Կիրակի՝ մայիսի 26-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, մատուցւեց Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի աւարտին Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 106-ամեակի առթիւ հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ 1918 թւականի Մայիսեան գոյամարտի քաջարի հերոսների, նահատակների եւ զոհւածների հոգիների խաղաղութեան համար:
Օրւայ պատարագիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ «Շուշանիկ» հոգեւոր երգչախումբը՝ ղեկավարութեամբ Անուշ Յովհաննիսեանի:
Ընթացքում քարոզախօսութեամբ հանդէս եկաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը: Նա անդրադառնալով Քրիստոսի մերժման իրադարձութեանը՝ Նազարէթի ժողովրդի կողմից՝ բացատրեց, թէ ինչպէս նա մերժւեց նոյն այն քաղաքում, որտեղ հասակ էր առել եւ անց էր կացրել իր մանկութեան ու պատանեկութեան տարիները: Սրբազան Հայրն ընդգծելով, որ մինչեւ օրս նոյնպէս ժողովրդի մի հատւածի կողմից նման վերաբերմունքի են արժանանում նւիրեալ ղեկավարները, յատկապէս յիշատակեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտողների եւ ղեկավարների, իսկ այսօրւայ պայմաններում զոյգ Վեհափառ Հայրապետների նկատմամբ որոշ անձանց վերաբերմունքը եւ աւելացրեց, թէ պէտք է նման մարդկանց հետ վերաբերւենք Քրիստոսի ցուցաբերած համբերութեամբ ու իմաստութեամբ եւ աղօթենք առ Աստւած, որ լուսաւորի հակառակորդների մտքերն ու սրտերը, որպէսզի աշխարհասփիւռ հայ ազգը դառնայ մէկ միասնութիւն:
Աւարտին Տ. Սիփան արք. Քէչէճեանն իր, թեմի եկեղեցական դասի, ժողովականութեան եւ ժողովրդի անունից, որդիաբար շնորհաւորանքի խօսք ուղղեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին՝ իր անւանակոչութեան տօնի առթիւ:
Պատարագին յաջորդեց հոգեհանգստեան պաշտօնը՝ Մայիսեան հերոսամարտը կերտողների եւ այդ գոյամարտի ընթացքում նահատակւած եւ զոհւած հայորդիների հոգիների խաղաղութեան համար: Աղօթքում յիշւեցին նաեւ ուղղաթիռի վթարի պատճառով նահատակւած Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէյիսին եւ նրան ընկերակցող անձնակազմը:
Թղթակից (Նոր Ջուղա)