Այլ

Կալորիաների խիստ սահմանափակումը կարող է դեպրեսիա առաջացնել

Ցածր կալորիականութեամբ սննդակարգին հետեւելը մեծացնում է դեպրեսիայի ախտանիշների զարգացման հաւանականութիւնը։ Նման եզրակացութեան են հանգել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են BMJ Nutrition Prevention & Health բժշկագիտական  հանդէսում։

Հետազօտութիւնը հիմնւած էր 28 հազար չափահաս կամաւորների տւեալների վրայ, որոնք նախկինում մասնակցել էին Միացեալ Նահանգների Ազգային առողջութեան եւ սննդի հետազօտութեան հարցմանը։ Հետազօտութեան մասնակիցները բաժանւել են խմբերի՝ կախւած իրենց սննդակարգի բնոյթից։ Պարզւել է խիստ կալորիական սահմանափակումներով սննդակարգիրն հետեւողներն աւելի յակւած են եղել տառապելու հոգեէմոցիոնալ խանգարումներից։ Առանձնապէս ռիսկի էին ենթակայ տղամարդիկ եւ աւելորդ քաշ ունեցող մարդիկ։

Խիստ սննդակարգը կապւած է նաեւ կոգնիտիւ-աֆեկտիւ ախտանիշների աճի, մասնաւորապէս՝ յուզական ֆոնի խանգարումների եւ բացասական մտքերի հետ: Առանձին սննդանիւթերի (օրինակ՝ ճարպերի կամ ածխաջրերի) սահմանափակումն աւելի յաճախ ուղեկցւում էր սոմատիկ ախտանիշներով՝ տագնապ, լարւածութիւն եւ անհանգստութիւն։

Գիտնականների տւեալներով՝ նոր արդիւնքները հակասում են աւելի վաղ կատարւած հետազօտութիւններին, ըստ որոնց ցածր կալորիականութեամբ սննդակարգները կարող են բարելաւել հոգեկան առողջութիւնը։ Ինչպէս պարզաբանել են հետազօտութեան հեղինակները, նախորդ արդիւնքները հիմնւած էին կլինիկական փորձարկումների վրայ, որոնց ընթացքում մասնակիցները մասնագէտների հսկողութեան ներքոյ հաւասարակշռւած եւ ուշադիր պլանաւորւած սնունդ են ստացել։ Իրական կեանքում նիհարելու յակւած անձինք յաճախ բախւում են կարեւոր նիւթերի անբաւարարութեանը, ինչը նրանց հոգեկան եւ յուզական վիճակի վրայ կարող է բացասաբար անդրադառնալ։

news.am

Related Articles

Back to top button