Լաւ քունը սկսւում է աղիքներից։ Այս եզրակացութեանն են գալիս աւելի ու աւելի շատ հետազօտութիւններ, որոնք հաստատում են միկրոբիոտայի առանցքային դերը քնի, տրամադրութեան եւ սթրեսի նկատմամբ կայունութեան կարգաւորման գործում։ Ինչպէս նշում են մասնագէտները, աղիքային մանրէների կազմի խախտումները կարող են առաջացնել անքնութիւն, քնելուց առաջ տագնապ եւ ցիրկադային ռիթմերի խանգարում։ Այս մասին յայտնում է The Conversation պորտալը։
Աղիքներն ու ուղեղը կապւած են ազդանշանների բարդ ցանցով, որը կոչւում է «աղիք-ուղեղ» առանցք։ Դրա ամենայայտնի բաղադրիչը թափառող նեարդն է, որն ապահովում է երկկողմանի տեղեկատւութեան փոխանցումը։ Հետազօտութիւնների համաձայն՝ թափառող նեարդի ակտիւութեան ուժեղացումը նպաստում է նեարդային համակարգի աւելի հանգիստ տոնուսին եւ քնի սահուն անցումներին։
Սակայն դերակատարում ունեն ոչ միայն նեարդային ուղիները։ Աղիքային մանրէներն արտադրում են բազմաթիւ կենսաբանօրէն ակտիւ նիւթեր՝ սկսած մետաբոլիտներից մինչեւ նէյրոմեդիատորներ, որոնք ազդում են քնի հորմոնների վրայ։ Օրական ցիկլերը կարգաւորող սերոտոնինի մեծ մասը սինթեզւում է հէնց աղիքներում։ Այնտեղ է արտադրւում նաեւ մելատոնինը, որը պատասխանատու է գիշերային քնկոտութեան համար։ Որոշ օգտակար բակտերիաներ արտադրում են ԳԱՄԹ (Գամմա-ամինոիւղաթթու)՝ գլխաւոր արգելակող նէյրոմեդիատորը, որը նւազեցնում է տագնապի մակարդակը։ Այս բոլոր նիւթերը ձեւաւորում են ներքին կենսաբանական ժամացոյցի հիմքը։
Մանրէային հաւասարակշռութեան խախտման՝ դիսբիոզի դէպքում, ազդանշանները դառնում են քաոսային։ Սա անդրադառնում է քնի վրայ. առաջանում են քնելու դժւարութիւններ եւ գիշերային արթնացումներ։ Ոչ պակաս կարեւոր մեխանիզմ է բորբոքումը։ Առողջ միկրոբիոտան պահպանում է աղիքային պատի ամբողջականութիւնը եւ կարգաւորում է իմունային պատասխանը։ Երբ էպիթելը վնասւում է (օրինակ՝ սթրեսի կամ ոչ ճիշտ սննդակարգի պատճառով), արեան մէջ են ներթափանցում բորբոքային մոլեկուլներ, որոնք ազդում են ուղեղի արթունութեան կենտրոնների վրայ եւ խախտում քնի կառուցւածքը։
Աղիքային տոքսինների այսպէս կոչւած «արտահոսքը» առաջացնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի, բարձր մակարդակ, որը մարմինը պատրաստում է գործողութեան, այլ ոչ թէ հանգստի: Ստացւում է արատաւոր շրջան. սթրեսը փոխում է միկրոբիոմը, աղիքների խանգարումը մեծացնում է անհանգստութիւնը, իսկ վատ քունը մեծացնում է կորտիզոլի մակարդակը՝ աւելի խաթարելով մանրէային հաւասարակշռութիւնը:
Ժամանակակից տւեալները ցոյց են տալիս, որ աղիքների վիճակի բարելաւումը ուղղակիօրէն անդրադառնում է քնի որակի վրայ։ Սննդակարգում կարեւոր դեր ունեն պրեբիոտիկներով եւ պրոբիոտիկներով մթերքները, յատկապէս՝ ֆերմենտացւածները։ Դրանք օգնում են վերականգնել օգտակար բակտերիաները։ Շաքարի եւ գերմշակւած մթերքների սահմանափակումը նւազեցնում է բորբոքումը։ Կանոնաւոր սնւելու ռեժիմը պահպանում է աղիքների ներքին կենսառիթմերը, իսկ բաւարար խոնաւացումը ամրացնում է դրա պատերի պաշտպանիչ լորձաթաղանթային շերտը։
Հետազօտողները շեշտել են, որ խորը քունը զարգանում է մարդու քնելուց շատ առաջ։ Այն աղիքներում օրւայ ընթացքում կատարւող բարդ ֆիզիոլոգիական աշխատանքի արդիւնք է։ Երբ միկրոբիոտան հաւասարակշռւած է, ուղեղն աւելի հեշտութեամբ անցնում է հանգստի ռեժիմի, իսկ գիշերային քնի ցիկլերը դառնում են աւելի խորը եւ վերականգնողական։
News.am