Սուրէն Շահբազեան. «Յանուն համայնքի կայունութեանը պէտք է աջակցել կրթական ոլորտի ծրագրերին»
Անւանի գործարարի «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցը
ՀԱՏԻՍ – Ժամանակին Իրանի Հայ Արհեստաւորների միութեան վարչութեան անդամ, ինչպէս նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի երբեմնի անդամ, անւանի գործարար Սուրէն Շահբազեանին ներկայացնելով նոր բան ասած չենք լինի: Այս մասին լաւ ասացւածք կայ «նոյնիսկ չճանաչողը երբեմն աւելի լաւ է ճանաչում քան ինքը ճանաչողը»:
Պրն. Շահբազեանի մասին գրելու հիմնական շարժառիթը նրա ակտիւ մասնակցութիւնն ու ունեցած փորձն է կապւած համայնքային եւ առհասարակ ազգային աշխատանքների հետ:
Սուրէն Շահբազեանին առաջինը տւել ենք այն հարցը, որը սովորաբար հարցարոյցի վերջում են տալիս: Կը ցանկանայիք ինչով վերջացնելու փոխարէն՝ ի՞նչից սկսել մեր զրոյցը:
«Կրթական ոլորտի հետ կապւած բարեփոխումների անհրաժեշտութեան»,- նշում է նա եւ յաւելում, որ մեր երեխաների ապագան պէտք է կառուցել հէնց այսօր, երբ հնարաւորութիւնները օր-օրի նւազում են: Պրն. Շահբազեանը նշում է, որ հազիւ երկու հազար աշակերտութիւն ունեցող թեհրանահայ համայնքի ուսերին ծանրութիւն է անում թւով տասնը քանի դպրոցի ու կրթօջախի ծախսերը: Պէտք է շարժւել արտակարգ իրավիճակների օրինակով: Այո, քննադատութիւններ եւ բողոքներ լինելու են, սակայն օպտիմալացումը եթէ անհրաժեշտութիւն է, ապա դրա վնասներն լինելու են աւելի քիչ, քան դրական արդիւնքները: Այս մասին շատ է խօսւել, սակայն միշտ գործը փոխանցւել է յաջորդ շրջան, որն էլ մեծացող խնդրի պէս գնալով աւելի է ծանրանում ու դժւարացնում գործը»,- նշում է Սուրէն Շահբազեանը:
Դիտարկմանս, թէ այնպէս չէ, որ մարդիկ այս մասին չեն մտածում, կամ շէնք ու տարածք ազատելուց յետոյ դրանք չեն կանգնի նոր խնդիրների առաջ, պատասխանելով անւանի գործարարը նշեց, որ տնտեսական հարցերում կան ժամանակից առաջ շարժւող եւ մեծ կապեր ունեցող փորձագիտական կենտրոններ, որոնց օգնութեամբ հնարաւոր է նւազագոյն վնասներով յաղթահարել անցումային փուլը:
Յիշեցնելով, որ զրոյցի նպատակը միայն կրթական ոլորտի մասին քննարկումները չեն, յատկապէս, եթէ նախկինում եղած փորձերը խօսում են պահի տակ անխուսափելի որոշումների կամ լուծումների մասին, ինչը նաեւ երկրի տնտեսութեանը բնորոշ ձեւաչափ է, գործարարը նշեց, որ դեռ ուշ չէ եւ կարելի է ձեռքը սեփական ծնկին դնելով կանգնել: «Ժամանակին եղել եմ Արհեստաւորների միութեան վարչութեան կազմում: Ցանկութիւն կար ստեղծել մեգաընկերութեան ձեւաչափով մի կենտրոն, որը զբաղւելու էր Հայ արհեստաւորներին աշխատանքով կապել միմեանց: Սակայն մեզ մօտ միշտ մի բան սկսում է կաղալ, յատկապէս, երբ գործերը լաւ գնան, քանի որ մէկս միւսին տեսնելով վստահ է, որ եթէ ինքը չզբաղւի դրանով, ապա հաստատ կայ մէկը, ով զբաղւելու է… այնպէս, որ մեր թոյլ կողմը հէնց մեր ուժեղի վրայ է:
Համայնքին աշխուժութիւն է պէտք ներարկել պրն. Շահբազեանը կարեւորելով միութիւնների դերը համայմնքին աշխուժութիւն ներարկելու հարցում նշում է, որ նոյն դպրոցների ու աշակերտների քանակի խնդիրները նկատելի է նաեւ մեր այլ կառոյցներում: Միւթիւնները պէտք է լրացնեն այդ բացը, իսկ նշւած պատճառներով աւելի ծանրաբեռնւած աշխատանք է սպասւում բեմն ու դաշտը չլքողներին:
