ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026 թ. առաջին համարը

Իր նոր տարեշրջանը «Դրօշակ»-ը սկսում է հայութեան դիմագրաւած դժւարին մարտահրաւէրներին շիտակ, անկեղծ եւ համարձակօրէն արձագանքելու յանձնառութեամբ։ Ազգային-պետական կեանքի դիմագրաւած եւ սպասւող փորձութիւններին է նւիրւած նոր տարւայ առաջին համարի «Առաջնորդող»-ը։ Անի Մելքոնեանը կատարելով 2025 թւականի ամփոփումը ընթերցողին յիշեցնում է անցնող տարւայ քաղաքական կարեւոր իրադարձութիւնների մասին։

Նկատի ունենալով հարեւան ու բարեկամ Իրանում կատարւող ինչպէս եւ հնարաւոր իրադարձութիւնների ազդեցութիւնը Հայաստանի վրայ «Դրօշակ»-ը շարունակում է ուշիուշով հետեւել այդ զարգացումներին։ Այս անգամ եւս մի քանի յօդւածով պաշտօնաթերթը տարբեր տեսանկիւններից լուսաբանում է այդ անցուդարձը։

«Գաղափարական» խորագրի ներքոյ Արամ Շահնազարեանը անդրադառնում է ՀՅԴ երկու տեսաբաններին զուգահեռ անցկացնելով կոնկրետ հարցերի վերաբերեալ նրանց տեսակէտների միջեւ։ Ա․ Շահնազարեանը գրում է․ ««Վարանդեանի «Համաժողովրդական բանակ» տեսութիւնը եւ Խաժակի «Ազգի ու ազգային գաղափարախօսութեան» ըմբռնումը որպէս հայ քաղաքական մտածողութեան արգասիք միաւորւում են մէկ ամբողջական համակարգի մէջ, որտեղ պաշտպանութիւնը, քաղաքական կամքը եւ ազգային ինքնագիտակցութիւնը դրսեւորւում են որպէս փոխկապակցւած եւ անբաժանելի սկզբունքներ»։ Ժամանակի յայտնի ազգային գաղափարախօսներ Գարեգին Խաժակի եւ Միքայէլ Վարանդեանի տեսական դատողութիւններին անդրադառնալով հեղինակը բացայայտում է, թէ դրանք որքան արդիական են այսօրւայ մեր ազգային եւ պետական կեանքի համար։

Ցեղասպանագէտ Մարի Յովհաննիսեանը անդրադառնում է Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948 թւականի ՄԱԿ-ի ընդունած կոնւենցիային, ներկայացնում է կոնւենցիայի այն իրաւական բացերը, հայեցակարգային թերութիւնները, որոնցից օգտւելով այսօր էլ աշխարհում իրականացւում են ցեղասպանական գործողութիւններ։ Մատնանշելով փաստաթղթի մի շարք հիմնարար բացերը Հեղինակի եզրակացութիւնն այն է, որ հասունացած անհրաժեշտութիւն է կոնւենցիայի վերանայման եւ կատարելագործման հարցը։

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը 2025 թւականին յօդւածաշարով «Դրօշակ»-ի ընթերցողին ներկայացրեց համշենահայութեան ինքնապաշտպանական պայքարը Հայոց Ցեղասպանութեան իրականացման շրջանում։ Բխեցնելով այս թեմայից «Դրօշակ»-ի այս համարում Հ․ Ալւրցեանը ներկայացնում է կազմակերպւած վրէժխնդրութեան այն կառոյցը, որի միջոցով, դեռեւս ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշած «Յատուկ գործից» առաջ, համշենահայ քաջ հայորդիները Համշէնի տարածքում պատժում էին տեղի հայութեան կոտորածների հարցում աչքի ընկած թուրք ոճրագործներին։ Իսկ այս հերոսական ու անհաւանական սխրանքի ոգեշնչողն ու առաջնորդը «Նեմեսիսի» գործողութիւններից յայտնի վրիժառու Միսաք Թոռլաքեանն էր։

Անշուշտ այսքանով չի աւարտւում ՀՅԴ պաշտօնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կը գտնի հետաքրքրող այլ նիւթեր եւս:

«Դրօշակ»-ի 2026 թ. առաջին համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 1 2026 թ.

Related Articles

Back to top button