Գոհար Դաւթեան. «Պայքարը չի մարել. շարժմանն էլ է ժամանակ պէտք ցանկալի արդիւնք ունենալու համար»
«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Բագրատ արքպիսկոպոս Գալստանեանի առաջանորդութեամբ, այսօր երեք օրով մեկնեցին Սիւնիքի մարզ, ինչի մասին յունիսի 27-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում ելոյթի ժամանակ յայտարարել էր Բագրատ Սրբազանը: Նա իր բոլոր ելոյթներում յայտարարել է, որ սրբազան պայքարը չունի այլընտրանք, քան այն հանգրւանը, որին պէտք է հասնեն, իսկ յատկապէս յունիսի 12-ից յետոյ շեշտւում է, որ այդ հանգրւանը ճշմարտութեան հաղթանակն է ընդդէմ ստի։ Չնայած վերջին օրերին ակտիւ բողոքի ակցիաներ ու հանրահաւաքներ տեղի չեն ունենում, սակայն Բագրատ Սրբազանը տարբեր հանդիպումներ, քննարկումներ է անցկացնում։
Չնայած իշխանութեան ներկայացուցիչները չեն հոգնում յայտարարել, թէ «շարժումն ինչպէս սկսւեց, այնպէս էլ մարեց»։
168.am-ի հետ զրոյցում 44-օրեայ պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարեանի մայրը՝ Գոհար Դաւթեանը, ասաց՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը չի մարել ու չի մարելու։
«Մարելու մասին խօսք անգամ չի կարող լինել, եթէ ինքս համարէի, որ շարժումը մարել է կամ մարելու է, ինքս շարժմանը նման ակտիւ մասնակցութիւն ցոյց չէի տայ։ Պատերազմից յետոյ Հայաստանում շատ շարժումներ են եղել, բայց որեւէ շարժման հետ դուրս չեմ եկել, 2020 թւականի պատերազմից յետոյ միայն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ էի, սակայն Սրբազանի շարժմանը միացել եմ, որովհետեւ հաւատում եմ։
Յիշէք, թէ մարտի դաշտում չար ուժերն ու դաւաճաններն ինչ արեցին, իրենց սեւ գործը կարողացան անել, հիմա էլ այդ նոյն ուժերը փորձում են շարժմանը խանգարել, ցաւօք, այդ չար ուժերը շատ են»,- նշեց Գոհար Դաւթեանը։
Մեր զրուցակիցը դժւարացաւ ասել՝ այդ չար ուժերը վախկո՞տ են, թէ՞ չունեն գիտակցութիւն, բայց նրանց թիւը մեծ է այսօր։
«Բագրատ Սրբազանն ասաց, որ նոյնիսկ, եթէ միայնակ էլ մնայ՝ պայքարելու է, բայց Բագրատ Սրբազանը չի կարող միայնակ լինել, որովհետեւ նրա կողքին հազարաւոր հայեր կան։ Հիմա ես ամէն ինչ թողել եմ Աստծուն, թող ամէն ինչ Աստծոյ կամքով լինի։ Այսօր մարդկանց մի մասը փողոց դուրս չի գալիս, որովհետեւ սեփական գիտակցութեան հետ խնդիր ունի, ցաւալի է, բայց այդ մարդիկ չեն զգում, թէ ինչ ենք կորցրել ու ինչ վտանգների առաջ ենք կանգնած։ Իրենց թւում է, թէ սա ֆիլմ է, ու իրենք կողքից նայում են, որ կարող է մէկ ժամ յետոյ աւարտւել»,- ընդգծեց նա։
Գոհար Դաւթեանն ասաց, որ չի եղել այնպիսի օր, որ Բագրատ Սրբազանի հետ փողոց դուրս չգայ, դուրս է գալիս, քանի որ յաղթանակին հաւատում է։
«Աստւած այս գործը յաջողելու է։ Մարդիկ կան, որ շատ են շտապում, ուզում են ամէն ինչ մէկ օրում լինի, ես նրանց հասկանում եմ, բայց երբ կինը հղի է, նա միանգամից չի զաւակ լոյս աշխարհ բերում, անհրաժեշտ է ժամանակ։ Այդ պատճառով, շարժմանն էլ է ժամանակ պէտք, որպէսզի ցանկալի արդիւնք ունենանք»,- եզրափակեց Գոհար Դաւթեանը։