Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Այս պայքարը չընդհատւող պայքար է. չենք նահանջելու»

«ԱԼԻՔ» – Շարունակւում է Բագրատ Սրբազանի եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւիստների այցը Սիւնիք:

Երէկ՝ յունիսի 29-ին, Բագրատ Սրբազանն ու նրան ուղեկցողները եղել են Ներքի Հանդ եւ Դաւիթ Բէկ գիւղերում, ինչպէս նաեւ մարզկենտրոն Կապանում:

Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Բագրատ Սրբազանը յստակեցրել է, որ շարժումը չի նահանջելու.

«Այս պայքարը չընդհատւող պայքար է ու հէնց այնպէս դուրս չի եկել աշխարհի վրայ։ Մենք այսօր կռւում ենք չարիքի դէմ, դժբախտութիւն ու մահ բերողի դէմ։ Նա մարդկանց կեանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել թէ՛ իր առօրեայ ներկայութեամբ, թէ՛ որպէս կառավարիչ։ Մենք չենք նահանջելու, որովհետեւ նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»,- նշել է նա:

Բագրատ Սրբազանը ասել է, որ շարժումն այժմ վերադասաւորումների փուլում է, եւ շարժման անմիջական գործողութիւնները ցոյց կը տան, թէ ի վերջոյ ինչի է հասնելու այն:

«Փաշինեանը պէտք է հեռանայ եւ կը գնայ: Ինձ Մեղրիում մարդիկ ասել են՝ յանկարծ չնահանջէք»,- ասել է նա:

 Ներքին Հանդի բնակիչները եւս յորդորել են Բագրատ Սրբազանին չնահանջել իր սկսած պայքարից:

Դաւիթ Բէկ գիւղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սրբազանն անդրադառնալով զինւորների կեցութեան անյարմար պայմաններին՝ նշել է, որ նրանք շնորհքով կացարան չունեն ապրելու, մինչ դեռ պաշտպանութեան նախարարը երկու, երեք տուն ունի.

«Երբ քո ենթակայութեան տակ գտնւող, սահման պահող զինւորը ապրելու նորմալ կացարան չունի, բայց դու որպէս նախարար ունես երկու, երեք հատ տուն, երբ ժամանակին ոչ մի բան չունէիր, դա նորմալ չէ, ընդամէնը 4 տարւայ մէջ: Դրա համար էլ մեր տղերքը Ազատ գիւղում վառւեցին կացարանում»,- ասել է նա։

Դաւիթ Բէկի բնակիչներից մէկը Բագրատ Սրբազանին հարցրել է, թէ ինչ կը լինի խրամատում գտնւող զինւորի վիճակը, Բագրատ Սրբազանն ի պատասխան ասել է, որ երկու ճանապարհ կայ. «Կամ յուսախաբութեան մէջ սկսում ես ինքդ քեզ հեռու պահել ամէն ինչից, արդէն յուսահատւած, կամ էլ ընդվզում ես, ուրիշ ճանապարհ չկայ: Ինչի եմ ես հիմա այստեղ, իմ համար ապրում էի Տաւուշում, սա է խնդիրը: Մեր երկրից նախ պէտք է սուտը վերանայ, պաշտօնեան չի կարող խաբել, յաջորդ վայրկեանին էլ նա չպիտի պաշտօնեայ լինի»:

Նա նշել է, որ Ադրբեջանը միայն հողերի յանձնումով չի բաւարարւում եւ արդէն պահանջում է Սահմանադրութիւնը փոխել. «Յաջորդը ասելու են, որ իրաւունք չունեք բանակ պահել»,- ասել է նա:

Օրւայ վերջում Բագրատ Սրբազանը եղել է մարզկենտրոն Կապանում, որտեղ արժանացել է ջերմ ընդունելութեան: Նա շրջել է քաղաքում եւ զրուցել է բնակիչների հետ:

Related Articles

Back to top button