Դիտարկամնը, թէ իւրաքանչիւր աշխատանք եւ աշխուժութիւն համապատասխան ծախսերի է նայելու, պրն. Շահբազեանը արձագանգեց, որ դրա համար էլ «Թեմականին» առաջարկում է ստեղծել մի ենթայանձնախումբ, որը օգնելու է նման միջոցառումների կազմակերպմանն ու նիւթական բացը, թէկուզ մասամբ, ծածկելուն:
Գործարարի յաջողութեան գաղտնիքը
Ուղիղ չասւած խօսքի պէս փորձում ես այլ բանի մասին հարց տալով հասնել Շահբազեանների յաջողութեան գաղտնիքին, ինչին անւանի գործարարը խօսքը կտուրը չգցելու պէս տալիս է ամենաուղիղ եւ պատասխանը. «…եթէ ժամանկով նորից տեղափոխւենք իմ մանկութիւն, երբ բազմանդամ ընտանիքի զաւակ ես ու հայրդ ծանրաբեռնւած ռեժիմով ամէն ինչ անում է, որ երեխաները կուշտ գլուխը դնեն բարձին, ու դրան գումարած այն փաստը, որ այլեւս բանւորի աշխատավարձը չի հերիքում, որպէսզի բոլոր երխաների դպրոցի թոշակը ժամանակին վճարի, դու նորից կանես նոյնը, ինչ արեցիր այն ժամանակ: Քեզ թոյլ չես տայ բեռ լինել ընտանիքիդ գլխին: 6-րդ դասարանի աշակերտ էի, երբ եղբօրս հետ որոշեցինք թողնել դպրոցը եւ սկսեցինք աշխատանքի գնալ: Այդ ընթացքում «գիշերային դպրոց» կոչւածից չկտրւելով շարունակում էինք սովորել»… 17 տարեկանում նա արդէն միացել էր Քարաջի ամբարտակը կառուցապատող ընկերութեանը, ուր նաեւ իրեն լաւ դրսեւորելով արժանանում է արտասահմանցի մասնագէտների վստահութեանն ու աշխատանքի է տեղաւորում նաեւ եղբօրը: Մի քանի ամսում անգլերէնը թութակի պէս խօսելու աստիճան զարգացնելուց յետոյ նա դառնում է իր երազածին մօտիկ կանգնած կերպար: Շահբազեան եղբայրները աշխատանքից վաստակած գումարով կարողանում են վարկերի տակ թաղւած հօրն օգնել, որպէսզի տունը բանկի աճուրդին զոհ չգնայ: «Այսպիսով հայրս էլ առաջին անգամ խորը շունչ քաշեց: Ճիշտ է դպրոցից ու դասից կտրւեցինք, բայց եղբօրս հետ ամէն ինչ արեցինք, որ տան փոքրիկները շարունակեն կրթւել»:
Անւանի գործարարը նշածս «գաղտնիքի» մասին ժպտում է ու պատասխանում. «Շատ էինք տարւել աշխատանքով: Աշխատածն էլ խնայողաբար էինք ծախսում: Մեր ընկերները լաւ էլ շռայլաբար զբօսնում էին ու մէկ-մէկ էլ դիմում մեզ ու ասում՝ երիտասարդութիւնից բան չէք հասկանայ, կանցնի ու միայն կարօտը կը մնայ»: Յիշում է ու շարունակում. «Իսկ,երբ եղբօրս հետ մեր առաջին գործարանը բացեցինք, նոյն ընկերները մեզ մօտ արդէն բանւոր ու գործաւոր էին աշխատում»…
Պատերազմը եւ Շահբազեան արդիւնաբերական կենտրոնի դերը
Պատերազմի դառնութեան ու արհաւիրքի վրայ նստել է ժամանակի սփոփիչ փոշին: Արդէն յուշ դարձած 8-ամեայ պատերազմի մասին պատմելով, պրն. Շահբազեանը մեզ պատմեց. «Մի օր էլ մեզ մօտ Վիլիզ ջիփերով այցի եկան Պաշտպանութեան նախարարութիւնից: Խնդիր կար չպայթող կամ նշանակէտին չդիպչող ականների հետ: Հանդիպման արդիւնքն եղաւ այն, որ մէկ ամիս չանցած արդէն բանակը կանունաւոր կերպով ստանում էր ճշգրիտ դիպուկութեամբ եւ հայի բծախնդիր աչքերով յղկւած ականներ (տարբեր տրամաչափերով ականանետերի), որոնք մարտի դաշտում անթերի էին, միաժամանակ մեր խղճի վրայ չմնաց սիրելի Իրանը պաշտպանելու պարտաւորութիւնը, ինչպէս հարկն է կատարելը:
Պրն. Շահբազեանի հետ մեր զրոյցը շատ աւելի երկար տեւեց ու գնաց հասաւ Հայաստանում հիմնադրած նրանց արդիւնաբերական կենտրոն, ինչը ցաւօք վնասով փակել են, քանի որ արդիւնաբերողին պաշտպանող օրէնքի բացակայութեան եւ շատերին յայտնի ու անյայտ վերաբերմունքի կողքին, ակնյայտօրէն նեղել է շուկայի ստեղծման ծրագրերի բացակայութիւնը: