ԹեհրանՀամայնք

Հայ մշակութային «Սարդարապատ» միութիւնը 40-ամեակին ընդառաջ

2023 թւականի տարեմուտի առաջին ամսից արդէն միութեանս վարչութիւնը իր նիստերում գլխաւորեց եւ կարեւոր օրակարգ դարձրեց միութեան հիմնադրումը եւ զուգադիպելով այս տարւայ թւականին միութիւնը այդպիսով, որպէս յոբելեար բոլորում  էր 40-ամեայ իր գործունէութիւնը: Վարչութեան օրակարգերից ամենաառաջնահերթ որոշումը կայացւեց՝ դա հանդիպումն էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդին, որպէսզի թէ՛ յոբելեանի գործադրման համար նրան տեղեկացնենք, եւ թէ՛ Սրբազան Հօր օրհնութիւնը ստանանք: Ըստ որոշման՝ վարչութիւնը հանդիպեց թեմի հոգեւոր  առաջնորդին եւ փոխանցեց 40-ամեայ յոբելեանի առիթով նախատեսւած ծրագրերի փաթեթը: Վարչութիւնը տեղեկացրեց, որ արդէն աշխատանքները համադրել է, միութենականներին յանձնախմբերի բաժանելով կատարում է եւ որոշ աշխատանքներ արդէն գործադրել է, դրանցից  առաջինը՝ միութեան հանգուցեալ ընկերների հոգեհանգստեան արարողութիւնն է:

Հ.Մ.Ա.Կ.-ի 54-րդ խաղերին մասնակցութիւնը՝ սկսեալ ջահավառութեան պահից, որի արարողութեան հովանաւորութիւնը ստացւել էր Սրբազան Հօր կողմից, որպէսզի ջահը վառւէր Սրբոց Վարդանանց եկեղեցում եւ հէնց Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, բայց ցաւօք ինչպէս ականատես եղաք արարողութիւնը մեզ անյայտ պատճառով տեղի ունեցաւ Սուրբ Մինաս եկեղեցում եւ Սրբազան Հօր ձեռամբ:

Նախատեսւած ծրագրերի կարեւորագոյն կէտերից է նաեւ քաղաքամասի եկեղեցու բակում տեղադրել յուշակոթող նւիրւած 1915 թ․Ապրիլեան Մեծ Եղեռնից մինչ այսօր հայ անմահ նահատակների յիշատակին:

Կազմակերպել «Ողջոյն Հեշմաթիէ-2» ուրախ ժամանց ծրագիրը, ունենալ մշակութային գեղարւեստական ծրագրեր, հայոց միջնակարգ դպրոցների հետ կազմակերպել գեղագրութեան մրցութիւն եւ նոյեմբերին մեծ շուքով նշել միութեան յոբելեանը: Սրբազան Հայրը ունկնդրելով բոլոր ծրագրերի դասակարգումը, գնահատեց վարչութեան մտայղացումը եւ իր բարձր հովանաւորութիւնը յայտնեց  բոլոր ծրագրերին:

Միութիւնը իր ծրագրերին ընդառաջ, ուրբաթ, սեպտեմբերի 1-ին, «Սարդարապատ» քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդի սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում կատարեց հոգեհանգստեան արարողութիւն նւիրւած նահատակների, հանգուցեալ միութենականների եւ միութեան համակիրների յիշատակին: Արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչը, քաղաքամասի պատգամաւորներ եւ մարմինների ներկայացուցիչներ, նահատակներ Նորիկ Բաբախանեանի, Զօրիկ Մուրադեանի եւ հանգուցեալների ընտանիքներ: Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ յիշեալ միութեան հիմնադիրներին, որոնք իրենց ներդրումն են բերել համայնքի կեանքում եւ անդրադարձաւ  նաեւ Արցախի ներկայիս շրջափակւած ճգնաժամային իրավիճակին: Հոգեհանգստեան արարողութեանը ընթերցւեց մեզանից առյաւէտ հեռացած ընկերների անունները՝

Էդմոնդ Բալայեան (հիմնադիր-նահատակ), Զօրիկ Մուրադեան (նահատակ քաղաքամասից), Նորիկ Բաբախանեան (նահատակ քաղաքամասից), Թորգոմ Յովսէփեան (հիմնադիր), Վազգէն Իսկանդարեան (հիմնադիր), Էդիկ Ալլահվերդեան (միութենական), Հրաչ Սարուխանեան (միութենական), Ժորա Գրիգորեան (միութենական), Սւետլանա Այւազեան (միութենական), Մասիս Փանոսեան (միութենական), Քարմէն Յովհաննիսեան (միութենական), Հայկ Մուսախանեան (միութենական), դոկտ. Կարօ Աւագեան (միութենական), Յովիկ Օրուջեան (միութենական), Յովսէփ Օրուջեան (միութենական),  Ստեփան Բազիկեան (միութենական):

Արարողութեան աւարտին յանձնախմբի կողմից եկեղեցու սրահում կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն հանգուցեալ ընկերների ընտանիքների, միութենականների եւ հիւրերի համար:

Ծրագրին բացման խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ  Մուշեղ Ծատուրեանը: Նա նախ անդրադարձաւ հանգուցեալ ընկերների անվերապահ եւ սիրայօժար կատարած աշխատանքներին՝ սկսած միութեան հիմնադրման օրւանից մինչ այսօր: Միութեան նախագահը բարձր գնահատեց նահատակների ընտանիքներին, որոնք ներկայ էին եւ միշտ լինում են միութեան կողքին, ապա անդրադարձաւ միութեան 40-ամեայ յոբելեանին եւ գործունէութեանը, խօսեց նաեւ վարչութեան առաջիկայ  ծրագրերի մասին:

  Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը: Նա  բարձր գնահատեց միութեան յարկի տակ աշխատանք տանող բոլոր միութենականների անձնւէր գործունէութիւնը:

Շարունակելով ծրագրւած աշխատանքները հարկ է համարւում նշել, որ միութեան մարզական խմբերից մարզիկներ եւ մարզիչներ են մասնակցել Հայաստանի  8-րդ Համահայկական խաղերին եւ թւականիս սեպտեմբերի 7-ին յաւուր պատշաճի մարզիկները իրենց մասնակցութիւնը ունեցան  նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի 54-րդ Համահայկական խաղերի տողանցքին իրենց հետ բարձր ու վեհ տանելով միութեան դրօշը եւ 40-ամեակը խորհրդանշող  պաստառ-որմնազդը: Վարչութիւնը միշտ աչալուրջ մասնակցել եւ անդրադարձել է համայնքի բոլոր ծրագրերին, այցելել միութենական տարեց ընկերներին եւ նրանց տեղեկացրել կատարւող աշխատանքներին:

Նախապէս շնորհաւորելով Հայ մշակութային «Սարդարապատ» միութեան վարչութեանը եւ միութենականներին 40-ամեայ յոբելեանի առիթով մաղթում ենք նրանց յաջողութիւններ առաջիկայում նախատեսւած բոլոր աշխատանքներում:

Վարձքներդ ի կատար՝
Հայ մշակութային «Սարդարապատ» միութեան Հանրային կապ

Related Articles

Back to top button