Արցախի հինաւուրց հայկական Դրմբոն գիւղը սպասում է իր բնիկ տէրերին

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2026 թ. յունւարի 13-ին օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիեւը այցելել է օկուպացւած Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղ:
«Ազերթաջ» պետական լրատւական գործակալութեան հրապարակման համաձայն՝ «Գիւղն օկուպացիայից ազատագրւել է 2023 թւականին իրականացւած հակաահաբեկչական գործողութեան արդիւնքում։ …Իլհամ Ալիեւն այցելել է գիւղի բնակիչ Սարւան Աբբասովի ընտանիքին, ծանօթացել նրանց նոր տանը ստեղծւած պայմաններին… Կիսելով հայրենի հող վերադառնալու ուրախութիւնը՝ Սարւան Աբբասովը երախտագիտութիւն է յայտնել… Իլհամ Ալիեւն ընտանիքին մաղթել է բարեկեցութիւն հայրենի հողում։»:
Պէտք է նշել, որ հինաւուրց հայկական Դրմբոն գիւղն, այսպէս կոչւած, ադրբեջանական ներկայացւելու մասին դատողութիւնները կատարեալ սուտ են ու կեղծիք:
Ասւածն ապացուցւում է հետեւեալ փաստերով:
Սկզբնապէս ներկայիս Դրմբոն գիւղը հայերէն կոչւել է Մաչախ, իսկ հետագայում եկւոր թուրք-թաթարներն իրենց լեզւով այն կոչել են Հէյւալու կամ Յարմ յայլաղ:
«Հէյւալու»-ն բացատրւում է հետեւեալ կերպ. «հէյւա» թարգմանաբար հայերէն նշանակում է «սերկեւիլ» կամ «սերկեւլենի»: «Լու»-ն, ըստ երեւոյթին, նշանակում է «տեղ», «վայր»: Հետեւաբար, «Հէյւալու» նշանակում է սերկեւլուտ, այսինքն՝ տեղ, որտեղ կան մեծաքանակ սերկեւիլի ծառեր: Ամենայն հաւանականութեամբ Մաչախ գիւղում բաւական շատ են եղել սերկեւիլի ծառերը, որն էլ հաշւի առնելով՝ թուրք-թաթարները գիւղն իրենց լեզւով անւանել են Հէյւալու:
«Եարմ եայլաղ»-ը բացատրւում է հետեւեալ կերպ. «եարմ» հայերէն թարգմանաբար նշանակում է «կէս», իսկ «եայլաղ»-ը՝ լեռնային հով վայրերում գտնւող արօտավայր, որտեղ ամառները խաշնարածներն ապրում են իրենց անասնահոտերով: Հետեւաբար, «եարմ եայլաղ»-ը բառացի թարգմանաբար կը նշանակի «կէս արօտավայր», ըստ երեւոյթին վայր, որի կէսն օգտագործւում է որպէս ամառային արօտավայր:
Գիւղի «Մաչախ» անունը «Մաչեղ» ձեւով առաջին անգամ յիշատակւել է 13-րդ դարի Արցախի թագաւոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարի եկեղեցու շինարարութեան վերաբերեալ պատմող մեծ արձանագրութեան մէջ, որը փորագրւել է 1240 թ. տաճարի հիւսիսային պատին:
Ներկայացնելով եկեղեցու կառուցման մանրամասները՝ իշխանաց իշխանը միաժամանակ նշել է, որ ինքը հոգացել է միաբանութեան պէտքերը՝ եկեղեցուն նւիրելով Մաչեղ, Հարջանտուս, Բոլորքոչ գիւղերն իրենց շրջակայքով եւ ուրիշ բազմաթիւ կալւածքներ. «ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ ԱՍՏՒԱԾ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ…»:
Հիմք ընդունելով յիշեալ արձանագրութիւնը՝ կարող ենք վստահաբար պնդել, որ 1240 թւականի դրութեամբ Մաչախ անւամբ գիւղը գոյութիւն է ունեցել: Միաժամանակ կարելի է ասել, որ նշւած տեղում բնակավայր գոյութիւն է ունեցել 1240 թւականից աւելի վաղ:
Բանն այն է, որ այժմեան Դրմբոն գիւղի արեւելեան մասում՝ նախկին Մաչախ գիւղից քիչ վերեւ, գտնւում է մի մատուռ, որի շուրջը կան բազմաթիւ տապանաքարեր, որոնցից մէկը թւագրւած է 1187 թւականով: Սա թոյլ է տալիս պնդել, որ 1240 թւականից էլ շատ առաջ այնտեղ բնակավայր է եղել:
Արցախի 14 երեւելի անձանց վկայութիւնների հիման վրայ 1630 թ. կազմւած Գանձասարի վանքի կալւածագրքում Մաչախ գիւղի վեց մասը նշւած է որպէս եկեղեցուն նւիրւած կալւածք:
Արցախի Խաչէն եւ Ջրաբերդ գաւառների երեւելի անձանց 1848 թ. մայիսի 21-ին տւած գրաւոր վկայութեան համաձայն՝ Մաչախը կամ Դրմբոնը հանդիսացել է Գանձասարի եկեղեցու ձմեռանոց:
Համաձայն Արցախի մետրոպոլիտ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալեանի 1854 թ. յունիսի 15-ի կտակի եւ 1854 թ. օգոստոսի 23-ին կազմւած Արցախի թեմի վանքապատկան կալւածքների ցուցակի՝ Դրմբոն գիւղն, ի շարս բազմաթիւ կալւածքների՝ ներկայիս Մարտակերտի շրջանի Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Վերին Հոռաթաղ, Վաղուհաս եւ Յարութիւնագոմեր գիւղերի հանդիսացել է Հասան-Ջալալեանների տոհմական կալւածքը:
