Պարերը թեթեւացնում են դեպրեսիայի ախտանիշները

Պարը կարող է մեղմել դեպրեսիայի ախտանիշները, օգնել հասկանալ դրա պատճառները եւ խթանել անձնական աճը: Այս եզրակացութեանն են հանգել Արեւելեան Ֆինլանդիայի համալսարանի հետազօտողները, որոնք համատեղել են հոգեբանութեան, սոցիալական հոգեբանութեան եւ արւեստի պատմութեան մօտեցումները: Հետազօտութիւնը հրապարակւել է Narrative Works ամսագրում։
«Դեպրեսիան հանրային առողջապահական լուրջ խնդիր է, եւ կայ լրացուցիչ բուժումների անհրաժեշտութիւն: Մենք գիտենք, որ ֆիզիկական ակտիւութիւնը օգնում է, բայց պարի նման արտայայտչական տարրերի ներառումը գործընթացը դարձնում է աւելի գրաւիչ եւ խորը», նշել է դեռահասների հոգեբուժութեան պրոֆեսոր Թոմի Տոլմունենը։
Պարերը նւազեցնում են սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի եւ նորադրենալինի մակարդակը, բարձրացնում դոֆամինի մակարդակը, որը կապւած է հաճոյքի եւ մոտիւացիայի հետ, ինչպէս նաեւ նպաստում է մարմնի գիտակցմանը եւ ծառայում է որպէս միջոց՝ արտայայտելու այն զգացմունքները, որոնք դժւար է բառերով արտայայտել:
Հետազօտութեանը մասնակցել են 7 դեռահասներ, որոնք ունեցել են թեթեւից մինչեւ միջին աստիճանի դեպրեսիա։ Ծրագրի շրջանակում նրանք ստեղծել են թւային պարային ներկայացում, որն արտացոլել է նրանց «ցանկալի ապագան»։ Օգտագործւել են իմպրովիզացիա եւ եռաչափ շարժման ձայնագրութիւն, ինչը թոյլ է տւել մասնակիցներին դիտարկել իրենց դրսից եւ մտորել իրենց վիճակի մասին։
Արդիւնքները ցոյց են տւել, որ նախագծին մասնակցութիւնը յանգեցրել է դեպրեսիւ ախտանիշների նւազմանը, ինքնագնահատականի բարձրացմանը եւ մարմնական յոյզերը ճանաչելու եւ զգալու ունակութեանը։ Հզօր ազդեցութիւն են ունեցել վստահութեան մթնոլորտը, խմբին պատկանելութեան զգացումը եւ աջակցութիւնը։
«Դեպրեսիան յաճախ խաթարում է սեփական մարմնական զգացողութիւնների ընկալումը, այն, ինչ անւանում են ինտերոցեպցիա։ Պարի միջոցով մասնակիցները կարողացել են վերամիաւորւել իրենց մարմինների հետ եւ նորովի զգալ իրենց ինքնութիւնը»,- բացատրել է Արեւելեան Ֆինլանդիայի համալսարանի աւագ գիտաշխատող, դոցենտ Հաննա Պոհիոլան։
Հետազօտողների խօսքով՝ պարի միջոցով զգացմունքներն արտայայտելու եւ իրենց դրսից տեսնելու հնարաւորութիւնն օգնել է դեռահասներին աւելի լաւ հասկանալ իրենց վիճակի պատճառները եւ սկսել ինքնաճանաչման գործընթացը։ «Մասնակիցների համար սա քայլ էր դէպի իմաստալից, լիարժէք կեանք՝ նպատակի եւ ուրախութեան զգացում սեփական շարժման մէջ»,- եզրափակել է Պոհիոլան։
Գիտնականները կարծում են, որ պարային արւեստի ձեւերի ներառումը հոգեթերապիայի ծրագրերում կարող է խոստումնալից մօտեցում լինել դեպրեսիւ խանգարումներ ունեցող մարդկանց աջակցելու համար։
News.am



