Նիկոլայ Սիլաեւ. «Այն թիմով, որն այժմ գլխաւորում է Հայաստանը, «անվերադարձութեան կէտն» արդէն անցել է»
«ԱԼԻՔ» – Պատմական գիտութիւնների թեկնածու, Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգութեան կենտրոնի աւագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնները, տարածաշրջանում Արեւմուտքի դիրքորոշումը եւ Երեւանի ու Բաքւի միջեւ բանակցային գործընթացը։
«Այն թիմը, որ այժմ գլխաւորում է Հայաստանը, «անվերադարձելիութեան կէտն» արդէն անցել է։ Նոյնիսկ եթէ պատկերացնենք, որ Հայաստանի իշխանութիւնները 180 աստիճանով կը շրջւեն, ապա հազիւ թէ Մոսկւայում նման շրջադարձը ինչ-որ վստահութեամբ ընկալւի։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանութիւնները հասկանում են, թէ ինչի հետ են խաղում եւ փորձում են աւելի քիչ անշրջելի քայլեր անել, կամ գոնէ մեծ անդառնալի քայլեր չանել, ինչպիսիք են ՀԱՊԿ-ից դուրս գալը, ԵԱՏՄ-ից դուրս գալը, ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, թէեւ սահմանապահներին արդէն դուրս են բերել։ Հայաստանի իշխանութիւնները ելնում են նրանից, որ նման փոքր քայլերով նրանք կը հեռանան Ռուսաստանից»,- ասել է Սիլաեւը։
Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանի իշխանութիւններն իրենք են կազմակերպել Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնների ճգնաժամը։
«Ռուսաստանի եւ Հայաստանի յարաբերութիւնների այս ճգնաժամը Ռուսաստանի կողմից չի կազմակերպւել, դա եղել է Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Ուստի նրանք են պատասխանատու կատարւածի համար, եւ նրանք պէտք է կայացնեն այն որոշումները, որոնք բխում են իրենց քաղաքական գծից։ Միանգամայն նորմալ է, որ Մոսկւան չի ցանկանում պատասխանատւութիւն ստանձնել Հայաստանի հետ յարաբերութիւնների խզման համար, քանի որ Մոսկւան չէ այդ խզման հեղինակը»,- ընդգծել է Սիլաեւը։
Ըստ նրա՝ Հայաստանի ամբողջ ճանապարհը դէպի Արեւմուտք հանգում է նրան, որ փչացնի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։ Բայց դեռ ոչ ոք չի գնում Արեւմուտք, առայժմ միայն փչացնում են յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։
Նիկոլայ Սիլաեւը կարծում է, որ ԱՄՆ-ի ծրագրերը հանգում են նրան, որ հնարաւորութեան դէպքում եւ հնարաւոր ձեւով Ռուսաստանին վնաս պատճառեն: Դա կիրառում են Ուկրաինայում կամ Ռուսաստանի Կուրսկի մարզում։
«Եթէ նրանք կարողանան դա կիրառել Անդրկովկասում, բնականաբար, կօգտւեն դրանից։ Նրանց խնդիրն այն է, որ Ռուսաստանի հեղինակութեանը շօշափելի հարւած հասցւի, իսկ Հայաստանի հետ յարաբերութիւնների խզումը հարւած է Ռուսաստանի հեղինակութեանը։ Նրանք ցանկանում են, որ ինչ-որ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել տարածաշրջանում առանց Ռուսաստանի։ Ամերիկեան դիւանագիտութիւնը միշտ ելնում է նրանից, որ բոլորին պէտք է վտարել, որպէսզի ամէն ինչ որոշի միայն ԱՄՆ-ը»,- ասել է Սիլաեւը։
Ինչ վերաբերում է Երեւանի ու Բաքւի միջեւ բանակցային գործընթացին, ապա, ըստ փորձագէտի՝ Բաքւում արդէն համոզւել են, որ Հայաստանի վրայ ուժային ճնշումներն արդիւնաւէտ են աշխատում։
«Ցաւօք, Բաքւում համոզւել են, որ Հայաստանի վրայ ուժային ճնշումն աշխատում է, եւ իրենց տեսանկիւնից դա Հայաստանի հետ փոխգործակցութեան ամենաարդիւնաւէտ գործիքն է։ Եւ ես սպասում էի, որ նման ուժային ճնշման փորձերը կը շարունակւեն։ Ինչ վերաբերում է խաղաղութեան համաձայնագրին, ապա այժմ շատ դժւար է պատկերացնել, թէ ինչ կայ կողմերի սեղանին։
Բայց ես չեմ կարծում, որ Արեւմուտքը ճնշում կը գործադրի Ադրբեջանի վրայ՝ յանուն Հայաստանի շահերի։ Արեւմուտքին պէտք է ցանկացած համաձայնագիր, ինչ էլ որ լինի, բայց այն կնքւի առանց Ռուսաստանի։ Այն, ինչ գրւելու է այնտեղ, երկրորդ հարցն է։ Գլխաւորն այն է, որ Ռուսաստանն այնտեղ չլինի»,- եզրափակել է Սիլաեւը։