Միաժամանակ Բաղդասար մետրոպոլիտը նշել է, որ ինքը Հասան-Ջալալեանների ունեցած կալւածքների մասին 1853 թ. յունւարի 21-ին յայտնել է Արցախի Կոնսիստորիային, որն էլ իր հերթին նոյն թւականի ապրիլի 3-ին N 247 գրութեամբ յայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսէս Աշտարակեցուն:
Փաստօրէն, ներկայիս Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի եօթ գիւղեր՝ Գառնաքարը, Ծմակահողը, Շահմասուրը, Դրմբոնը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը եւ Յարութիւնագոմերը հանդիսացել են Հասան-Ջալալեանների թագաւորական-իշխանական տան տոհմական սեփականութիւնը:
Համաձայն Արցախի վանքապատկան կալւածքների կառավարիչ Նիկոլայ բէկ Փիրումեանցի 1879 թ. յուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմած վանքապատկան կալւածքների ցուցակի՝ ներկայիս Մարտակերտի շրջանի Վանք գիւղի բնակիչներն իրենց անասունները ձմռանը պահում են գիւղի կալւածքների մէջ մտնող Դրմբոն տեղամասում, ինչի համար հարկ են վճարում Հասան-Ջալալեաններին:
Այսպիսով, համաձայն պատմական սկզբնաղբիւրների ու փաստաթղթերի՝ 1840-ական թւականների սկզբին Վանք գիւղի մի խումբ բնակիչներ Հասան-Ջալալեանների թոյլտւութեամբ, սկզբում ձմռանը, ապա նաեւ տարւայ միւս եղանակներին, իրենց անասունները պահել են ներկայիս Դրմբոն գիւղի եւ նրան մերձակայ տարածքներում, ինչի համար հարկ են վճարել Հասան-Ջալալեաններին:
Տեսնելով, որ ժամանակի ընթացքում մեծանում է Դրմբոնում իրենց անասունները պահել եւ մշտական բնակութիւն հաստատել ցանկացող Վանք գիւղի ռամիկների թիւը՝ Հասան-Ջալալեան տոհմի չորս եղբայրներ՝ Սիրական բէկը, Բաղդասար բէկը, Գրիգոր բէկը եւ Նիկոլայ բէկը, իրենց հետ վերցնելով նշւած գիւղացիների ընտանիքներին, որոնք կազմում էին մի քանի առանձին տոհմեր, Սիրական բէկի գլխաւորութեամբ մօտաւորապէս 1890-ական թւականների սկզբներին վերջնականապէս Վանքից տեղափոխւել են Դրմբոն:
Գիւղի հիմնադիր եւ առաջին տանուտէրն էլ դարձել է Սիրական բէկ Հասան-Ջալալեանը, ով, ի դէպ, ապրել է 120 տարի՝ 1814-1934 թթ.:
Որպէս բնակավայր պատմական սկզբնաղբիւրներում իր յիշատակման օրից մինչեւ 2023 թւականի սեպտեմբեր ամիսը Դրմբոն գիւղում հայերից բացի այլ ազգի որեւէ ներկայացուցիչ չի բնակւել: Այդ մասին վկայում են թէ՛ նախախորհրդային, թէ՛ խորհրդային եւ թէ՛ Արցախի Հանրապետութեան վարչակազմի Արցախում իշխանավարման օրօք անցկացւած բոլոր մարդահամարները:
Սակայն, չնայած Դրմբոն գիւղի հայերի կողմից հիմնադրւած ու հայապատկան լինելու մասին վերոնշեալ անառարկելի փաստերին, Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմաւորման քարոզչամեքենան Ադրբեջանի նաւթային դիկտատոր, օկուպանտ եւ ցեղասպան Իլհամ Ալիեւի հրահանգով գիւղը ներկայացնում է որպէս, այսպէս կոչւած, ադրբեջանական:
Հետեւաբար, պէտք է հնարաւորինս շուտ փոխել Ադրբեջանի կողմից միջազգային իրաւական ակտերի կոպտագոյն խախտմամբ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման հետեւանքով ստեղծւած անօրէն ու անբնական իրավիճակը եւ վերականգնել իրերի նախկին օրինական ու բնական դրութիւնը:
Հրատապ անհրաժեշտութիւն է ձեռնարկել գործուն քայլեր կովկասեան թաթարներից (ադրբեջանցիներից) ազատագրելու ինչպէս Դրմբոն գիւղն, այնպէս էլ բովանդակ Արցախի Հանրապետութիւնը եւ վերադարձնելու իրենց օրինական ու իրական տէրերին:
Արցախահայութեան վերադարձին այլընտրանք չկայ ու չի կարող լինել:
Արցախի բնիկ տէրերը պէտք է վերադառնան Արցախ՝ տիրոջ իրաւունքով եւ կարգավիճակով, որտեղ պէտք է շարունակեն գործել Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնն ու օրէնքները, իսկ Արցախի ժողովրդի կողմից ձեւաւորւած վարչակազմը պէտք է շարունակի կատարել իր պարտականութիւններն ու իրականացնել իր լիազօրութիւնները:



