ԹեհրանՀամայնք

Թեհրանի բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանք Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան նւիրւած

Կիրակի, մայիսի 26-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, Հանրապետական Մաղթանքի կատարումով եւ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին զոհւած հերոսների հոգիների հոգեհանգստեան կարգով, յիշատակւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 106-ամեակը:

Ս. Պատարագի ընթացքում ընթերցւեց Հանրապետական մաղթանքը, տեղի ունեցաւ դրօշի օրհնութեան արարողութիւն, որը մէկտեղւեց «Մեր Հայրենիք» օրհներգի կատարմամբ:

Ս. Սարգիս եկեղեցում, Թեհրան հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրւայ առիթով պատգամը ընթերցեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը:

Սրբազան Հօր պատգամը՝

Մայիս 28 է կրկին։

Հայ ժողովրդի գոյապայքարի, հայրենիքի ազատագրական, հայու լինելիութեան պայքարի ու յաղթանակի տօնակատարութեան օրը։

Տօն, որ ամէն մի հայի անձնական թէ համայնական կեանքում իր ուրոյն տեղն ու դերը ունի։ Դեր, որի պանծացման եւ յիշատակի համար այս սուրբ եկեղեցու կամարների ներքեւ կատարւեց Հանրապետական մաղթանք Հայոց Աշխարհի եւ հայ ժողովրդի ամբողջականութեան համար եւ աղօթք բարձրացւեց առ Աստւած, քանի որ աղօթքը հոգեկան կամուրջ է եւ հոգեկան վերջին այն ուժն է, որ մեզ միմեանց է կապում եւ միեւնոյն ժամանակ մեզ բոլորիս զօրացնում  եւ խաղաղութիւն է շնորհում: Հետեւաբար եթէ մենք այսօր աղօթեցինք մեր երկրի զօրքի եւ զօրականների մտքի եւ հոգու պայծառացման, մեր ժողովրդի փրկութեան եւ մեր նահատակների հոգիների խաղաղութեան համար, այդ նշանակում է, որ մենք հոգեպէս իրենց հետ հաղորդւեցինք եւ նրանց յիշատակով առաւել եւս զօրացանք եւ գօտեպնդւեցինք: Այսօր Հայաստան աշխարհը կարիք ունի մեր աղօթքներին, կարիք ունի մեր զօրակցութեանը, կարիք ունի մեզ իր կողքին ունենալուն, որպէսզի կարողանայ ամէն ձեւով գոյատեւել։ Հայրենիքը մարդուն տրւած մեծագոյն շնորհն ու պարգեւն է: Հայրենիքը մարդու ինքնուրոյնութեան գրաւականն է: Իսկ այսօր դժբախտաբար հայ ժողովուրդը տառապում է հայրենիքի ցաւով ու վշտով եւ հայրենիքի այսօրւայ կացութեամբ, քանի որ հայոց աշխարհի ամբողջականութիւնը վտանգւած է եւ Արցախը, որ հայ ժողովրդի գոյութեան ու հայրենիքի ամրապնդման հիմնական առանցքն է այսօր դժբախտ վիճակի մէջ է: Հետեւաբար մենք այս օրերին որեւէ մէկ ժամանակից աւելի կոչւած ենք, որպէս սփիւռքի մէջ ապրող հայորդիներ՝ միասիրտ, միակամ ու միախորհուրդ իրար ձեռք տալու եւ գործելու ի խնդիր մեր հայրենիքի ամբողջականութիւնը պահպանելու եւ տէր կանգնելու մեր հայրենիքին:

Տէր կանգնել նշանակում է պահել ու պահպանել այն բոլոր սրբութիւնները եւ բոլոր այն ճշմարտութիւնները, որոնք մեզ են հասել եւ որոնցով մենք ապրում ենք ու գործում: Դիւրին չէ տէր կանգնել այն հայրենիքին, որի սահմանները անպաշտպան բաց են թշնամու առաջ: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեր հայրենիքը ինչ էլ լինի, ինչ տառապանքների եւ դժւարութիւնների միջից էլ անցնի՝ մեզ համար հայրենիք է, մեզ համար նւիրական վայր է եւ մեզ համար սրբութիւն սրբոց է, քանի որ նրա հողի իւրաքանչիւր թիզը մեր ժողովրդի զաւակների արիւնով է նւիրագործւած, հետեւաբար մենք կոչւած ենք, որպէս հայորդիներ եւ որպէս պաշտպաններն այսօրւայ մեր հայրենիքի դէմ կանգնել թշնամուն եւ պահել ու պահպանել այն ի գին ամէն զոհողութեան:

