ԱտրպատականՀամայնք

Խաղաղութեան Իշխանը եւ պատերազմի սիրահարները

Խմբագրական «Արտազ» պաշտօնական ամսագրի

Ամբողջ քրիստոնեայ աշխարհը մեծ յոյսով տօնեց Յիսուսի Ծննդեան Սուրբ տօնը, որպէսզի խաղաղութիւնից զուրկ ներկայ աշխարհը բացառապէս օգտւի Խաղաղութեան Իշխանի ծնունդից, եւ ի վերջոյ տեսնի աշխարհում այն իրավիճակը, որը իրօք կոչւում է խաղաղութիւն…:

Անապատական մեր սուրբ հայրերը, քրիստոնէական շնչով ապրած առաջին դարերում եգիպտական անապատներում, կարողացել են անասունների հետ «բանակցել», աղօթքի պահերին լուռ մնալ ուսուցանելով նրանց: Այս սուրբերի շարքում նշանաւոր է Անտոն Անապատականը, որը յաջողել է «հասկացւել» անապատի անասունների հետ: Մինչդեռ այսօր, եկեղեցում ու քաղաքական բարձրագոյն դիրքեր զբաղեցրած անձերի միջեւ համաձայնութեան որոշում չի՛ կայացել դեռ…: Ուրեմն, անասունների գիտակցութիւնը եւ նրանց աստւածատուր «բանականութիւնը» աւելի հզօր է, քան ներկայ աշխարհում գիւտարարի համբաւ վայելող մարդկանց հպարտալի կարողութիւնը…:

Մեր կեանքը ընդհանրապէս հաւաքական, ընկերական կեանք է, որի անբաժան մէկ մասնիկն է դարձել պատերազմական դրութիւնը…: Կարծէք այլեւս առանց պատերազմի կեանք չկայ…: Ինչքա՜ն յուսահատեցուցիչ արտայայտութիւն է այս, որը ճշմարտութեան հետ է մրցում ամէն րոպէ…: Կեանքի ընթացքին, սակայն, առանձնական կեանքն էլ կարեւոր հանգամանք ունի, եւ անհրաժեշտութիւն է: Դա միայն ճգնազգեաց կեանքով ապրողներին տրւած բացառութիւն չէ: Իւրաքանչիւր մարդ, իր ապրած օրերի ընթացքում պիտի՛ առիթ ստեղծի ինք իր հետ լինելու, առանձնանալու, եւ մանաւանդ մտածելու իր մտքում խմորւող ծրագրերի մասին, թէ՝ դրանք դրակա՞ն են, թէ՞ բացասական…:

Մեր մանկութեան վաղ տարիներին, մեր տան աւագ սերնդի անդամներից մէկը առանձնանում էր, ծունկի գալիս աղօթում, եւ ապա դարձեալ դուրս գալիս այդ անկիւնից, ու բնականոն կեանքին վերադառնում…: Ո՞ւմ հետ խօսեց, ի՞նչ ասաց, կամ ի՞նչ անմիջական մտահոգութիւններ ունէր… իւրաքանչիւր անձ այս հարցերին պատասխանները վստահաբար ունի…:

Կա՞յ մէկը աշխարհում, որ յուսահատութեան փորձառութիւն չունի. վստահաբար ոչ… սակայն իւրաքանչիւր անձ անպայման փորձել է յաղթահարել տւեալ կացութիւնը, եւ վերադառնալ կեանքին:

Այս օրերի աշխարհացունց կացութիւնները, մէկզմէկու տապալման համար աշխատող սնափառութիւնը, ուզում են զինաթափ անել խաղաղութեան Իշխանին, որը մսուրի մէջ պառկած վիճակում հետեւում է ինքնագով մարդկութեան սին հպարտութեան, ու կործանարար երեւոյթներին…:

Սէրերի տեսակները անսահման են: Ասում են, ինչքան մարդ կայ, այնքան եւս սիրոյ տեսակ կայ աշխարհում…: Այո՛, իւրաքանչիւր անհատի ինքնութիւնը ունի իր իւրայատկութիւնը, որի մէջ կան համապատասխան տարբերակներ:

Այսօր աշխարհի ղեկավարութիւնը ստանձնած մարդկանց սէրը միօրինակ է եղել: Բոլորի սիրոյ հասարակ յայտարարի ցածում արձանագրւել է «Պատերազմ»: Այս սիրով է տարւած աշխարհի ղեկավարութիւնը, որի յարաբերութեան ծնունդը՝ մահն է մարդկութեան, առանց սեռերի ու տարիքի տարբերութեան: Ամէն օր «ծնւում» են նորածիններ՝ մահւան ստւերի տակ…:

Եգիպտական անապատում ճգնող սուրբերը նիհարում էին, բայց գետին չէին ընկնում: Այսօրւայ մարդը, սակայն, ընկնում է գետին, թշնամու ոտքի կոխան դառնալով…:

Խաղաղութեան Իշխանը իմանում է տիրել մարդկային հոգուն ու կեանքին, սակայն Նա ուզում է, որ նախ պատերազմի սիրահարները փոխեն իրենց անձը եւ հեռանան կործանարար խոհերից…:

Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 1, յունւարի 2026 թ.)

Related Articles

Back to top button