
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ` թւականիս սեպտեմբերի 29-ին միութեան կենտրոնատեղի՝ «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Էդւարդ Քեշիշեանի կողմից հայերէնի թարգմանւած եւ իր հեղինակած գրքերի ներկայացում-շնորհանդէսը եւ միութեան նորակազմ երգչախմբի անդրանիկ ելոյթը:
Ծրագրի մեկնարկին միութեան անունից Լիլիթ Բարսեղեանը իր ողջոյնի խօսքի ընթացքում անդրադարձաւ թարգմանիչ Էդւարդ Քեշիշեանի կենսագրական տւեալներին եւ նշեց. «Էդւարդ Քեշիշեանը մեծ սէր ունենալով ազգային-հասարակական ու մշակութային աշխատանքներին, 1981 թւականին անդամակցել է Զէյթուն քաղաքամասի նորահիմն Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքին եւ սկսել է աշխատանք տանել թատերական բնագաւառում, որպէս դերասան, ապա բեմադրիչ: Նա մասնակցել է հանգուցեալ Միշա Հայրապետեանի թատերական դասընթացներին ձեռք բերելով բաւականին փորձառութիւն»: Հաղորդավարը ընդգծեց ,որ Էդւարդ Քեշիշեանը թատերական դերեր է ստանձնել Զաւէն Ղարախանեանի, Միշա Հայրապետեանի եւ Սէթ Բէգիջանեանի բեմադրած ներկայացումներում, իսկ որպէս բեմադրիչ հանդէս է եկել «Նայիրի» միութեան թատերախմբով ներկայացնելով «Երկու տէրով մի ծառայ» եւ «Հիւանդ համար 199»-ը կատակերգութիւնները, նաեւ Զէյթուն քաղաքամասի Հայոց ազգային դպրոցների ամառային աշխատանքների շարքում բեմադրել է մի քանի ներկայացումներ: Միութեան թատերախմբով նրա ներկայացրած բեմադրութիւնները ներկայացւել են նաեւ Նոր Ջուղայում եւ Արաքում: Էդւարդ Քեշիշեանը չի խնայել իր կարելի ազգային-հասարակական աշխատանքներում: Գրականութեան նկատմամբ ունեցած սէրը նրան մղել է թարգմանչական աշխատանքների: Մինչ այժմ թարգմանել է իրանցի մեծ բանաստեղծներ՝ Սաադիի «Գոլեստան»-ը եւ Օմար Խայամի քառեակները եւ իր գրչին է պատկանում «شیطان و رهگذر» բանաստեղծութիւնների գիրքը:
Միջոցառմանը Լորետա Ղեւոնդեանի եւ Էդւարդ Քեշիշեանի միջոցով հայերէնով եւ պարսկերէնով ներկայացւում էին «Գոլեստան»-ից եւ Օմար Խայամի քառեակները գրքերից հատւածներ: Նաեւ Էդւարդ Քեղիշեանը ընթերցեց իր հեղինակած «شیطان و رهگذر» գրքից հատւածներ:
Գրքերի ներկայացման աւարտին հեղինակը նշելով ,որ իր աշխատանքի նպատակն է հայ ընթերցողներին ծանօթացնել պարսից գրականութեան հետ, իր երախտագիտութիւնը յայտնեց՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միւթեան վարչութեանը եւ Արւեստից բաժանմունքին, նաեւ իր հետ համագործակցած բոլոր անձանց՝ գրքերի ձեւաւորող եւ կազմող Լորետա Ղեւոնդեանին, գրքի կազմող Արթին Խողավերդեանին, «Նայիրի» հրատարակչութեան տնօրէն Արտոյտ Զոհրաբեանին, գրաշարներ՝ Շաքէ Փիչիկեանին եւ Անիթա Արզումանեանին:
Գրքերի ներկայացումից յետոյ ընթերցւեց յղւած ուղերձները:
Ապա բեմ բարձրացաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակազմ երգչախումբը ղեկավարութեամբ Ժիլբերտ Կարապետեանի , ներկայացնելով ազգային-ժողովրդական երեք երգեր:
Ծրագրին ներկայ էին Ազգային մարմինների,միութիւնների ու դպրոցների ներկայացուցիչներ,քահանայ հայրեր, բանաստեղծներ եւ գրականութեամբ հետաքրքրւողներ:
Աւարտին ամբիոնի մօտ հրաւիրւեց միութեան կենտրոնական վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը: Իր դրւատանքի խօսքերի ընդմիջից նա գնահատեց թարգմանիչ Էդւարդ Քեշիշեանին, ով լինելով արհեստաւոր, միշտ հետաքրքրւել է գրականութեամբ եւ չի խնայել իր կարելին ազգային-հասարակական աշխատանքներում: Նա նշեց, որ թարգմանիչը լաւապէս ծանօթ լինելով իրանցի պոէտների գործերին կարողացել է լաւապէս թարգամնել նրանց գործերը: Սերոժ Օհանեանը ապա իր գնահատանքը յայտնեց միութեան նորակազմ երգչախմբին եւ ղեկավար Ժիլբերտ Կարապետեանին իր անդրանիկ ներկայացման համար:
Վերջում կազմակերպւել էր հիւրընկալութիւն:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