Թոքաբորբի երեք անսպասելի ռիսկի գործոններ են բացայայտւել

The Lancet բժշկագիտական հանդէսում հրապարակւած նոր, լայնածաւալ գենետիկական հետազօտութիւնը ցոյց է տւել, որ թոքաբորբի զարգացման վտանգի վրայ ազդում են ոչ միայն ծխելը եւ ճարպակալումը, այլեւ որոշակի գէները՝ մատնանշելով մարդու խոցելիութիւնը այդ լուրջ վարակի նկատմամբ զգալիօրէն մեծացնող ժառանգական եւ վարքային գործօնների համադրութիւնը։
Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի գիտնականները վերլուծել են Ֆինլանդիայի եւ Էստոնիայի բնակիչների աւելի քան 600 հազար գենետիկական եւ բժշկական տւեալներ՝ պարզելու համար, թէ որ գործօններն են մեծացնում թոքաբորբի զարգացման հաւանականութիւնը՝ թոքերի բորբոքում, որը դեռեւս հոսպիտալացման եւ մահացութեան հիմնական պատճառներից մէկն է ամբողջ աշխարհում։
Հետազօտողները բացայայտել են թոքաբորբի բարձր ռիսկին առնչւող 12 գէնոմային շրջաններ, որոնցից ութը յայտնաբերւել են առաջին անգամ։ Այդ գէները յաճախ ներգրաււած են բորբոքային գործընթացների կարգաւորման մէջ՝ առանցքային մեխանիզմ, որի միջոցով օրգանիզմը պայքարում է վարակների դէմ։
Գենետիկ նախատրամադրւածութիւնից զատ, գիտնականները հաստատել են, որ ծխելը եւ մարմնի բարձր զանգւածի ինդեքսը (ճարպակալումը) ինքնին մեծացնում են թոքաբորբի զարգացման վտանգը։ Կարեւոր է նշել, որ նրանք ցոյց են տւել, որ այդ կապը կարող է պատճառահետեւանքային լինել, այսինքն՝ ծխելը եւ ճարպակալումը անմիջականօրէն նպաստում են հիւանդութեան վտանգի աճին, եւ սոսկ կապւած չեն դրա հետ։
Թոքաբորբի կրկնւող դէպքեր ունեցող որոշ բուժառուների եւ տարեցների շրջանում նիկոտինային կախւածութեանն առնչւող գէները առանձնայատուկ նշանակութիւն ունէին, ինչն ընդգծում էր՝ ինչպէս ծխելը զգալիօրէն խաթարում շնչառական համակարգի պաշտպանական մեխանիզմները։
Թոքաբորբը կարող է առաջանալ մանրէներից, վիրուսներից կամ սնկերից, եւ դրա ծանրութիւնը տատանւում է մեղմից մինչեւ կեանքին սպառնացող։ Ֆինլանդիայում տարեկան մօտ 50 հազար մարդ է հիւանդանում թոքաբորբով, որոնցից մօտաւորապէս կէսը հոսպիտալացման կարիք ունի։
Հետազօտութեան հեղինակների կարծիքով՝ ժառանգական ռիսկի գործօնների ըմբռնբումը ոչ միայն կօգնի բացատրել՝ ինչու են մարդկանցից ոմանք աւելի յաճախ հիւանդանում, այլեւ կօգնի ապագայում մշակել կանխարգելման եւ բուժման նոր մօտեցումներ, որոնք ուղղւած կը լինեն որոշակի գենետիկական մեխանիզմների։
News.am



