Անց են կենում սէր ու խնդում,
Գեղեցկութիւն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ
Կան անուններ, որոնք բոլորին ներշնչում են խորն յարգանք ու մեծարանք, դրանք անուններն են այն մարդկանց, ովքեր իրենց մաքուր զգացումները եւ հոգեկան ու արւեստի կարողութիւնները նւիրաբերում են ժողովրդին: Նրանք ժողովրդին ծառայում են որպէս հասարակական անխարդախ գործիչներ: Այդ սիրւած անուններից էր Սէթի Բեգիջանեանը, ով դեռ երիտասարդ տարիներից գործուն մասնակցութիւն է ունեցել արւեստի ասպարէզում:
Թւականիս, նոյեմբերի 19-ին, Թեհրանում սրտի տագնապի հետեւանքով, իր մահկանացուն կնքեց վաստակաւոր գեղանկարիչ, բեմադրիչ եւ ազգային-հասարակական գործիչ Սէթի Բեգիջանեանը՝ անհուն վիշտ ու ափսոսանք պատճառելով իր ընտանիքին, հարազատներին ու շրջապատին:
Ծնւել էր 1938 թւականին՝ Իրանի Կենտրոնական նահանգի Բուրւար գաւառի Սանգսֆիդ գիւղում, Եղիսաբէթ եւ Անդրէաս Բեգիջանեանների բազմանդամ ընտանիքի յարկի ներքոյ, ունի 4 քոյր եւ 4 եղբայր: 7 տարեկան հասակում ընտանիքի հետ թողնում է գիւղը եւ հաստատւում մայրաքաղաք Թեհրան, ուր ստանում է իր կրթութիւնը եւ անցնում աշխատանքի: Մի քանի տարի անց հիմնում է իր սեփական «Անետ» արւեստանոցը:
Սէթի Բեգիջանեանը 1958 թ. զբաղւել է թատրոնով, եւ 1960 թ. հիմնադրել «Անուշ» թատերախումբը: Ի մի բերելով մի խումբ ոչ-արհեստավարժ դերակատարների՝ երկարատեւ փորձերի ու տքնաջան աշխատանքների արդիւնքում՝ յաջողւել է բեմ հանել Յ. Թումանեանի «Անուշ» օպերան (վերածւած թատերգութեան, նաեւ երգային բաժիններով. երգերի երաժշտութիւնը՝ Արմէն Տիգրանեանի)՝1960, 1961 եւ 1981 թթ. Թեհրանի Սարդարապատ, Սէյէդ Խանդան, եւ Սասուն քաղաքամասերում, որոնք բեմադրութեան օրերում արժանացել են արւեստասէր հասարակութեան բուռն ընդառաջմանը:
Նա 1963 թ. Սարդարապատ քաղաքամասում բեմադրել է «Մաշթի Էբադ» օպերետը, որը եւս արժանացել է հանդիսականների գնահատանքին, մասնաւորապէս ջերմօրէն գնահատւել է ներկայացմանը ներկայ հանրայայտ կինոռեժիսորներ՝ Սամուէլ Խաչիկեանի, Արամայիս Աղամալեանի եւ անւանի դերասան Արմանի կողմից:
Սէթի Բեգիջանեանը համագործակցել է նաեւ Թեհրանի հայոց ազգային դպրոցների հետ՝ ներկայացումներ բեմադրելով դրանց տարեվերջի հանդէսներին:
Ամուսնացել է 1970 թւականին Նեկտար Մատթէոսեանի հետ եւ բախտաւորւել է երեք զաւակներով՝ երկու որդի եւ մէկ դուստր՝ Վրէժ, Անետ եւ Զարեհ անուններով, որոնց եւս դաստիարակել է հայեցի ոգով: Ունի չորս թոռներ՝ Րաֆֆի, Մոնթէ, Նայիրի եւ Անի անուններով:
Նա փարւած էր Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարախօսութեան՝ եւ 1981 թ. «Նայիրի» միութեան հիմնադրութեան սկզբնական օրերից մինչեւ իր դառնաղէտ մահը՝ գործուն մասնակցութիւն է բերել միութեան տարբեր բաժանմունքների աշխատանքներին:
Սէթի Բեգիջանեանը ունէր հզօր կամքի ուժ, հոգու կորով ու չկար գործ, որում թերանար, որեւէ հարց անլուծելի չէր թողնում, ամէն ինչ հեշտութեամբ յաղթահարում էր:
Նրա շրջապատի ընկերները եւ հարազատները յիշելու են նրան շատ երկար ժամանակ, որպէս օրինակելի հայր, հաւատարիմ ամուսին, ճշմարիտ ընկեր եւ գործունեայ ու յանձնառու անհատ:
Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:
Թո՛ղ այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի եւ որպէս մի պտղունց խունկ՝ մխայ նրա թարմ շիրիմին:
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութիւն եւ անդամներ