Երիտասարդ տարիքում սրտի առողջութեան վատթարացումը տասն անգամ բարձրացնում է ինֆարկտի ռիսկը

Բոստոնի բժշկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացութեան, որ երիտասարդ տարիքում սրտի վիճակը վճռորոշ դեր է խաղում հասուն տարիքում առողջութեան համար։
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են The American Journal of Cardiology ամսագրում։
Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ եթէ դեռահասութեան եւ վաղ հասունութեան տարիներին սիրտը աշխատում է ոչ իդէալականօրէն, ապա ապագայում բազմապատիկ անգամ մեծանում է սրտանօթային հիւանդութիւնների (ինչպիսիք են ինֆարկտը կամ ինսուլտը) ռիսկը։
Հեղինակները նշում են, որ վերջին տասնամեակների ընթացքում սրտի հիւանդութիւններից մահացութիւնը իսկապէս նւազել է, սակայն այժմ այդ առաջընթացը դանդաղում է։ Յատկապէս մտահոգիչ է, որ աւելի ու աւելի շատ երիտասարդներ ունեն սրտի առողջութեան թոյլ ցուցանիշներ։ Հետազօտութեանը մասնակցել են կամաւորներ, որոնց դիտարկել են տասնեակ տարիների ընթացքում՝ սկսած մօտաւորապէս տասնութ տարեկանից։ Հաշւի են առնւել ութ հիմնական գործօններ՝ սնունդը, ֆիզիկական ակտիւութիւնը, ծխախոտից հրաժարւելը, քունը, մարմնի քաշը, խոլեստերինի մակարդակը, ճնշումը եւ արեան մէջ շաքարի մակարդակը։
Արդիւնքները բազմացուցիչ են եղել։ Նրանք, ովքեր ի սկզբանէ վարել են առողջ ապրելակերպ եւ պահպանել լաւ ցուցանիշներ, ունեցել են սրտի հիւանդութիւնների զգալիօրէն աւելի ցածր ռիսկ։ Նրանց մօտ, ում վիճակը եղել է միջին եւ չի բարելաււել, ռիսկը մեծացել է երկու-երեք անգամ։ Իսկ այն մարդկանց մօտ, որոնց սրտի առողջութիւնը տարիների ընթացքում վատացել է, սրտի հետ կապւած խնդիրների հաւանականութիւնը գրեթէ տասն անգամ աւելի բարձր է եղել։
Գիտնականները շեշտում են, որ հէնց անցումային շրջանը՝ պատանեկութիւնից դէպի հասուն կեանք, դառնում է վճռորոշ։ Այս ընթացքում յատկապէս կարեւոր է ամրապնդել սիրտը պահպանող սովորութիւնները. սնւել հաւասարակշռւած, լիարժէք քնել, աւելի շատ շարժւել եւ խուսափել վնասակար կախւածութիւններից։ Որքան շուտ մարդ սկսի հոգ տանել իր սրտի մասին եւ որքան երկար պահպանի լաւ սովորութիւնները, այնքան աւելի մեծ են նրա երկար ու առողջ կեանք ունենալու շանսերը։
News.am



