«ԱԼԻՔ» – Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Լանջախաչ կրելու իրաւունք է շնորհել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանին:
Թեհրանի ազգային առաջնորդարանի Հանրութեան հետ կապի գրասենեակից տեղեկանում ենք, որ երէկ՝փետրւարի 2-ին Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կիրակնօրեայ Ս. Պատարագի ընթացքում, որի պատարագիչն էր Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, Լանջախաչ կրելու յատուկ օրհնութեան գիրը ընթերցել է Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, որից յետոյ Ս. Պատարագի ընթացքում քարոզել է Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը: Ապա ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչները Ազգային առաջնորդարանի դահլիճում իրենց շնորհաւորանքներն են փոխանցել Հայր Սուրբին:
Քանի որ Լանջախաչի յանձնումը վերապահւած է թեմակալ առաջնորդին,ուստի Սրբազան Հօր բնակարանում եւ Սրբազանի ձեռամբ Լանջախաչը շնորհւել է Հայր Սուրբին:
Արարողութիւններին ներկայ են եղել «ԱԼԻՔ» հաստատութիւնից Գառօ Յովհաննիսեանը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
Լանջախաչը շնորհելուց յետոյ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր օրհնութեան խօսքն է փոխանցել: