ԹեհրանԻրանՀամայնքՄարզական

Հայ կարատէիստների, նորամուտ սեւ գօտու, եւ բացօթեայ պարապմունքների մասին

Կարատէ՝ «Ղասր բանտի» ազատւած տարածքում

ՀԱՏԻՍ

 

«Ղասր» քրէակատարողական հիմնարկը*) (Զէնդանէ Ղասր) Ղաջար թագաւորների ձեռամբ կառուցւած վերջին պալատներից մէկն էր, որը կառուցւել է Ֆաթհ​​Ալի շահի գահակալութեան սկզբում: Բանտի անունը նոյնպէս ծագում է հէնց այդ պալատի անունից:

Բանտն այժմ փոխել է գործառոյթն ու վերածւել թանգարանային զբօսայգու: Այն գտնւում է «Սայադ Շիրազի» մայրուղու վրայ, «Փոլիս» պողոտային կից: Տարածքն արդէն բաց է հանրութեան համար՝ որպէս մշակութային, պատմական եւ արւեստի ​​կենտրոն:

Բանտի նախկին բացօթեայ տարածքի արեւմտեան հատւածում դէպի երկինք նայող թւով չորս հաստաբուն գերաններ կան, որոնք առաջին հայեացքից էկսպերսիոնիստական ստեղծագործութիւն են յիշեցնում, սակայն երբ խորանում ես, գլխի ես ընկնում, որ Շահի օրօք, դրանք բանտում օգտագործւել են մահապարտին գնդակահարելու համար: 

Զբօսայգու նոյն այս հատւածում այժմ միայն կեանքն ու կենսական ուժ պարգեւող էներգիան է խօսում՝ կարատէի պարապմունքների շնորհիւ:

Թանգարանների ցերեկային եռուզեռի աւարտին, երբ Արեւն է մայր մտնում, զբօսայգին շարունակում է իր մէջ ընդունել մարզական տարբեր խմբերի, այդ թւում Թեհրանի Կիոկոշին կարատէի ֆեդերացիայի կազմակերպած մարզումներին մասնակցողների՝ 100-ից աւելի մարդու:

Տարիքային տարբեր խմբերին պատկանող կարատէիստները շաբաթը երկու անգամ հաւաքւում են եւ Թեհրանի կարատէի ֆեդերացիայի փոխանախագահ քայչօ (այդպէս են կոչում մարզչին) Ջալիլիանի շուրջ եւ մարզումներ են անցկացնում պաշտօնական ձեւաչափով:

Պարապողների շարքերում քիչ չեն նաեւ հայերը, ում հետ հանդիպելը թերթիս լրագրողի այնտեղ յայտնւելու հիմնական պատճառն էր:

Ալֆրէդ Միրզախանեանն արդէն 11 տարի զբաղւում է Կիոկոշին-Կարատէով: Նա վերջին 4 տարին որպէս մարզիչ մարզել է միւս կարատէաներին: Ունի մրցավարի վկայական։ Շուտով արժանանլու է 4-րդ դանի կոչումի: Ալֆրէդը մինչեւ կիոկոշինի անցնելը շուրջ հինգ տարի մարզւել է Թէքւան-դօ, ապա քոնգ-ֆու, եւ վերջում Վուշու մարզաձեւերում: Այժմ նա Ջալիլիան ակադեմիայի հիմնական մարզիչներից մէկն է:

Պարապմունքներին մասնակցող թեհրանահայերը

Նարինէ Ղարիբեան (մասնագիտութեամբ ուսուցչուհի)

Նելլի Եղիայեան (դպրոցական աշակերտ)

Աննամարիա Եղիայեան (դպրոցական աշակերտ)

Էւանժելի Միրզախանեան (դպրոցական աշակերտ)

Մարիաննա Աբրահամեան (փաստավաւերագրական լուսանկարիչ-ռեժիսոր)

Արեգ Երւանդ Վարդանեան (դպրոցական աշակերտ)

Նարինէ Ղարիբեանը եւ Նելլի Եղիայեանը (երկուսն էլ կանաչ գօտի) վերջերս մասնակցել են մարզիչների վերապատրաստման դասընթացի եւ որակաւորւել մարզիչի վկայագրով:

Աննամարիա Եղիայեանը կրում է շականակագոյն գօտի, սակայն այս ուրբաթ նա միւս կարատէկաների հետ միասին սեւ գօտիի համար կը մասնակցի որակաւորման քննութեանը:

Նելլին եւ Աննամարիան մինչեւ կորոնայի հետ կապւած սահամանփակութիւնների շրջանը, եղել են շութուգան-կարատէիստ, սակայն, երբ համավարակի բերումով դադարում են մարզումները, փոխում են մարզաոճը եւ միանում կիոկոշին-կարատէի ակադեմիային: Նրանք քոյրեր են եւ երկուսն էլ բազմաթիւ գոյնզգոյն մեդալների եւ գնահատագրերի են արժանացել Իրանի տարբեր մրցոյթներում:

Մարզումներին մասնակցող միւս երկու հայերը Արեգ Երւանդ Վարդանեանն է (դպրոցական աշակերտ) եւ իր մայրը՝ Մարիաննա Աբրահամեանն են: Մարիաննա Աբրահամեանը փաստավաւերագրական ֆիլմերի ռեժիսոր է եւ այժմ զբաղւում է լուսանկարչութեամբ:

«ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում խմբի ընդհանուր մարզիչ (քայչօ)

Ֆարհադ Ջալիլիանը նշեց, որ այս տարի լրանում է բացօթեայ մարզումների 18-րդ տարին: Այս ընթացքում աւելի քան 200 սեւ գօտի է միացել Իրանի կարատէի ընտանիքին նոյն այս ակադեմիայի մարզումների ծրագրի արդիւնքում:

Նա յաւելեց, որ իրանահայերի նկատմամբ ջերմ վերաբերմունքը նկատելի է մասնակից մարզիկների մօտ եւ յորդորեց հայ հայրենակիցներին մասնակցել նման նախագծերին, քանի որ նրա խօսքով չկայ աւելի մեծ հաճոյք, քան համաերկրացիների ու համաքաղաքացիների միջեւ ընկերական ու ջերմ կապերից բացի: «Կարատէն կարող է ամուր եւ վստահելի կամուրջը լինել համերաշխութեան ու միմեանց նկատմամբ յարգանքի դրսեւորման համար»,- նշեց քայչօ Ջալիլիանը:

Պրն. Ջալիլիանը տեղեկացրեց, որ ուրբաթ՝ հոկտեմբերի 3-ին, խումբն իր անտառային արշաւն է անցկացնելու բնութեան գրկում, որի ընթացքում կարատէկաները մասնակցելու են համապատասխան որակաւորման քննութեանը՝ գօտիների բարձրացման համար: Քննութեան արդիւնքում սպասւում է Ալֆրէդ Միրզախանեանի 3-րդ դանից՝ 4-րդի բարձրացում, իսկ Աննամարիային՝ սեւ գօտի:

Պարապմունքներին մասնակցելու համար ձեզ պէտք կը լինի համապատասխան տարազ եւ երաշխաւորող վստահելի անձնաւորութիւն, քանի որ քայչոյի խօսքով մասնակիցների թւի պատճառով տարածքը ծայրից ծայր զբաղեցւած է եւ նոր անդամ ընդունելը պայմանաւորւած կը լինի յատուկ միջոցառումներով: «Չնայած մարդիկ գալիս ու կողքից մեզ հետ պարապում են»,- նշում է նա յիշեցնելու համար, որ որեւէ արգելք չի կարող խանգարել կարատէ սիրողներին պարապելու նման առողջ միջավայրում: 

Պարապմունքների աւարտին, որին ներկայ էր թերթիս լրագրողը, Կիոկոշին կարատէի Ֆեդերացիայի Թեհրանի մասնաճիւղը, անակնկալ մատուցելով, Կարատէի տարածման աշխատանքներին մասնակցելու համար «ԱԼԻՔ»-ին նւիրեց համապատասխան յուշատախտակը եւ գնահատագիրը, որից յետոյ խմբի հայ կարատէկաները ներկաներին հիւրասիրեցին սուրճով ու տանը պատրաստած թխւածքով:

——————–

*) «Ղասր»-ի ճարտարապետը ռուսական ծագում ունեցող ականաւոր ճարտարապետ Նիկոլա Մարկովն էր: Նա նաեւ Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու ճարտարապետն է:

Related Articles

Back to top button