Պօղոս Առաքեալը իմաստուն կերպով թելադրութիւններ է անում հաւատացեալներին, որպէսզի նրանք քաջալերւած Սուրբ Հոգու զօրութեամբ եւ իրնեց տրւած ազատութեան խորհրդով, գործեն եւ ապրեն այս աշխարհի վրայ, որովհետեւ ազատութիւնը երկնատուր պարգեւ է մարդկութեան տրւած: Աստւած Ինքը մեզ ազատ է ստեղծել, որպէսզի ազատօրէն փառաբանենք Նրան եւ ազատօրէն մեր կեանքը ապրենք Իր փառքի համար:

Նա իր խօսքը շարունակելով լայնօրէն անդրադառնալով ազատութեան գաղափարին, ասաց. «Ազատութիւնը մարդկային կեանքի ամենից թանկ իրականութիւնն է եւ այդ իրականութեամբ ժողովուրդը, մարդ արարածը՝ ինքը գործում, ապրում եւ ստեղծագործում է: Մեր հայրերը իրենց ողջ պատմութեան ընթացքին միշտ  գործել, ապրել ու պայքարել են յանուն ազատութեան եւ ազատութեան տենչով: Մեր ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքին իր իշխանութեամբ, իր թագաւորութեամբ, նախարարներով, ժողովրդով,եկեղեցով, ազատանիով եւ բոլորով հանդերձ միշտ պայքարի դրօշը վեր բարձրացրած քայլել է իր ճանապարհը: Ինչո՞ւ,- որովհետեւ ազատութիւնը մարդու ինքնուրոյնութիւնը բնորոշող իրականութիւն է: Երկիրը երբ ազատ է կարող է իր ինքնուրոյնութեամբ ինքն իրեն կերտել եւ առաւել եւս յաջողութեան հասցնել: Մենք այսօր մայիս 28-ի հայոց անկախութեան պետականութեան առիթով հոգեհանգստեան արարողութիւն պիտի կատարենք, բոլոր այն նահատակների համար, որոնք կերտեցին Մայիս 28-ը: Մի պահ երեւակայեցէք 106 տարիներ առաջ այս պահերին Աարարատեան դաշտը լեցուն էր այն արի ու քաջ ու անձնազոհ ազատամարտիկներով, Արարատեան աշխարհի ամէն տեղերից հաւաքւած, որովհետեւ հաւատացած էին, որ Աստծուց իրենց տրւած ազատութիւնը ոչ ոք իրաւունք չունի իրենցից խլելու: Նրանք այդ հաւատքով կերտեցին Մայիս 28-ը, կերտեցին մեր պատմութեան նորագոյն ամէնից լուսաւոր եւ պայծառ դէպքը՝ դրւագը, ու մեզ հասցրին այս օրւան: Այսօր ողջ հայութիւնը աշխարհով մէկ իր եկեղեցիներում՝ բեմերի վրայ, իր կեանքի զանազան բնագաւառներում ոգեկոչում է Հայաստանի անկախութեան տարեդարձը եւ դրանով ուզում է նոր սերնդին կտակ թողնել, որ ազատութիւնը մեր ժողովուրդը գնեց իր արեամբ եւ ոչ ոք այդ ազատութիւնը իրաւունք չունի մեզանից խլելու: Մենք պարտաւոր ենք մեր նոր սերնդին փոխանցել Արամ Մանուկեանների եւ Սեպուհների կտակը, որպէսզի նրանք իմանալով, ճանաչելով եւ սովորելով, կարողանան նախ հայրենասէրներ լինեն եւ ապա տէրը լինեն մեր պատմութեան»:

Աղօթենք առ Աստւած, որ Տէրը անսասան պահի Հայաստան Աշխարհը, անվտանգ պահի հայ ժողովրդին իր հայրենի երկրակամարի ներքեւ եւ հեռու վանի ոխերիմ թշնամիներին, որոնք մռնչող առիւծների նման առիթի են սպասում հայրենի հողը տիրանալու: Աստւած օրհնի հայ ժողովրդին ու հայոց բանակին, որը այսօր թէեւ տկար, սակայն պիտի զօրանայ ի խնդիր հայրենի հողի պաշտպանման: Ամէն»:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Հայրիկ Աղանեանը, Հայկազ Շիրւանեանը եւ Մհեր Օհանեանը, «Ալիք» հաստատութիւնից՝ Ալեքս Կարապետեանը,  ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան խորհրդական Լիլիթ Սարգսեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ հայրենակիցներ:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button