Իսկ երբ լեզուն է զիջումների գնում, դա նշանակում է, որ լեզւամտածողութիւնն է կործանւում: Որ այսպէս առաջ գնանք, չի ուշանայ այն օրը, երբ «թէյի այդ գրպանիկի սիրոյ շշնջոցի» փորձերը միայն հասկացւելու է շարժումների թիւրիմացութեան մուդով ու տարերքում:
Նոր ու նորարար երեւալու տենդն այնքան է տարածւել, որ «Վերջին ընթրիք» կտաւից մարդիկ ամէն գնով փորձում են լղոզւած պատկերներ ստանալ: Բանը նրանում չէ, որ արւեստն ազատութիւն է սիրում: Այլ հէնց նրանում է, որ արւեստին այդ ազատութիւնը պէտք է ստեղծագործելու համար, ոչ թէ ստեղծագորութիւնը մեկնաբանելու: Իսկ ներարկւող այդ թիւրիմացութիւնների հիմքում «չստեղծագործական» միտքն է: Իր տեսակի մէջ նոր Դադայիզմի դրսեւորում, որը եկել է ամպրոպ նկարելու արւեստի գլխին: Եւ ոչ միայն արւեստի…