Այսքանից յետոյ թող մարդիկ որոշեն՝ փողոց դուրս գա՞լ, թէ՞ ոչ
ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր
Անկեղծ մի բան եմ ուզում հասկանալ՝ մինչ այդ մի քանի դրւագ յիշեցնելով.
Հայրենիքի փրկութեան շարժում – Վազգէն Մանուկեան. չյաջողեց: Լայն զանգւածներ չեկան փողոց. Վազգէն Մանուկեանը երիտասարդ չէր, «Գետաշէն յանձնող էր», եւ այլն, եւ այլն:
Արդիւնքում՝ խունտան վերարտադրւեց, եւ սկսւեց Արցախ-ՀՀ ադրբեջանիզացիայի նոր փուլը:
Դիմադրութեան շարժում – Իշխան Սաղաթէլեան եւ նախաձեռնողներ. չյաջողեց: Ուժերը չհերիքեցին. Իշխան Սաղաթէլեանը «զբօսանքի էր կանչում», «դիտաւորեալ ձախողեց», «կտրուկ գործողութիւնների չդիմեց», եւ այլն, եւ այլն:
Արդիւնքում՝ խունտան Ադրբեջանի զօրքերը «հրաւիրեց» Ջերմուկ ու Վարդենիս, նոր կոտորածներ կազմաքանդւած առաջնագծում, յաջողութեամբ ամփոփւեց Արցախի դաւաճանական յանձնումն ու աւարտին հասցւեց արցախահայութեան ցեղասպանութիւնը: Լայն թափով սկսւեց ՀՀ-ի ադրբեջանականացումը:
«Տաւուշը յանուն Հայրենիքի» («Սրբազան») շարժում – Բագրատ Սրբազան. ընթացքում է: Չնայած լայն կոնսոլիդացիային՝ կրկին լսում ենք. «մեր սրտով չի», «անփորձ է», «Ռուսաստանի թեկնածուն է», «ծրագիր չունի», «միամիտ հոգեւորական է», «կողքը մի օր տեսայ մէկին քայլելով՝ դուրս չեկաւ», «չգիտեմ՝ իր կառավարութեան կազմում ովքեր են լինելու», ու հրապարակ չգալու նման պատճառներ՝ ինչքան ուզէք:
Բայց նաեւ բոլորը գիտեն, որ Բագրատ Սրբազանը.
– ռուսի լրտես չի՝ հերքւեց,
– երեխաներ չունի՝ չի խաբել մարդկանց ու Եկեղեցուն,
– բիզնեսմէն չի՝ հերքւեց,
– Քոչարեանի կամ Ս. Սարգսեանի մարդը չի՝ բոլորը հասկացան,
– արտաքին ու ներքին խնդիրներին լաւագոյնս տիրապետող է,
– միաւորող է,
– վերկուսակցական է,
– իշխանատենչ չէ,
– ազգային բարձր արժէքների կրող է,
– արիստոկրատ է,
– խարիզմատիկ է,
– ուժեղ կամքի տէր է,
– պինդ ու յամառ է՝ դրական իմաստով,
– չափազանց ուժեղ եւ ոչ մի բանից չընկրկող է՝ ոստիկանապետի հետ «առերեսման» վերջին դրւագը վկայ,
– Եկեղեցուն չի տալու պետութեան ղեկը,
– պետականութիւնն ու ազգն ամէն ինչից վեր դասող է,
– բարոյական բարձր արժէքներ կրող ու քարոզող է:
Այսքանից յետոյ՝ ինձ համար արդէն անհասկանալի է՝ Բագրատ Սրբազանին էլ «պոզ ու պոչ կպցնող» ժողովրդի մի լայն հատւած իրականում Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ, ԿԱՄ Ո՞ՒՄ Է ՈՒԶՈՒՄ:
Բագրատ Սրբազանն ու Շարժումն, անշուշտ, կարող են ունենալ բացեր, թերութիւններ՝ իսկ ո՞վ է բացարձականացնում ամէն ինչ: Բայց արդեօ՞ք պէտք է տանը կամ աշխատանքային կաբինետներում նստել ու անխնայ որոնել չմիանալու պատճառ, թէ՞ գալ ու օգնել՝ շտկելու դրանք: Արդեօ՞ք պարզ չի՝ եթէ այս փուլում էլ չյաջողի Շարժումը, ապա.
– Նիկոլ Փաշինեանը երկիրը վերածելու է տոտալ բռնատիրութեան ու ծառայեցնելու է մի կլանի շահերին,
– արագօրէն յանձնւելու են «անկլաւները», եւ թշնամին նորովի է մխրճւելու երկրի խորքը,
– յանձնւելու է Սիւնիքի պարանոցը՝ իբրեւ «տարանցիկ ուղի», իրականում՝ թուրանիզացիայի հերթական պրոյեկտ,
– լայնօրէն սկսւելու է ադրբեջանցիների վերադարձը ՀՀ,
– փոխւելու է ՀՀ Սահմանադրութիւնը, մերժւելու է Անկախութեան Հռչակագիրը, վերանալու է այդ հռչակագրով ստեղծւած Հայաստանի ներկայիս Հանրապետութիւնը, նոր Սահմանադրութեամբ «հանրապետութիւնն» իրականում լինելու է թուրք-ադրբեջանական նախագիծ,
– ՀՀ-ն ամբողջովին մերժելու է Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, խզւելու է կապը աւանդական Սփիւռքի հետ, հայրենազրկւած բազմամիլիոն հայերի գոյութիւնն ամբողջովին իմաստազրկւելու է, եւ վերջիններս ուղղակի ձուլւելու, վերանալու են,
– լայն թափով սկսւելու է Ադրբեջանի ներկայացրած միլիարդաւոր դոլարների հասնող ռազմատուգանքների (ռեպարացիաների) վճարման գործընթացը, որը վերջ չի ունենալու, ինչի արդիւքնում ՀՀ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹԻՒՆՆ ԱՊՐԵԼՈՒ Է ՈՉ ԹԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ, ԱՅԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ՝ առաջիկայ տասնամեակներին: Սա՝ լաւագոյն դէպքում:
Նախորդ կէտի փոխարէն կարող է տեղի ունենալ հետեւեալը (նայած՝ Ադրբեջանն ու Թուրքիան ինչպէս կը ցանկանան). ՀՀ-ն կարճ ժամանակում դառնայ թուրք-ադրբեջանական պլացդարմ, մասնատւի, լուծարւի պետութիւնը, ազգաբնակչութեան մի մասը ճողոպրի Եւրոպա (Ֆրանսիան նաւեր կուղարկի Տրապիզոն կամ Բաթում), մնացեալ մասը ստրկացւի, եւ վերջ:
Եւ այս ամէնը ոչ թէ ցնորամիտ երեւակայութիւն է, այլ՝ ամիսների, անգամ՝ շաբաթների ընթացքում տեղի ունենալիք իրողութիւն. ցեղասպանւած Արցախը վկայ:
Էսքանից յետոյ թող մարդիկ որոշեն՝ փողոց դուրս գա՞լ, թէ՞ ոչ:
Յ. Գ. – Ու եթէ շատերին թւում է՝ Թուրքիան տասնամեակներ նախապատրաստւելով՝ չէր կարող գնել մի փոքր պետութեան իշխանութիւն, ապա նրանք չափազանց սխալւում են: