Գառնիկ Դանիէլեան. «Սիւնիքում դեռեւս բազմաթիւ անելիքներ ունենք»
«ԱԼԻՔ» – «Սիւնեցիների հիմնական մտահոգութեան առարկան անվտանգութիւնն է, որը խաթարւել է իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքով»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպէս տեղեկացրել էինք, եռօրեայ այցով Սիւնիքում ենք։ Երէկ Մեղրիի կենտրոնական հրապարակում հանդիպեցինք Մեղրիի, Ագարակի բնակիչների հետ։ Այսօր վաղ առաւօտեան բարձրացանք Խուստուփ լեռը, որտեղ յարգանքի տուրք մատուցեցինք լեռան լանջին գտնւող Նժդեհի շիրմին։
Այցելեցինք Ներքին Հանդ, անմիջական զրոյցներ ունեցանք բնակիչների հետ։ Ինչպէս եւ կանխատեսում էինք, սիւնեցիների հիմնական մտահոգութեան առարկան անվտանգութիւնն է, որը խաթարւել է իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետեւանքով։
Սիւնիքում դեռեւս բազմաթիւ անելիքներ ունենք։ Առաջիկայում հանդիպումներ կը լինեն նաեւ Կապանում, Քաջարանում, Գորիսում, Սիսիանում եւ մի շարք համայնքներում։
Թէեւ մեր այցը դեռեւս ընթացքի մէջ է, բայց արդէն կարող եմ նշել, որ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ, Սիւնիքում արժանանում է միմիայն ջերմ վերաբերմունքի»,- գրել է նա: