ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Դեսպան Սոբհանին ընդգծել է պաշտօնական Թեհրանի՝ ՀՀ տարածքային ամբողջականութեան վերաբերեալ դիրքորոշումը

«ԱԼԻՔ» – «Իրանը արտաքին քաղաքականութեան ոլորտում հաստատելով հաւասարակշռւած քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւններ բոլոր ազգերի հետ, ձգտում է լարւածութեան թուլացմանը, կոլլեկտիվ անվտանգութեան եւ դիւանագիտական ճանապարհով տարածաշրջանային ճգնաժամերի կարգաւորմանը»: Այս մասին երէկ՝ փետրւարի 10-ին, ասել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի կապակցութեամբ հրաւիրւած ընդունելութեանը:

Դեսպանը նշել է, որ այս տարիների ընթացքում Իրանը խորացրել է իր բարիդրացիական քաղաքականութիւնը եւ ընդլայնել  յարաբերութիւնները հարեւանների հետ:

Անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւններին, դեսպան Սոբհանին ասել է. «Ուրախալի է, որ այսօր Իրանի եւ Հայաստանի միջեւ առկայ առանձնայատուկ յարաբերութիւնները կարող են ներկայացնել որպէս երկարամեայ կապերի, բարիդրացիութեան, վստահութեան եւ փոխըմբնման վրայ հիմնւած յարաբերութիւններ: Այս երկար ճանապարհի ընթացքում մենք միշտ եղել ենք անբաժան հարեւաններ՝ աջակցելով եւ կիսելով միմեանց վիշտն ու ուրախութիւնը»:

Նա նշել է, որ անցեալ տարի երկու երկրների միջեւ առեւտրի ծաւալը կազմել է 755 միլիոն դոլար, Իրանը նախատեսում է այս ծաւալը հասցնել սկզբում մէկ միլիարդ, ապա 3 միլիարդ դոլարի:

«Մեզ յաջողւեց անցած տարի մեկնարկել Ագարակ-Քաջարան  ճանապարհի կառուցման շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակութեան ծրագիրը, որը Հիւսիս-Հարաւ միջանցքի առաջին հատւածն է: Անցած տարի գազ էլէկտրաէներգիայի դիմաց ռազմավարական պայմանագրի երկարաձգումը մեզ թոյլ տւեց աւելի մեծ ծաւալի գազ արտահանել դէպի Հայաստան: Մենք ջանք կը գործադրենք այս տարի աւարտին հաասցնել դէպի Իրան էլէկտրոհաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները եւ այն շահագործման յանձնել»,-ասել է նա:

Դեսպան Սոբհանին ընդգծել է, որ Իրանը մշտապէս հաւատարիմ է տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան, միջազգային սահմանների անփոփոխութեան եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը աջակցելու իր դիրքորոշմանը եւ ընդգծում է այդ դիրքորոշումը:

«Իրան-Հայաստան յարաբերութիւնները ընթանում են դէպի լուսաւոր հորիզոններ եւ ոչ մէկ չի կարող այն իր հունից շեղել: Կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ՛ Իրանը, կեցցէ՛ երկու ժողովուրդների յարատեւ բարեկամութիւնը»,- յայտարարել է դեսպանը:

Իրանի Իսլամական յեղափոխութեան 46-ամեակին նւիրւած պաշտօնական միջոցառմանը ներկայ են եղել Հայաստանի քաղաքական վերնախաւի ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի գլխաւորութեամբ։ Արարողութեանը ներկայ է եղել նաեւ ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետ Էդւարդ Ասրեանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանն էլ իր ելոյթում նախ շնորհաւորել է բարեկամ երկրի գործընկերներին՝ Իսլամական յեղափոխութեան 46-ամեակի կապակցութեամբ, ապա անդրադարձել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը։

«Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ բարձրաստիճան շփումներն ու փոխայցելութիւնները փաստում են, որ այդ յարաբերութիւնների ռազմավարական նշանակութեան վերաբերեալ երկու երկներում ձեւաւորւել է ընդհանուր ընկալում։ Ուրախութեամբ պէտք է արձանագրեմ, որ մենք այսօր Իրանի հետ ունենք բազմոլորտ համագործակցութիւն, որը մտադիր ենք հետեւողականօրէն ընդլայնել»,- ասել է նա։

Related Articles

Back to top button