Բնական միացութիւնները դանդաղեցնում են մաշկի սպիտակուցների վնասումը եւ պաշտպանում սիրտ-անօթային համակարգը

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ արեւապաշտպան ֆիլտրեր յիշեցնող բնական միացութիւնները, ուլտրամանուշակագոյն ճառագայթներից պաշտպանելուց բացի, կարող են ունենալ նաեւ այլ օգտակար յատկութիւններ։
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Bioscience, Biotechnology, and Biochemistry ամսագրում։
Այս նիւթերը, որոնք կոչւում են միկոսպորինանման ամինաթթուներ (MAAs), բնական ճանապարհով արտադրում են ծովային ջրիմուռներն ու ցիանոբակտերիաները՝ ծովերում եւ այլ ջրամբարներում ապրող միկրոօրգանիզմները։ Բնութեան մէջ դրանց հիմնական գործառոյթը վնասակար ուլտրամանուշակագոյն ճառագայթումը կլանելն ու բջիջները վնասումից պաշտպանելն է։
Գիտնականները համեմատել են երկու տարբեր մոլեկուլներ. մէկը ստացւել է ուտելի ծովային ջրիմուռից (porphyra-334), իսկ միւսը՝ աւելի հազւադէպ հանդիպող տեսակ է, որը յայտնաբերւել է Թաիլանդի տաք աղբիւրների ցիանոբակտերիաներում (GlcHMS326)։
Պարզւել է, որ երկու միացութիւններն էլ կլանում են UV-ճառագայթումը, սակայն գործում են տարբեր կերպ. մէկն աւելի լաւ է խոչընդոտում ծերացման գործընթացներին եւ սպիտակուցների վնասմանը, իսկ միւսն աւելի ուժեղ է պաշտպանում կոլագէնը՝ մաշկի առաձգականութեան համար պատասխանատու սպիտակուցը։
Բացի այդ, անսպասելի յայտնագործութիւն էր այն, որ լաբորատոր պայմաններում երկու մոլեկուլներն էլ նւազեցրել են արեան ճնշման կարգաւորման համար կարեւոր ֆերմենտի (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ՝ ACE) ակտիւութիւնը։
Այս ֆերմենտի արգելափակումն այն միջոցներից է, որոնցով ժամանակակից դեղամիջոցներն օգնում են վերահսկել բարձր ճնշումը, հետեւաբար՝ արդիւնքները նոր հեռանկարներ են բացում սիրտ-անօթային համակարգի համար հնարաւոր օգուտների հետազօտման հարցում։
Գիտնականները նաեւ պարզել են, որ այս բնական ֆիլտրերն ունեն հակաօքսիդանտային յատկութիւններ, այսինքն՝ օգնում են չէզոքացնել ազատ ռադիկալները՝ անկայուն մոլեկուլները, որոնք նպաստում են բջիջների ծերացմանն ու վնասմանը։ Սա դրանք հետաքրքիր է դարձնում ոչ միայն արեւապաշտպան միջոցների եւ կոսմետիկայի, այլեւ ֆունկցիոնալ յատկութիւններով սննդամթերքի համար։
Հետազօտողներն ընդգծում են, որ այս արդիւնքները դեռեւս ստացւել են լաբորատորիայում, եւ պարզ չէ՝ արդեօք նման ազդեցութիւններ կը նկատւեն կենդանի օրգանիզմներում, կամ ինչ չափաբաժնով կարելի է այս միացութիւնները ներառել կոսմետիկայի կամ դիետիկ մթերքների մէջ։
News.am



