Բագրատ Սրբազանը՝ Նժդեհի շիրիմի մօտ. «Ժամանակները մեզ են բերել հայրենիքի այս իրականութեան մէջ՝ պատասխանատւութիւն ստանձնելու եւ մեր հերոսներին հայրենիք ու պատիւ վերադարձնելու»
«ԱԼԻՔ» – «Մենք կանգնած ենք մի սրբազան վայրում, որտեղ արձագանգները միայն յաղթանակների մասին են, որտեղ մեր մեծ զօրավար Գարեգին Նժդեհն է ամփոփւած»: Այս մասին երէկ՝ յունիսի 29-ին, Խուստուփ լեռան լանջին` Գարեգին Նժդեհի շիրիմի մօտ ասել է Բագրատ Սրբազանը:
«Այստեղ են մեր հայրերն Գարեգին Նժդեհի (ԽՄԲ.) գլխաւորութեամբ կերտել յաղթանակ, որի շնորհիւ ոչ միայն Սիւնեաց աշխարհը, այլեւ՝ ամբողջ Հայաստանն ապրում է աշխարհի ազգերի շարքում: Իմ յուզումը մեր մեծի եւ մեր անպատիւ իրականութեան խաչաձեւման արդիւնքում է տեղի ունենում: Այս այցելութիւնն ուխտագնացութեան խորհուրդ ունի մեզ համար՝ մեր զօրավարին այցելելու, իրենից ուժ խնդրելու, իրենից առաջնորդութիւն հայցելու, որ այնպէս, ինչպէս այն օրերին, այն ճակատագրական օրերին իր զինակիցներով կարողացաւ ազատագրել իր տունը, այնպէս էլ այսօր կարողանանք ազատագրել»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը մէջբերել է Նժդեհի խօսքերից․«Կրօնները եւ հայրենիքները պահանջում են սպասաւորներ, որոնց ձեռքերը տաք են եւ մաքրամաքուր։ Այդպէս են կառուցւում պետութիւնները, այդպէս են մեծանում հայրենիքները»:
«Եւ այսօր ժամանակները մեզ են բերել մեր հայրենիքի այս դժւար իրականութեան մէջ` պատասխանատւութիւն ստանձնելու այդ ազատագրւող խորհուրդով մեր տան պատիւը վերականգնելու, մեր արժանապատւութիւնը վերականգնելու, մեր հայրենիքը վերականգնելու մեր մեծ զօրավարին եւ ընդհանրապէս մեր նահատակ հերոսներին հայրենիք եւ պատիւ վերադարձնելու: Իր եւ իրենց երազանքներն այս օրերի մասին չէին»,- ասել է նա:
Բագրատ Սրբազանը նշել է, որ այցելութիւնը ոչ մի արժէք չի ունենայ, եթէ յաջորդիւ չլինեն յաղթանակներ։
«Մենք յաղթանակի միտւած մարդիկ եւ ժողովուրդ ենք, ազգ ենք եւ մենք իրաւունք չունենք որեւէ ժամ այն կորցնելու մեր մտքերից, հոգիներից»,- նշել է նա։