96 ժամւայ գործօնն ու… ՔՊ-ականների մէկշաբաթեայ «քննութիւնը»
ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Յունիսի 9-ի հանրահաւաքում ունեցած ծրագրային ելոյթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերեալ ձեւաւորւած մօտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարաւոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարութեան հրաժարականին եւ նոր կառավարութեան ձեւաւորմանը: Տւեալ դէպքում՝ դա անել խորհրդարանի վրայ հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահաւաքից յետոյ տասնեակ հազարաւոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ, շարժւեցին դէպի ԱԺ շէնք, որի մատոյցները ողողւած էին Նիկոլ Փաշինեանի իշխանութեան «պատասխանով»:
Պարզ ասած՝ ԱԺ յատկապէս ծառայողական մուտքին յարող Դեմիրճեան փողոցը ուղղակիօրէն «լցոնւած» էր ոստիկանութեան ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանութեան բոլոր վախերի ու սարսափների հնարաւորինս պերճախօս այդ դրսեւորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխաւորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մաղցր էր խօսում ցուցարար Փաշինեանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարաւորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հաւատարմութիւնը գործող իշխանութեանը, կամ որ նոյնն է՝ պարտւող ու յանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսեւորւեց, յամենայն դէպս, մի քանի անգամ նրա այդ դրսեւորումների հետեւանքով իրավիճակը Բաղրամեան պողոտայի վրայ բաւականին լարւեց: Այնպիսի տպաւորութիւն ստեղծւեց, որ ոստիկանապետը հէնց այդպիսի յանձնառութեամբ կամ ցանկութեամբ էր եկել «դէպքի վայր»:
Միւս կողմից՝ ակնյայտ էր, որ հսկայական բազմութիւնը գլխաւորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնւողները ամէն ինչ անում են, որպէսզի մարդկանց ու ոստիկանների միջեւ բախում չլինի: Սա յատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրւում է: Աւելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպէս ոստիկանութեան կողմից ներդրւած սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետեւեցին նրա յորդորին եւ հեռացան: Բայց ամէնից ուշագրաւն այն էր, որ ոստիկանութեան ղեկավարներից մէկը հէնց տեղում, շարժման իրաւաբանական թիմի ներկայացուցիչներից մէկի հետ բանավէճի բռնւելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնւած ոստիկաններ (իբր՝ «օպերատիւ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառոյթներ»):
Մեծ հաշւով, չնայած բազմաշերտ ներկայութեանը, ոստիկանութիւնը տանուլ տւեց իրավիճակն ու բանավէճը թէ՛ մարտավարական առումով, թէ՛, առաւել եւս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դէպքերի նկարագրութիւնը, մանաւանդ, որ շատերն, անկասկած, իրադարձութիւններին հետեւում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրւած գլխաւոր հարցին ու նախանշւած հանգուցալուծման հնարաւորութեանը: Ընդհանուր առմամբ, 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանում առկայ է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաեւ՝ իրաւական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրոյցի թեմա է: Այդ ճգնաժամը յարուցող գործօնները եւ պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինեանի կողմից իշխանութեանը կառչած մնալուն, որպէս իշխանութիւն «վերարտադրւելուն», ապա նաեւ խայտառակ աւտոկրատիայի վերածւելուն զուգընթաց, ճգնաժամն աւելի ու աւելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրւել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անւան տակ իրականացւում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամէնը էլ աւելի է խորացրել ճգնաժամը:
Աւելին, այն այլեւս ոչ թէ սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակութեան գոյութեան քաղաքացիաիրաւական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգեւոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշւով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթէ չասւի՝ հէնց այդ խնդրի մէջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որեւէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականութիւն ունեցող անձանց որեւէ խումբ արդէն վաղուց ինքնուրոյն թողած կը լինէր իշխանութիւնը՝ հասարակութեանը ընձեռելով հնարաւորութիւն՝ դուրս գալ հէնց իշխանութեան իսկ ստեղծած մղձաւանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինեանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատւածի մասին չէ: Այնուամենայնիւ, ակնյայտ է, թէ որքան է վախենում Փաշինեանը: Պարզ է նաեւ, թէ ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատւած շարասիւնը, հետը մի գումարտակ «թիկնազօրք» պտտելը հէնց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխաւորում է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան սպասաւոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը:
Այդ հանգամանքն արդէն ինքնին պէտք է շատ լաւ ազդանշան լինէր նոյն ՔՊ-ին, եթէ ոչ Փաշինեանին, որ հաշւեյարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպէս սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովւած համարել: Աւելին, Բագրատ Սրբազանը յստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկւում է ստեղծւած իրավիճակի, արդէն մօտ 4 տարի ձգւող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ եւ օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն աւերակած իշխանութեան անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապէս իրաւական հրաթութեան) որին պէտք է յաջորդի նոր՝ անցումային կառավարութեան ձեւաւորումը: Այո, առաջարկւող լուծումը թէ՛ քաղաքակիրթ է, թէ՛ անցնցում: Սակայն այստեղ կայ մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինեանն է, որն Արեւմուտքի, Էրդողանի ու Ալիեւի առաջ ստանձնել է այնպիսի պարտաւորութիւններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաեւ այդ առումով է «անկիւն մղւել»: Ու, որքան հեզօրէն ու պատրաստակամօրէն, որքան դիւրութեամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականութեան աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտօնից, յանուն որի նա կանգ չի առնի ոչինչի առջեւ, նոյնիսկ ամենածանր ելքով:
Փաշինեանի հոգին միշտ է փառաւորւել նման բաներից: Շատերը կարծում են, թէ պայքարի այս փուլը Փաշինեանից ազատւելու վերջին հնարաւորութիւնն է: Իրականում վերջին հնարաւորութիւնն է Փաշինեանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլեւս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չյանձնւեն… Բայց Փաշինեանը քանիցս ցոյց է տւել, որ պաշտօնն իր համար աւելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կը գերադասի, որ կործանւի Հայաստանը, քան թէ ինքը կորցնի իր պաշտօնը: Հարցն այն է, թէ արդեօ՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպէս մտածում… Պատասխանը երկար սպասել չի տայ: Երէկւայ օրը ցոյց տւեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինեանի անձնական շահերց վեր դասող ՔՊ-ականներ դեռ չեն յայտնաբերւել: Յունիսի 17-ը հեռու չէ: Ժամացոյցը տկտկում է…
«Փաստ»